Ապրելով Հայաստանյան այս լարված ժամանակաշրջանում չենք կարող չանդրադառնալ լրագրողական ոլորտի ներկայացուցիչների այն խմբին, որոոնք շարունակ սթրեսային գոտում են աշխատում: Կիրառելով զրույցի մեթոդը` բրիտանացի լրագրող Վուդի Քսիմշիտին խոսեց սեփական փորձի և հոգեբանական վիճակի մասին:
«Պատերազմական գոտի գնացած լրագրողը պետք է հստակ հասկանա, որ այդտեղ իր գլխի վրայով ոչ թե ելակներ և տորթեր են թռչելու, այլ գնդակներ և փամփուշտներ: Լրագրողը պետք է տա իրեն հարց. արդյո՞ք նա պատրաստ է լսել զենքի կրակոց և ականատես լինել այդ ամենին:
Ռազմաճակատ գնացած լրագրողների մի մասը անցնում է զինպատրաստության դասընթացներ, իսկ դասընթացը չանցածները պետք է անցնեն հատուկ վերապատրաստում: Այնուհանդերձ լրագրողը չպետք է որևէ տեսակի զենք օգտագործի, կամ էլ նկարի իր ձեռքում եղած զենքը: Ես երբեք զենք վերցնելու մասին չեմ մտածել: Զենքն իմ տեսախցիկն է և թուղթն ու գրիչը»:
Հատկանշական է նաև լրագրողի տեսակետը կյանքի ու մահվան վերաբերյալ. «Եթե լրագրողը անընդհատ վախենա իր կյանքի համար կամ խուճապի մատնվի, վիճակը միայն ավելի կբարդանա: Բուկովսկին ասում է. «Գտիր այն, ինչ սիրում ես և թույլ տուր այն սպանի քեզ»: Այո, ռազմաճակատում լրագրողի կյանքին վտանգ է սպառնում, բայց դա խնդիր չպետք է հանդիսանա նրա համար: Նա պետք է հիշի, թե ինչի համար է գնացել, թե ինչքան է սիրում իր մասնագիտությունը և համոզված լինի, որ անվտանգ կվերադառնա տուն: Անկախ ամենից, լրագրողը պետք է պահի անվտանգության բոլոր կանոնները և առաջնային դասի իր անվտանգությունը: Խմբագրության համար ևս լրագրղի կյանքը պետք է բարձրագույն արժեք լինի»:
Այն հարցին, թե ի՞նչ պետք է անի լրագրողը, եթե բախվել է Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներին, Վուդին պատասխանում է. «Տարբեր երկրներում հոգեկան առողջության հարցը տարբեր լուծումներ է ստանում: ԱՄՆ-ում ցանկացած խնդրի դեպքում գնում են հոգեթերապևտի մոտ: Իսկապես կարևոր է, որ լրագրողը թույլ չտա այդ խնդիրը խորանա իր մոտ: Եթե մեր մատը կտրվում է, մենք գնում ենք բժշկի, նույնն էլ պետք է լինի հոգեկան առողջության դեպքում: Արդեն սկսել է տարածվել ճանաչողական վարքի թերապիան, ինչը մեղմում է իրավիճակը: Մենք պետք է հասկանանք, որ երբ տխրում ենք, նորմալ է, որ լաց ենք լինում: Արցախում ականատես եղած տեսարաններից սիրտս կտոր-կտոր էր լինում, և մնացած բոլոր պատերազմների ժամանակ էլ, որոնց ներկա եմ եղել, ես լաց եմ եղել: Ես տարիներ շարունակ լաց եմ եղել, բայց հանրությունից հեռու, որպեսզի ոչ ոքի վրա չազդեմ: Ես շատ եմ ունենում ապրումակցման խնդիրներ, բայց շարունակում եմ անել այն, ինչ պետք է անեմ: Ես փորձում եմ կառավարել իմ բարկությունը ագրեսոր երկրի հանդեպ, որպեսզի պրոֆեսիոնալ աշխատանք կատարեմ:»
Վուդին սթրեսակայունությունը զարգացնելու համար հրաշալի տարբերակ է համարում հատուկ հոգեբանի աշխատանքը լրագրողների հետ: Նա նշում է, որ ԱՄՆ-ում արդեն նման կազմակերպություններ գործում են:
«Երբ ես նյութեր էի պատրաստում հանցագործությունների մասին, ես նույնիսկ վախենում էի շփվել մտերիմներիս հետ, որպեսզի իմ պատճառով վտանգ չսպառնար նրանց կյանքին: Երբ Սիրիայում էի գտնվում, ես այդպես էլ չհանեցի իմ զրահաբաճկոնը և դրանում իմ բախտը բերեց, որովհետև ինձ երկու անգամ կրակեցին, իսկ ես փրկվեցի: Եղել է ժամանակ, երբ ես կորցրել էի վախի զգացողությունը: Երբ Սիրիայում ինձ առևանգեցին, ես կարծեցի, որ վերջս եկել է և հաշտվեցի այդ մտքի հետ: Սակայն պետք չէ խաղեր խաղալ կյանքի հետ: Սա ֆիլմի սցենար չէ, խաղ չէ, սա իրական պատերազմ է: Այսքանը գիտակցելով ես չեմ վախեցել մեռնելուց, որովհետև մենք չգիտենք` մահը ինչ է, գուցե նոր կյանքի սկիզբն է: Մենք, միևնույն է, մեռնելու ենք, և դա կլինի խոհանոցում տորթ ուտելիս, թե երբ դրոնը ինձ վրա է ընկնում, դա կապ չունի: Ես կրքոտ սեր ունեմ դեպի իմ մասնագիտությունը և չեմ զղջացել դրա համար»:
Անի Վաթինյան
4-րդ կուրս