«Շատ կարևոր է հաղորդավարի փոխանցած էներգիան, քանի որ հենց դա է գրավում...

«Շատ կարևոր է հաղորդավարի փոխանցած էներգիան, քանի որ հենց դա է գրավում հեռուստադիտողին»

497

Հաղորդման հաջողությունը, մեծ հաշվով կախված է տվյալ հաղորդման հաղորդավարից, որը կարող է ապահովել և բավարարել սոցիալական պահանջմունքները՝ տվյալ ժամանակի և հասարակության  պահանջները։ Հաղորդավարի գործոնը կարևոր է ինչպես հաղորդման վարկանիշի, այնպես էլ լսարանի վրա ունեցած ազդեցության տեսակետից։ Շատ դեպքերում հաղորդավարի դերը կարող են ստանձնել ոչ միայն պրոֆեսիոնալ հաղորդավարները, այլև դերասանները, երգիչները և այլ ոլորտի անձիք: Հատկապես վերջին շրջանում նկատելի է, որ էկրանին հայտնվել են ավելի շատ հայտնի մարդիկ, և այստեղ հետին պլան է մղվել նրանց մասնագիտական առնաձնահատկություններն ու ունակությունները։ Բավական է էկրանին հայտնվի իրենց սիրելի անհատը, լսարանը կլինի ավելի ուշադիր և կենտրոնացած:

Մասնագիտությամբ մանկավարժ Անահիտ Հակոբյանը, ով օրվա ընթացքում դիտում է բազմաթիվ հեռուստատեսային նախագծեր, այն կարծիքին է, որ այնուամենայնիվ ճիշտ կլիներ, որ յուրաքանչյուր մասնագետ աշխատեր իր մասնագիտությամբ, սակայն Հայաստանում դա մի փոքր բարդ է: «Իհարկե, լավ կլիներ, որ պրոֆեսիոնալներ լինեին եթերում, բայց իմ կարծիքով` դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ երբ, օրինակ, դերասանին առաջարկում են հաղորդում վարել, չի մերժում, որովհետև գուցե իր մասնագիտությամբ չի կարողանում բավականաչափ վաստակել կամ ինչու ոչ` նաև աշխատանք գտնել: Այդ առումով, գուցե կարելի է նաև հանդուրժել ու ընդունել այդ փաստը»:

Իսկ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Խաչատրյանը կարծում է, որ որքան էլ մտածենք` պետք է մասնագետներ լինեն կադրում, այնուամենայնիվ, հիմա հեռուստաընկերությունները նախընտրում են նրանց, ովքեր հայտնի են, արդեն իսկ ունեն լսարան, և այս դեպքում արդեն տվյալ հաղորդումը ևս կդիտվի նրանց կողմից: «Երբ մի ժամանակ հաղորդում էի դիտում, իմ ամենասիրելի հաղորդումներից էր,  չկար էնպիսի հաղորդում, որ չդիտեի, և հաղորդավարին էլ արդեն իսկ ճանաչում էի ու, եթե անկեղծ, նայում էի հենց իր համար: Իսկ վերջերս, երբ ուզում էի նորից դիտել, տեսա, որ հաղորդավարը փոխվել է: Իրականում այդ աղջկան էլ եմ սիրում, բայց մի քանի րոպե նայելուց հետո էլ չշարունակցի, որովհետև ինձ այնքան էլ չգրավեց իր կերպարը տվյալ հաղորդման մեջ»: Անին հավելեց, որ այնուամենայնիվ շատ կարևոր է հաղորդավարի փոխանցած էներգիան, ըստ նրա` հենց դա է գրավում հեռուստադիտողին և առաջացնում հետաքրքրություն հաղորդման նկատմամբ:

Իսկ Սոնա Մաթևոսյանը, ով տարիներ առաջ ավարտել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ինչպես նաև մասնակցել է հաղորդավարական և խոսքի մշակույթի տարբեր դասընացների, չի կարողացել գտնել իր մասնագիտությամբ աշխատանք և այժմ աշխատում է քաղցրավենիքի խանութում որպես վաճառողուհի: «Իրականում, ես մնում եմ իմ այն կարծիքին, որ այո´, պետք է համապատասխան կրթությամբ անձիք լինեն եթերում: Ինչ վերաբերում է փորձին և հայտնիությանը, դե պետք է շանս տրվի նրանց, որպեսզի և´ փորձ ձեռք բերեն, և´ ճանաչում: Սակայն ես չեմ վախենա ասել, որ հեռուստաընկերությունները միայն հայտնի անձանց են ցանկանում տեսնել իրենց հաղորդումներում, դե բնական է, լսարան ունեն, սիրում են իրենց: Բայց այդ ամենի հետևում կան շատ մասնագետներ, որոնք այո´, մնում են անգործ: Ինչու՞ չասել, ու չխոսել այս մասին, եթե դա փաստ է: Ես ինքս, ունենալով նման կարծիք, կասեմ, որ վերջին շրջանում սկսել եմ նույնիսկ հեռուստացույց չդիտել, գուցե այդ պատճառով, չեմ կարող ասել»: Սոնայի խոսքով, պետք է այս հարցի վերաբերյալ հետևողական լինել և մասնագետներին ևս հնարավորություն տալ քայլեր անել և հմտանալ իրենց գործում: Հավելեց, որ լսարանը ևս մեծ ազդեցություն է թողնում այս ամենի վրա և եթերում տեսնելով նոր դեմքերի` ոչ այնքան լավ ու գրկաբաց է ընդունում նրանց:

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել