Հայաստանի Հանրապետության Սահմանադրության «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:
Իրավաբան Սյուզաննա Անդրեասյանը հաստատում է, որ յուրաքանչյուր երեխա արժանապատիվ և բռնություններից զերծ ապրելու իրավունք ունի, անկախ ռասայի, ազգային ծագման, սոցիալական պատկանելիության և այլ հատկանշներից: Սակայն աշխարհում յուրաքանչյուր տարի միլիոնավոր երեխաներ ենթարկվում են տարատեսակ բռնությունների: Նրանք ենթարկվում են ֆիզիկական, հոգեբանական, անտեսման և սեռական բռնության: Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման խորհուրդը 1989թ.ին տվեց հետևյալ սահմանումը. «Երեխաների հանդեպ բռնությունը նշանակում է երեխայի առողջության, կյանքի, զարգացման, ինքնության իրական կամ պոտենցիալ վտանգմանը հասցնող ֆիզիկական և կամ էմոցիոնալ դաժանության, սեռական բնույթի գործողություններ կամ անտեսման արարքներ»։
Երեխայի բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվում է, երբ՝
1. Ենթարկվում է ֆիզիկական բռնության՝ բռնի գործողություններ, ծեծ, դիտավորությամբ առողջությանը վնասի պատճառում, ազատությունից ապօրինի զրկում, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավի պատճառում:
2. Առկա են սեռական բնույթի հանցագործություններ:
3. Երեխային ուժեղ հոգեբանական տառապանք պատճառելը, այնպիսի գործողություններ կատարելը, որոնք երեխայի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի այլ անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին:
4. Ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցության անհրաժեշտ նվազագույն պայմաններ՝ սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն, կրթություն դիտավորությամբ չբավարարելը, եթե վերոհիշյալ անձիք տիրապետում են պատշաճ տեղեկատվության և հնարավորությունների, և եթե համապատասխան ծառայությունները նրանց համար հասանելի են:
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են`
1) նախազգուշացումը
2) անհետաձգելի միջամտության որոշումը
3) պաշտպանական որոշումը:
Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանությունը հայտնաբերել է առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ առերևույթ չի պարունակում, և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: Եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս անձ է, ապա պաշտպանական որոշման համար դատարան կարող են դիմել նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը և խնամակալության ու հոգաբարձության մարմինը:
Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:Իրավաբան Անդրեասյանի խոսքով վերոհիշյալ բռնությունների որոշ տեսակների դեպքում, բռնություն կատարող անձիք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ ծնողների դեպքում նաև ծնողական իրավունքների զրկում այն դեպքում, երբ՝
1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց
2) չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում
3) առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից
4) մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից
5) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա
6) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ
7) տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով
8) դաժանաբար են վարվում երեխայի հետ:
Ըստ հոգեբան Նաիրա Կարապետյանի՝ երեխան, ով ենթարկվում է բռնության, ունի որոշակիորեն իր հասակակիցներից տարբերվող վարք։ Օրինակ՝ երբ երեխան ենթարկվում է ֆիզիկական բռնության (ծեծել, թունավորել, այրել և այլն), նա կարող է դառնալ կաշկանդված կամ ընդհակառակը՝ ագրեսիվ, ընկճված՝ զգալով, որ ինքը անցանկալի է ու չսիրված։ Նրա մոտ կարող են դրսևորվել տրամադրության կտրուկ փոփոխություններ, սովորության կամ վարքային խանգարումներ (եղունգներ կրծելը, ֆոբիաները և այլն)։ Դպրոցահասակ երեխաները կարող են խուսափել տուն գնալուց՝ նախընտրելով մնալ դպրոցում կամ մեկ ուրիշի տանը։
Շատ երկրներում ընդունված է ֆիզիկական պատիժը կիրառել, որպես դաստիարակելու, պատժելու միջոց։ Ծնողները կիրառում են ֆիզիկական պատիժ՝ չգիտակցելով, որ այն սերտ կապ ունի ֆիզիկական բռնության հետ։ Երեխայի մարմնի վրա չպատճառաբանված արյունազեղումները, քերծվածքները, կոտրվածքները, կապտուկները, այրվածքի հետքերը, եղանակին չհամապատասխան՝ փակ հագուստ կրելը, կարող են վկայել նրան ֆիզիկական բռնության ենթարկելու մասին։
Հոգեբանական բռնությունը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան ֆիզիկականը։ Կարևոր է նաև իմանալը, որ բռնություն զգացած երեխան, հետագայում այն կարող է կիրառել իր երեխաների վրա։
Իրավաբան Սյուզաննան ուսումնասիրելով հանցանք կատարող անձանց՝ սերիական մարդասպաններից մինչև ամենատարբեր բնույթի հանցագործների մանկությունը, եկել է այն եզրակացության, որ դաժան սպանություն կատարող անձանց մեծամասնությունը ունեցել է ծանր մանկություն: Մասնավորապես, սերիական մարդասպաններից մեկն ով, իր զոհերին սպանում էր բացառապես այրելու միջոցով, պատմել է , որ մանկահասակ տարիքում մայրը մոմը պահել է նրա ձեռքերի տակ և ձեռքը ետ քաշելու դեպքում սպառնացել է է ենթարկել դաժան ծեծի՝ պատճառաբանելով, որ իսկական տղամարդը լաց չի լինում: Այս օրինակը ծանր մանկության անդառնալի և անջնջելի հետևանքն է, որն իրական սպառնալիք է նաև հասարակության այլ անդամների համար: Երեխաների արժանապատիվ մանկությունը ապահովելով՝ ծնողները դաստիարակում են հասարակության օրինակելի անհատներ:
ՀՀ-յում իրականացվում են, կազմվում են բազմապիսի ծրագրեր՝ կանխելու երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունը։ Օրինակ՝ «Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներից։ Այն ուղղված է երեխաների ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպմանը։(https://www.e-draft.am/projects/2706/justification )
Նշենք նաև, որ նոյեմբերի 19-ը, երեխաների հանդեպ բռնության կանխարգելման համաշխարհային օրն է։
Աննա Գրիգորյան
4-րդ կուրս