«Ցանկացա մարդկանց ժպիտովս լուրջ բաներ ասել»,-ասում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Էդիտա Ավոյանը:
Մանկուց տածած սերը դեպի թատրոն Էդիտային հասկացրեց, որ պետք է ընտրի կենդանի բեմը. «Հայրս իր ազատ ժամանակը տրամադրում էր ինձ: Միասին ֆիլմեր էինք դիտում։ Ֆիլմեր՝ Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ: Հետաքրքեց իր անձը և իր խոսքերը՝ մարդկանց, կյանքի, թատրոնի վերաբերյալ։ Տպավորիչ էր այս խոսքերը. «Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»: Իմանալով, որ թատրոնում էլ է խաղում էլ ավելի սիրեցի թատրոնը»,-պատմում է աղջիկը:
Թատրոնում Էդիտան վերափոխվում է Էդիսոնի: Այդպես է անվանել իր ուսուցիչը՝ Արմեն Քուշկյանը. «Ուսուցիչս ասաց, որ Էդիտան շատ հասարակ անուն է ինձ համար և անվանեց Էդիսոն»։
Ըստ նրա՝ թատրոնում պետք է բոլորը ունենան դրական և հիշվող կերպար, որին կմոտենան էլ ավելի մեծ պատասխանատվությամբ։ Ամենատպավորիչ ներկայացումը եղել է «Մոխրոտը», որտեղ նա խաղացել է արքայազնի դայակի դերը: Ներկայացումը Մոխրոտի կյանքն էր ամուսնությունից հետո: Էդիտայի համար իր դերը ունեցածներից ամենապատասխանատուն ու հիշարժանն էր, քանի որ ներկայացումը մանկատան երեխաների համար էր բեմադրված:
Նա նշեց, որ ցանկացած կերպար մեծ սիրով է կերտում և կցանկանար ուսուցչի՝ Արմեն Քուշկյանի հետ նույն ներկայացման մեջ խաղաղալ:
Թատրոնից դուրս աղջիկն ազատ ժամանակ զբաղվում է նկարչությամբ, նաև գրում է: «Դպրոցական տարիներին նկարչության մրցույթների եմ մասնակցել, անգամ հաղթել եմ։ Նկարներիցս մի քանիսն էլ ուղարկել են արտերկիր»,-նշեց նա:
Նա նաև որոշել է հոգեբանություն ուսումնասիրել: Ցանկանում է աշխատել նաև, որպես հոգեբան, քանի որ ըստ նրա այդ մասնագիտության շնորհիվ կկարողանա բացահայտել և օգնել մարդկանց։
Էդիտան նշեց, որ երբեք չի թողնի թատրոնը: Նրա համար հաճելի է, երբ իր կատարած աշխատանքը մարդկանց սրտին է հասնում։ Վերջում հավելեց, որ ավելի լավ է խաղալ դատարկ աթոռների առաջ, քան դատարկ դեմքերի:
Անժելա Ոսկանյան
4-րդ կուրս