Միշտ ակտուալ՝ գեղեցիկ լուսանկար

Միշտ ակտուալ՝ գեղեցիկ լուսանկար

1240

Սոցցանցերում ի՞նչն է առաջինը գրավում մեր ուշադրությունը։ Միանշանակ, կարող ենք ասել լուսանկարը՝ լինի դա սովորական սելֆի, գովազդային գունեղ նկար, ինչ որ մեկի հատուկ ֆոտոսեսիայից կադրեր, թե հաճույքի համար արված սիրողական լուսանկար։ Սակայն եկեք խոստովանենք, որ հետաքրքիր լուծումներով ու ոչ ստանդարտ լուսանկարն այլ կերպ է գնահատվում՝ այն շոյում է մեր աչքը, գեղագիտական հաճույք է պատճառում և ինչ որ տեղ նաև ոմանց ստիպում է նախանձել։ Որոշ մարդիկ ցանկանում են հայտնվել այդպիսի գեղեցիկ ֆոտոյի հերոսի տեղում, մյուսներն էլ՝ կարողանալ նման յուրօրինակ աշխատանք ստանալ։

Գեղեցիկ լուսանկարներ անելու համար կարելի է միացնել սեփական երևակայությունը՝ օգտագործել ձեռքի տակ եղած հնարավորությունները, մարդկանց, լուսանկարել, մշակել, նորից փորձել, սովորել համացանցից, ուսումնասիրել այլոց ստեղծածները։ Նոր մտքեր ու տարբերակներ կարելի է գտնել, օրինակ, Pinterest ինտերնետ- ծառայությունից։ Այն ֆոտոհոսթինգ է, որտեղ կարող եք գտնել ցանկացած թեմատիկայի և ոճի նկարներ։ Այստեղ հնարավոր է վերբեռնել նաև ձեր կողմից արված պատկերները և կիսվել սեփական գաղափարներով։

Յուրօրինակ լուսանկար ստանալու համար կարելի է ստանդարտ կանոնները ձևափոխել կամ եղած ոճերին նոր շունչ տալ։ Մյուսներից առանձնանալու կարևոր պայմանը, միևնույնն է, մնում է անհատական մտածողությունն ու կադրը տեսնելու  դիտանկյունը։ Այստեղ կարևոր է կերտել սեփական ձեռագիրը։ Ահա մի քանի գաղափարներ, թե ինչպես կարելի է տարբերվել՝

  • Տեղաշարժել տեսախցիկը՝ օգտագործել շարժվող առարկայի պատկերման հորիզոնական մեթոդը։ Կարելի է շրջանաձև պտտել խցիկը կամ օրինակ թեթև ցնցել այն և ստանալ որոշակիորեն ցրված պատկեր։
  • Խաղարկել կադրի ֆոկուսը՝ ստանալ մշուշոտ և ոչ պարզ, այլ ստվերային լուսանկար։
  • Նկարել գետնի հարթությունից։ Այս դեպքում մարդիկ կստացվեն ավելի բարձրահասակ, իսկ առարկաներն՝ ավելի խոշոր։
  • Օդային լուսանկարչությունը կօգնի լուսանկարել վերևից՝ ինչպես բարձրում գտնվող օբյեկտներ, այնպես էլ սյուժեներ, որոնք ավելի ընդգրկուն ու ամբողջապես տեսանելի կլինեն։
  • Ինֆրակարմիր լուսանկարչությամբ հնարավոր է ստանալ սև երկինք, սպիտակ ծառեր, մութ աչքեր և այլ հրաշալի լուծումներ։

Լուսանկարել կարելի է ցանկացած ձևով, քանի որ կոնկրետ օրենքներ չկան։ Նույնիսկ հնարավոր է ինքնուրույն սովորել տեսախցիկի հնարավորություններն ու սեփական փորձով հասնել հաջողության։

Ռուս լուսանկարիչ և բլոգեր Մաշա Միշմարին, սոցցանցային իր էջերում ներկայացնում է գեղեցիկ ու էսթետիկ լուսանկարներ անելու ողջ ընթացքը։ 835 հազար հետևորդ ունեցող ինստագրամի իր էջում նա կիսվում է հետաքրքիր լուսանկարների ստացման տարատեսակ մտքերով՝  կադրի կոմպոզիցիոն ձևավորումից, հագուստի ու աքսեսուարների պատրաստումից մինչև տեսախցիկի անհրաժեշտ կարգավորումներ ու հետագա մշակում։ Մաշան է իր ֆոտոնախագծերից մեծ մասի մոդելը՝ հերոսուհին։ Այս աշխատանքը պահանջում է ունենալ նաև այլ մասնագիտական հնարավորություններ՝ լինել դիզայներ, ոճաբան կամ դերձակ։ Դե իսկ  համբերատար ու կրեատիվ լինելու մասին հարկ չկա նշելու։

Բլոգերը ոչ միայն լուսանկարում է, այլ նաև ստեղծում է ֆոտոիլյուստրացիաներ, մշակում խմբագրական գործիքներ, կազմակերպում փորձի փոխանակման ինչպես բլոգային, այնպես էլ վեբինարային դասեր։ Ինստագրամյան իր էջի «Story» բաժնում էլ ամեն օր կարելի է գտնել կարճ վիդեոդասեր այն մասին, թե ինչպես կարելի է արագ, բայց գրավիչ ֆոտոպատմություն ստեղծել մեկօրյա հրապարակման համար։ 

Հարցազրույցում Մաշան պատմել է թեմատիկ բլոգ վարելու, զարմացնող և ուսուցանող բովանդակություն ստեղծելու հնարքների մասին։

Ինչի՞ մասին է ձեր բլոգը։

-Ես վարում եմ արվեստի, լուսանկարչության և տեսանյութերի մասին բլոգ: Ցույց եմ տալիս, թե ինչպես է հնարավոր սովորական վայրերում անսովոր լուսանկարներ ստանալ և օգնում եմ այն մարդկանց, ովքեր չեն զբաղվում պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ, մի փոքր ստեղծագործականություն մտցնել իրենց կյանքի մեջ: Իմ բլոգի հիմնական ուղերձն այն է, որ ստեղծագործությունը սահմաններ չունի, մենք բոլորս արդեն իսկ տաղանդավոր ենք, և  պետք է ինքներս մեզ կամք հաղորդենք  արարել սկսելու համար: Ես որոշեցի բլոգ ստեղծել, երբ ինքս ստեղծագործական ճգնաժամի մեջ էի, և հանկարծ հասկացա, որ ունեմ լավ աշխատանք և որ իմ կյանքում ամեն ինչ կարգին է, բայց, միևնույն ժամանակ, ինչ-որ բան ինձ պակասում է: Բլոգի գործարկումը մի տեսակ ստեղծագործական արտահայտություն էր, որը աստիճանաբար վերածվեց մեծ նախագծի: Այն ոչ միայն ինձ օգնեց ուշքի գալ և սկսել ստեղծագործել, այլ նաև օրինակ եղավ հազարավոր այլ մարդկանց համար, ինչը ինձ շատ է ուրախացնում:

Որտեղի՞ց սկսել:

-Կարծում եմ, որ ամենակարևորն այն է, թե ինչից է բռնկվում ձեր սիրտը, քանի որ եթե ընտրված թեման անձամբ ձեզ համար հետաքրքիր չէ, ապա դժվար թե այն հետաքրքիր լինի ուրիշներին, և դուք չեք կարողանա վարակել այլոց ձեր հոբբիով: Հետեւաբար, առաջին հերթին պետք է ինքներդ ձեզ հասկանաք: Բլոգումս լուսանկարչության մասին է, քանի որ ինքս սիրում եմ լուսանկարել և ժամեր անցկացնել դրանց մշակման վրա: Բայց եթե ինձ ասեին բլոգ վարել ինչ-որ այլ թեմայի շուրջ, ապա փաստ չէ, որ դա նույնպես ադքան լավ կստացվեր: Ավելի լավ է ընտրել այն, ինչը ձեզ իսկապես դուր է գալիս և փոքր քայլեր ձեռնարկել՝ սկսել սեփական լուսանկարները վերբեռնել բլոգում, միևնույն ժամանակ բարելավել ձեր որակավորումը ընտրված ոլորտում և դիտել ուսումնական տեսանյութեր՝ բլոգը խթանելու համար:

Ո՞րն է հաջողված լուսանկարի գաղտնիքը:

– Ես կառանձնացնեմ երեք բաղադրիչ՝

  • Առաջին հերթին լուսանկարը պետք է փոխանցի հույզ և զգացողություն: Դա պարտադիր չէ, որ կատարվածի խիստ ամրագրումը լինի, բայց լուսանկարից պետք է հորդեն տեղի ունեցածի իրական հույզերը, որոնք կգրավեն դիտողին:
  •  Երկրորդ բաղադրիչը լուսանկարի ասելիքն է՝ այն մեսսիջը, որը ցանկանում է փոխանցել: Այսօր կան շատ դատարկ լուսանկարներ, որոնք պարզապես ցույց են տալիս․ «Ես գեղեցիկ եմ այս ծովի ֆոնին կանգնած»։ Դրանք ոչ մի իմաստ չեն պարունակում։ Հաջող լուսանկարը պարունակում է ավելի խորը պատմություն և սյուժե:
  • Երրորդ բաղադրիչը լուսանկարչությունը որպես արվեստ և ստեղծագործություն ընկալելն է, քանի որ եթե նույնիսկ ինտուիտիվ կերպով ճիշտ եք նկարում, ապա իմանալով կոմպոզիցիայի հիմնական տեխնիկան և լույսի հետ աշխատելու հիմունքները, ձեր լուսանկարները շատ ավելի լավը կդառնան:

-Ինչպե՞ս ճիշտ խմբագրել լուսանկարը, ի՞նչ ծրագրեր են օգտագործվում մշակման համար:

-Իմ բոլոր ժամանակների սիրված լուսանկարչական ծրագիրը Lightroom- ն է ՝ Adobe- ի համանուն հայտնի ծրագրի բջջային տարբերակն է: Իմ բլոգում ես շատ ակտիվ խորհուրդ եմ տալիս այս հավելվածի օգտագործումը, քանի որ դրա անվճար տարբերակը գերազանց աշխատանք է կատարում գույների ճշգրտման և սև-սպիտակ գծագրության վրա: Լուսանկարը խմբագրելու մեկ ճիշտ եղանակ չկա՝ ամեն ինչ կախված է լուսանկարչի ճաշակից, նախասիրություններից. մեկը սիրում է ավելի պայծառ լուսանկարներ, մյուսը `ավելի թեթև, երրորդը` առավել հագեցած: Ամեն ինչ կախված է ձեր տեսլականից: Բոլորի համար դա տարբեր է և չպետք է ձեր տեսողությունը հարմարեցնեք այլ մարդկանց կարծիքներին: Այսօր լուսանկարների մշակման պատրաստի շատ տարբերակներ կան, որոնք սահմանում են որոշակի հստակ պարամետրեր՝ գույն, լույս, պատկերի կառուցվածքը: Լուսանկարների մշակման վրա ծախսված ժամանակը խնայելու համար ցանկացած լուսանկարիչ կարող է ձեռք բերել իր նպատակներին համապատասխան պատրաստի նախադրված լուծումներ։

Ինչպե՞ս են ծնվում գաղափարները:

-Գաղափարները լավ դիտարկման արդյունք են: Ժամանակակից իրողություններում չի կարելի հիմնովին նոր բան մտածել, որովհետև ամեն ինչ արդեն վաղուց է հորինված: Բայց նույնիսկ ամենալավ գաղափարները կարող են «մարսվել», անցնել մեր միջով և, այդպիսով, դառնալ եզակի և անսովոր մի բան: Հետևաբար, շատ կարևոր է, թե ինչով ենք կերակրում մեր ուղեղը և աշխարհայացքը՝ ում ենք դիտում, ինչ ենք կարդում և լսում: Այս ամենը հսկայական ազդեցություն կունենա այն գաղափարի վրա, որը մենք ինքներս ենք գեներացնում:

Ի՞նչ կարդալ և դիտել, ում հետևել սոցիալական ցանցերում:

-Ես անընդհատ մաքրում եմ սոցիալական ցանցերի իմ բաժանորդագրությունները: Ես բաժանորդագրվում եմ ոչ միայն լուսանկարիչներին, այլ ամբողջ ստեղծագործական միջավայրերի, քանի որ ավելի լավ է ներշնչանք փնտրել ոչ թե իմ սեփական, այլ հակառակ միջավայրում: Օրինակ՝ այժմ ես մեծ հաճույք և ոգեշնչում եմ ստանում ասեղնագործությամբ զբաղվող բլոգներից, չնայած ես ինքս չեմ անում դա: Աստիճանաբար, ուշադրություն դարձնելով այս օգտահաշիվներին՝ ես կկարողանամ դրացից ինչ որ մտքեր օգտագործել իմ բլոգում: Համոզված եմ, որ բոլորը պետք է ոգեշնչում փնտրեն նույն կերպ: Ինչ դիտելու հետ կապված կարծում եմ, որ արժե կանոնավոր կերպով վերադառնալ դասականներին: Լուսանկարչությանը ամենամոտ ոլորտը,  ըստ իս, նկարչությունն է: Ես պաշտում եմ իմպրեսիոնիստներին. Նրանք միշտ ոգեշնչման աղբյուր են ինձ համար: Խստորեն խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել իմպրեսիոնիզմի պատմությունը, կարդալ նկարիչների կենսագրությունները: Գուցե նրանց մտավոր անհանգստությունները և դիմադրությունը, որին նրանք բախվել են իրենց կյանքի սկզբում, ձեզ շատ մոտ լինեն: Ինստագրամն ինձ համար այդպիսի ժամանակակից իմպրեսիոնիզմ է:

Ինչպես ասում են գեղեցիկը զոհեր է պահանջում։ Այս դեպքում էլ երբեմն հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ պայմաններում են ստացվում համացանցում հայտնվող այդ վառ ու ուշադրություն գրավող լուսանկարները։ Անհրաժեշտ կադրը ստանալու համար հաճախ ստիպված ես լինում պառկել սառած հողին, կանգնել հորդառատ անձրևի տակ, ամառային հագուստով  մրսել – 20 աստիճան ցրտին։ Երբ նայում ես, թե ինչ է իրականում կատարվել կադրից դուրս՝ «կուլիսներում» հասկանում ես, որ ոչինչ հեշտ չի տրվում և որ լուսանկարը ևս արվեստ է, որն իր տեսակով բացառիկ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մարդը կցանկանա տեսնել գեղեցիկը։

Լիլիթ Հովսեփյան

4-րդ կուրս

Կիսվել