Հոգեբան Անուշ Կարապետյանը Journalist.am-ի հետ զրույցում խոսել է սոցցանցերում կիրառվող մանիպուլյացիայի և դրա ազդեցությունից պաշտպանվելու միջոցների մասին։
-Կխնդրեինք մի փոքր պատմել ձեր մասնագիտական ուղու մասին։
-Ես կլինիկական հոգեբան եմ, պրակտիկ գործունեություն եմ ծավալում մոտ 4-5 տարի:
–Հասարակության վրա հոգեբանական ազդեցության ինչպիսի՞ ձևեր կան։
-Հասարակության վրա մեծ ազդեցություն ունի մեդիա դաշտը, գրականությունը, որոնք քարոզչական ու մանիպուլյացիոն հնարքներ են կիրառում:
-Ի՞նչ է մանիպուլյացիյան ու ինչպե՞ս կարող է արտահայտվել։
-«Մանիպուլյացիա» բառը տարբեր իմաստային կիրառում ունի: Հոգեբանության մեջ այն կիրառվում է որպես մարդկանց կառավարելու, նրանց վրա հմտորեն ներգործելու ակտ: Այն արտահայտվում է խոսքի միջոցով, պաստառների, տեքստի, հոլովակների, ֆիլմերի, ժեստերի և այլն:
–Ո՞ր տարիքային խմբերն են ավելի խոցելի մանիպուլյացիայի, հոգեբանական ազդեցության տակ ընկնելու տեսանկյունից։
– Դեռահասներն առավել խոցելի են, քանի որ գտնվում են ամենահուզական, դյուրագռգիռ, ճգնաժամային փուլում:
-ԶԼՄ-ների կողմից կիրառվող մանիպուլյացիան ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա։
– Այն ազդեցությունը, որը հետապնդում է ԶԼՄ-ն։
-Քաղաքական գործիչների կողմից կիրառվող մանիպուլյացիան ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հասարակական կարծիքի, քաղաքական հայացքների վրա։
-Հիմնային: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ձգտում է ամենատարբեր մեթոդներով հավատացնել քաղաքացուն իր տեսակետը, մնում է հուսալ, որ նրա նպատակները ազնիվ են և միտված են՝ ի բարօրության քաղաքացու:
-Դուք՝ որպես հոգեբան, հաճախ եք նկատու՞մ սոցցանցերում, լրատվական կայքերում կամ քաղաքական գործիչների էջերում կիրառվող մանիպուլյացիոն հնարքները, եթե՝ այո, ապա կոնկրետ ո՞ր կայքերում։
-Այո, շատ հաճախ, և դա բնական է ու անխուսափելի, դրա համար էլ մշակվել է հատուկ ուղղություն` քաղաքական հոգեբանություն, որպեսզի քաղաքական գործիչները տիրապետեն այդ հնարքներին ու կիրառեն: Դա անում են բոլորը, մեկի մոտ ավելի հաջող է ստացվում, մյուսի մոտ պակաս, բայց բոլորին է դա հատուկ:
-Մանիպուլյացիոն մեթոդներից որո՞նք են շատ օգտագործվում ու որո՞նք ունեն ամենամեծ ազդեցությունը։
-Ամենաշատը կիառվում է վախի մեթոդը, հետո հաճույքի, հաճոյախոսության, մշտապես կրկնության և այլն:
-Դուք՝ որպես հասարակության անդամ, անհատ ինչպե՞ս եք վերաբերվում սոցցանցերում կիրառվող մանիպուլյացիային։
-Համարում եմ, որ դա բնական է ու անխուսափելի:
-Տեսաբանների կողմից կա կարծիք, որ մարդն ինչքան կրթված է լինում, այնքան քիչ է հավանական, որ նա կենթարկվի մանիպուլյացիայի, ինչքանո՞վ է իրատեսական այս կարծիքը ու ինչքանո՞վ կրթությունը կարող է մարդուն պաշտպանել մանիպուլյացիայից։
-Մարդը կայուն է դառնում մանիպուլյացիաների նկատմամբ, եթե զարգացած է նրա իմացական ոլորտը, կրթությունը դրան նպաստող գործոններից մեկն է, մեկ այլ գործոն է մշակութը, որում նա ձևավորվում է:
-Բացի կրթությունը, մանիպուլյացիայից պաշտպանվելու ի՞նչ մեթոդներ կառաջարկեք։
-Մշտապես զարգանալն ու կատարելագործվելը, դրան նպաստում է ստեղծարար գործունեությամբ զբաղվելը, արարելը մարդուն վեհացնում և աճ է տալիս:
-Մեդիակրթությունը Հայաստանում զարգացնելու դեպքում ինչքանո՞վ կքչանա մանիպուլյացիայի կիրառման ծավալները։
-Չի քչանա, կմշակվեն այլ մանիպուլյացիոն տեխնիկաներ:
-Ձեր կարծիքով հասարակությունը ինչքանո՞վ է գիտակցում ու ինչքանո՞վ է լուրջ վերաբերվում այն հանգամանքին, որ ամեն օր տարբեր կողմերից կարող է ենթարկվել մանիպուլյացիայի։
-Կարծում եմ՝ հասարակությունը գիտի, որ մշտապես ամեն կողմից ենթարկվում է մանիպուլյացիայի, պարզապես հենց այդ պահին ենթարվելիս դա չի գիտակցում:
-Իսկ ինչպե՞ս կարող ենք հասարակության գիտակցությունը էլ ավելի բարձրացնել մանիպուլյացիայից պաշտպանվելու առումով։
-Ազգային մակարդակով մշակութային աճ ապահովել, իսկ անձի մակարդակով յուրաքանչյուրը ձգտի անձնային աճի և ստեղծագործական ինքնադրսևորման, դա կնպաստի իմացական ոլորտի զարգացմանը, ինչնել, ինչպես արդեն նշեցի, դիմադրողականություն կստեղծի մանիպուլյացիաների նկատմամբ:
Աննա Գրիգորյան
4-րդ կուրս