Արագ սննդի հետևանքները

Արագ սննդի հետևանքները

1441

Ազգային հարուստ խոհանոցով մշտապես հպարտացող հայերիս համար արագ սնունդ հասկացությունը, թվում էր, պետք է խորթ ու անընդունելի լիներ: Սակայն դա միայն թվում էր առաջին հայացքից: Այսօր արդեն բոլորիս համար էլ սովորական են դարձել փողոցում պատրաստվող ու վաճառվող շաուրմաների տեսականին, ամեն քայլափոխի հանդիպող արագ սննդի կետերը:

Արագ  սննդի վնասակարության մասին հնչում են բազմաթիվ իրարամերժ կարծիքներ։ Սննդաբան Ժասմենա Չախալյանը կարծում է, որ արագ սննդի պարբերաբար օգտագործումը կարող է տանել մի շարք հիվանդությունների ձեռքբերման:

«Արագ սննդի վերաբերյալ կարծիքս միանշանակ բացասական է, և այստեղ առաջնային գործոնը այդ վերաբերմունքի համար նախ և առաջ հանդիսանում է ոչ թե այդ սնունդի բարձր կալորիականությունը, այլ հնարավոր վնասները, որոնք կարող են հասցնել օրգանիզմին: Երբ մենք 80-90 տոկոսով սնվում ենք առողջ, բալանսավորված և  երբեմն մեզ թույլ ենք տալիս արագ վերամշակված սնունդ, բնականաբար լուրջ վնասները մինիմալի են հասցված, բայց փորձը ցույց է տալիս ՝ կան մարդիկ, որ ամեն օր, «ժամանակ չունենալու» պատճառով գնում են նման սնունդ և ամեն օր օգտագործում, դրանց գումարում ենք քաղցրեղենը,  գազավորված ըմպելիքները և արդյունքում ժամանակի ընթացքում կախվածությունը ավելի խորանում է, որը տանում է գիրության և մի շարք այլ հիվանդությունների»,- ասում է Ժասմենա Չախալյանը:

Որքան որ արագ սնունդը մատչելի և հարմարավետ միջոց է, այնքան էլ լի է վնասակար ազդեցություններով, ինչպիսին է՝ ճարպակալումը:

«Երբ մարդիկ կարդում են, որ անառողջ սնունդը վնասակար է, նախ և առաջ մտածում են, որ վնասակար է արտաքին տեսքի համար, որը կարող  է առաջացնել ճարպակալում և դսռնալ  գիրության պատճառ:  Այս հանգամանքը պայմանավորված է արագ սննդի բարձր կալորիականությամբ, մի բուրգերը, կամ մի ափսե հավի թևիկները կարող են հեշտությամբ լցնել օրվա կալորիաների նորման: Շատերը միայն բուրգերով չեն սահմանափակվում և ուտում են ֆրի, սոուսներ և դրան գումարած խմում են  գազավորված ըմպելիք, որը էլ ավելի է վնասում մարդու օրգանիզմը»,- նշեց սննդաբանը::

Շատերը ամեն օր օգտվում են արագ սննդի կետերից՝ նույնիսկ չմտածելով, որ այն իր հետևից մի շարք խնդիրներ է բերում։ 

«Արագ սնունդը կարող է ունենալ կարճատև և երկարատև հետևանք օրգանիզմի վրա: Երկարատև հետևանքը կարող է լինել այնպիսի հիվանդությունների առաջացում, ինչպես, օրինակ,  դեպրեսիա, մարսողական խնդիրներ, սրտի հետ կապված խնդիրներ, 2-րդ կարգի դիաբետ, քաղցկեղ և վաղաժամ ծերացում:  Սա պայմանավորված է վերամշակված սննդում  ավելացված շաքարով (ի դեպ շաքարը համարվում է anti-age մթերք, խթնում է վաղաժամ ծերացումը) նատրիումի բարձր մակարդակով, որը կբերի բարձր ճնշման, այսպիսով ճնման տակ կճնշի սիրտը, օրգանիզմում կպահի ավելորդ հեղուկ, տրանս ճարպերով, որոնք կազդեն խոլեստերինի մակարդակի վրա»,- իր խոսքում նշեց Ժասմենա Չախալյանը:

Օգտվողների մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդները՝ ուսանողներն ու դպրոցականները: Նախ, քանի որ դրանք հարմար են նրանց գրպանին և երկրորդ՝ գտնվում են ուսումնական կենտրոնների հարևանությամբ: Սակայն լինում են դեպքեր, որ արագ սնունդը հետևանքներ է թողնում երիտասարդների՝ հատկապես ուսանողների առողջության վրա։ 

«Ամիսներ առաջ ընկերներով հավաքվել էինք ու որոշեցինք համալսարանին մոտ որևէ սննդի կետից ուտելիք պատվիրել։ Ընկերներիցս մեկը առաջարկեց «Համեղ պատառ» արագ սննդի կետից հոթ-դոգեր գնենք։ Երկու նրբերշիկանոց հոթ-դոգ բերեցին ինձ համար։ Համեղ էր թվում։ Սակայն անցավ մի քանի ժամ և սուր ցավեր ունեցա ստամոքսիս շրջանում։ Իրականում պատճառը հենց այդ հոթ-դոգն էր»,-պատմում է ուսանողուհի Մոնիկան։

Չնայած թունավորմանը, Մոնիկան ասում է, որ գրեթե միշտ է օգտվում արագ սննդի կետերից:

«Կարելի է օգտվել, բայց ոչ փողոցային սննդից։ Պետք է օգտվել այնպիսի սննդի կետերից, ինչպիսիք են, օրինակ, KFC-ները, որոնք աչքի են ընկնում իրենց մաքրությամբ ու սպասարկմամբ: Կարծում եմ, որ  «Fast food»-ը ընդունելի է միայն չչարաշահելու եւ երեկոյան նորմալ ընթրիք ուտելու դեպքում»,-նշեց Մոնիկան

Մերի Միքայելյան

4-րդ կուրս

Կիսվել