Հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության...

Հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում. Բայդենի ուղերձը

585

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի իր ուղերձում շեշտել է, որ Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում և պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը: 1915-ի ապրիլի 24-ից սկսած՝ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալություններով մեկնարկ տրվեց բնաջնջման արշավի, որի ընթացքում 1.5 մլն հայեր տեղահանվեցին, ենթարկվեցին կոտորածի կամ ուղարկվեցին մահվան: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի տեղի ունեցած սարսափները երբեք չկորչեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ ՝ իր բոլոր ձևերով։

Փրկվածներից շատերը, որ ստիպված էին նոր տուն գտնել և նոր կյանք կառուցել, ցրվեցին աշխարհով մեկ, այդ թվում ՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անհաշիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը նրանց նախնիներից շատերին բերեց դեպի մեր ափեր: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի տեղի ունեցածը երբեք չկրկնվի: Եվ եկեք հետևենք ապաքինմանը և հաշտեցմանը աշխարհի բոլոր մարդկանց համար:

Այսօր, երբ սգում ենք մեր կորուստները, պետք է հայացք ուղղենք դեպի ապագա, դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից զերծ մի աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքը շարունակել արժանապատվորեն և անվտանգ: Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում։

Ամերիկյան ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր նահատակվել են 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանության ժամանակ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել