–Մի փոքր կպատմե՞ք ձեր մասնագիտական ուղու մասին։
-Ես բժիշկ-ստոմատոլոգ Օֆելյա ժիրայրի Խաչերյանն եմ: Մասնագիտական ուղիս սկսվեց 2013թ.-ին, երբ ընդունվեցի ԵՊԲՀ-ի քոլեջի ատամնատեխնիկական բաժինը։ Քոլեջի տարիներին շատ հետաքրքրված էի մասնագիտական առարկաներով: Հիմնականում աշխատում էի ավելի շատ ուշադրություն դարձնել գործնական աշխատանքներին։ 2016թ.-ին, ընդունվելով ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը, հասկացա, որ իրոք ընտրել եմ այն մասնագիտությունը, որից հաճույք եմ ստանում։
–Ինչու՞ և ինչպե՞ս ընտրեցիք հենց ատամնաբույժի մասնագիտությունը։
-Նախ բավական մեծ ֆակտր է այն, որ մեծացել եմ բժիշկների ընտանիքում։ Պապիկս՝ վիրաբույժ Գևորգ Խաչերյանը, վաղաժամ հեռանալով կյանքից և թողնելով ահռելի բժշկական գրադարան, ունեցել է մեծ ցանկություն այն փոխանցելու թոռներից մեկին։ Բայց, քանի որ մայրիկիս մասնագիտությունը ինձ ավելի հոգեհարազատ էր, ընտրեցի այս ուղղին՝ չհեռանալով բժշկությունից։
–Կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ արդի ստոմատոլոգիայում ցավային զգացում բացառապես չի կարող լինել պացիենտի մոտ։
-Միանշանակ կարող եմ ասել, որ ստոմատոլոգիան բժշկության այն ուղիներից մեկն է, որ ամեն օր ինչ որ նորույթի հետ կարող ես ծանոթանալ, և միանշանակ ամեն բան կատարվում է` հաշվի առնելով պացենտի հարմարավետությունը։ Չեմ կարող բացառել, որ ցավային զգացում պացենտի մոտ ցանկացած միջամտության դեպքում չի կարող լինել, քանի որ նույնիսկ հեռացման ժամանակ, երբ կատարված է իդեալական անեսթեզիա, պացենտի մոտ լինում է տհաճ զգացողություն, որը որոշ դեպքերում իր կողմից նկարագրվում է որպես ցավ։
-Սովորաբար մարդիկ ատամները խոզանակում են օրը 2 անգամ։ Դա կարո՞ղ է դառնալ առողջ ատամնաշար ունենալու երաշխիք։
-Առողջ և գեղեցիկ ատամնաշար ունենալու իրավունք ունի յուրաքանչյուր մարդ։ Իմ խորհուրդն է միշտ իմ պացենտներին քնելուց առաջ ատամները խոզանակով լվանալուց զատ օգտագործեն նաև ատամնաթել կամ իրիգատոր՝ միջատամնային տարածությունը մաքրելու համար։
–Ի՞նչը կարող է դառնալ լնդային արյունահոսության պատճառ։
-Կան մի քանի գործոններ, որոնք կարող են մեծացնել պարոդոնտալ հիվանդություն ունենալու վտանգը։ Լնդերի հիվանդությունների հիմնական պատճառը ատամնափառն է՝ բակտերիալ շերտը, որը պարբերաբար գոյանում է ատամների վրա։ Լնդերի հիվանդություններ առաջացնող այլ պատճառներ էլ կան։ Դրանցից են բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենան, բուժման այնպիսի ձևեր, որոնք թուլացնում են իմունային համակարգը, վիրուսային հիվանդությունները, սթրեսը, շաքարախտը, խմիչքի չարաշահումը, ծխախոտը և հղիության հետ կապված հորմոնալ փոփոխությունները։
–Բերանի խոռոչի հետ կապված ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում։
-Հիմնականում դիմում են ցավի դեպքում, երբ արդեն ատամի ներվը ախտահարված է լինում, անհրաժեշտ է լինում կատարել էնդոդոնտիկ բուժում։
-Շատերի մոտ տարածված կարծիք կա, որ ատամների սպիտակեցումը վատ ազդեցություն է ունենում ատամների որակի վրա, դուք ի՞նչ կասեք սրա մասին։
-Ատամների սպիտակեցման պրոցեդուրան ունի մի քանի հակացուցում ՝ պարոդոնտի հիվանդություններ, բազմակի կարիես, մանկական և դեռահաս տարիք, որոշ ուռուցքային հիվանդություններ և ատամների բարձր զգայունություն (հիպերստեզիա) ,մնացած այլ դեպքում գրագետ կատարված ատամների սպիտակեցումը չի վնասում ատամը։
–Հղիության ընթացքում կարե՞լի է բուժել ատամները։
-Նախ նշեմ, որ բուժման համար ցանկալի ժամանակահատված է հղիության երկրորդ եռամսյակը, երբ փոքրիկի բոլոր օրգանները ձևավորված են։ Կարող եք կատարել ռենտգեն հետազոտություն և իրականացնել անզգայացնող միջոցառումներ։
Բայց հիշեք հղի կնոջը չի կարելի.
1)Բուժել ատամները ՝ օգտագործելով մկնդեղ և դրա անալոգներ, մածուկներ ՝ որոնց պարունակության մեջ կա մկնդեղ:
2)Խստիվ արգելվում է անզգայացման համար օգտագործել ադրենալինով կամ դրա ածանցյալներով անեսթետիկներ։
3)Չի կարելի դիմանալ ցավին, ցավի դեպքում անմիջապես դիմեք բժշկի քանի որ ցավը օրգանիզմի համար սթրես է։
4)Չի կարելի ատամնաշարի սպիտակեցման պրոցեդուրա կատարել։
Կնոջ օրգանիզմում հղիությունը ուղեկցվում է կալցիումի կորստով, որը անհրաժեշտ է պտղին: Այդ պատճառով հղի կնոջ սննդակարգը պետք է կազմված լինի կալցիումով և վիտամիններով հարուստ մթերքներով։ Միայն ատամնաբույժի մշտական հսկողությունը կօգնի մայրիկին խուսափել ատամների և ընդհանրապես բերանի խոռոչի վրա ազդող շատ խնդիրներից և կնվազեցնի սթրեսային իրավիճակների վտանգը, որոնք բացասաբար են ազդում պտղի զարգացման վրա:
–Կա՞ն այնպիսի մթերքներ, որոնք պետք է բացառենք մեր սննդակարգից, եթե ուզում ենք ունենալ առողջ ատամներ։
-Հիմնականում դրանց շարքին են պատկանում թարմ քամած հյութերը, որոնք պարունակում են մրգային թթուներ, որոնք քայքայում են ատամի էմալը, գազավորված ըմպելիքները, կարամելը, չիրը և այլն։
–Ո՞րն եք համարում ձեր ամենամեծ ձեռքբերումը։
-Ամենամեծ ձեռքբերումս ցանկացած պարագայում ընտանիքս է, իսկ մասնագիտական ոլորտում ամեն օր ունենում եմ ձեռքբերումներ՝ ունենալով գոհունակ հաճախորդներ։
-Վերջում ի՞նչ կասեք մեր հասարակությանը, մի քանի խորհուրդ ձեզնից՝ առողջ ատամներ ունենալու համար։
-1)Մաքրել ատամները օրական առնվազն երկու անգամ՝ նախաճաշից հետո և քնելուց առաջ։
2)Ամեն օր օգտագործել ատամնաթել։
3)Վեց ամիսը մեկ ստոմատոլոգի մոտ զննում անցնել: 4)Ձեր ատամների առողջությունը Ձեր ձեռքերում է:
Աննա Գրիգորյան
4-րդ կուրս