Դաջվածքները՝ արվեստ ու գեղեցկություն

Դաջվածքները՝ արվեստ ու գեղեցկություն

832

Այս անգամ անդրադարձել ենք մոլորակի ամենահին ավանդույթներից մեկին՝ դաջվածքներին։

Նախկինում քրեական աշխարհին բնորոշ առանձնահատկություն համարվող այս երևույթը, այսօր դարձել է ժամանակակից աշխարհի զարգացվածության բնութագիր։ Հնում ուղղակի ավանդույթ համարվող երևույթը, հասնելով մեր օերեր, ձեռք բերեց այլ արժեքներ։ Շատերի համար դաջվածքը այսօր արտահայտման ձև է, ոմանց համար ՝ արվեստի ճյուղ, մյուսների համար էլ ՝ ուղղակի գեղեցկություն։

Լիլիթի համար դաջվածքները մի ամբողջ աշխարհ են։ Ասում է` իր համար լավագույն անտիսթրեսը իր տատուներն են։ 43 տարեկանում ունի 9 դաջվածք և վստահ է, որ դրանց թիվը դեռ ավելանալու է. «Առաջին տատուն արել եմ 29 տարեկանում, այդ ժամանակ դեռ բալիկներս չէին ծնվել, երեխաներիս ծնվելուց հետո եմ արել մնացած 8-ը։ Դաջվածքներից հետո մարմինս շատ է փոխվել, արդեն ազատ տեղ չկա, բայց դա էլ չի խանգարում, դեռ էլի կան պատկերներ, որոնք անպայման պիտի կրեմ մարմնիս վրա»։

Լիլիթը իր փորձով է ապացուցում, որ «հայ տղամարդիկ» նույնպես կարող են սիրել և ընտանիք կազմել տատուներով կանանց հետ։ Նա վստահ է, որ իսկական սիրո հարցում չի կարող խանգարել ոչ մի դաջվածք. «Ամուսինս ոչ մի դաջվածք չունի, նա երբեք չի սիրել տատուներ, բայց երբեք դեմ չի եղել, որ ես դաջվածքներ անեմ, իմ տատուներից մեկը նույնիսկ հենց նրա պատվերով եմ արել։ Մեր տարբեր լինելու փաստը մեզ չի խանգարել, լավ ընտանիք կազմել»։

Չնայած այն «տարօրինակ հայացքերին», որոնք իրեն են ուղղվում մարդկանց կողմից, Լիլիթը երբեք չի խուսափել փողոց դուրս գալուց։ Նրան նույնիսկ չի խանգարել այն, որ իր դաջվածքներով, մարդիկ սկսում են կարծիք կազմել իր երեխաների մասին. «Շատերը ինձ հետ չեն շփվում, մանկապարտեզում տարօրինակ ձևով են նայում վրաս, բայց ինձ համար արդեն սովորական են դարձել այդ հայացքները, ես երբեք չեմ նայում թե ինչ է ուզում շրջապատս, ես անում եմ այն, ինչը ինքս եմ ուզում։ Լավ կլինի, որ մեր հասարակությունը դուրս գա «քառակուսիներից», աշխարհում այսօր դաջվածք անելը սովորական երևույթ է, պետք է ուղղակի զարգանալ»։

Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին այսօր հատուկ է դաջվածքի մշակույթը։ Այսօր դաջվածքները չեն ճանաչում սեռային և տարիքային խտրականություն։ Սկսնակ տատու-արտիստ Նարեկի պատկերացումներով միայն Հյաստանում է, որ հասարակությունը չի ուզում ընդունել կանացի դաջվածքները։

«Չնայած, որ շատ է ավելացել տատու անող կանանց թիվը, սակայն չեն պակասում նաև այն մարդիկ, ովքեր չեն ընդունում կանացի տատուները։ Սա ևս արվեստի տեսակ է, պետք չէ սրան նայել որպես վատ արարք։ Շատ տատուներ կանանց վրա շատ ավելի գեղեցիկ են երևում, ու հասկանում ես, որ այս արվեստը ավելի շատ կարելի է արտահայտել հենց կանանց միջոցով»։

Նարեկը դեռ նոր է սկսել դաջվածքներ անել, բայց արդեն գիտի, որ շատ են դաջվածք անող կանանց թիվը Հայաստանում, նրա համար դեռևս տարօրինակ է այն, որ մարդիկ կարող են իրենց վրա հենց այնպես ինչ-որ բան դաջել, նա վստահ է, որ նման դաջվածքներին անհետացման ճակատագիր է սպասվում։

«Շատ են լինում դեպքեր, երբ ունենում ենք աղջիկ հաճախորդ, ով չգիտի ինչ տատու է ուզում, կամ հենց այնպես որոշում են տատու անել՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար։ Նման դեպքերում ես հնարավորինս խուսափում եմ տատու անել, լինում են նաև դեպքեր, որ աղջիկները ընտանիքից թաքուն են որոշում տատու անել՝ «թաքուն տեղերում», իսկ հետո սկսվում են խնդիրները՝ «ծնողներս (կամ ընկերս) տեսել են դաջվածքս, խնդիրներ են առաջացել, ո՞նց կարող ենք ջնջել»:

Ամեն դեպքում Նարեկը արդեն համոզվել է, որ դաջվածքի շնորհիվ կանայք ավելի կանացի են դառնում։ Նա ուզում է, որ հայկական հասարակությունում ևս գեղեցկությունը սահմաններ չճանաչի. «Պետք է երբեմն գնալ ռիսկերի, եթե դաջվածքը աղջկան դարձնում է ավելի ինքնավստահ, ինչու՞ չդառնալ այդպիսին, և ամենակարևորը՝ ես շատ եմ հանդիպել աղջիկների, ովքեր դաջվածք ունեն, բայց բարոյապես շատ ավելի լավն են, որոշ տատու չունեցող և չսիրող աղջիկներից։ Հստակ պետք է ասեմ, որ դաջվածքը անբարոյականության չափանիշ չէ»։

Չնայած այս ամենին, դեռևս հասարակությունը կարելի է բաժանել երկու մասի՝ մարդիկ որոնց համար դաջվածքը արվեստ է, և մարդիկ, ովքեր չեն սիրում արվեստի այս ոլորտը։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Զարան տանել չի կարողանում դաջվածքները, հատկապես, երբ դրանք անում են իգական սեռի ներկայացուցիչները. «Կանացի մարմինը չափազանց նուրբ է դաջվածքի համար, միշտ զարմացել եմ այն կանանց վրա, ովքեր իրենց մարմնի որևէ հատված տրամադրել են ինչ որ պատկեր դաջելու։ Տարիքի հետ այն ավելի տգեղ է դառնում, կոպիտ ասած՝ ճմրթվում է և իսկական սևագրության է վերածվում»։

Ապագա լրագրողը կարծում է, որ երբեմն անհարկի միջամտությունների պատճառով մենք տգեղացնում ենք մեզ ի վերուստ տրվածը. «Աստվածաշնչում ասվում է, որ չի կարելի մարմնի վրա կտրվածքներ և դաջվածքներ անել, մարդը չի կարող գեղեցկացնել Աստծո ստեղծածը, իսկ դա անել դաջվածքների միջոցով, կարծում եմ՝ անհեթեթ է։ Ինչ-որ տեղ ընդունելի է, երբ տղամարդիկ են անում դաջվածքներ, բայց կանանց պարագայում ՝ լրիվ այլ է»։

Աննա Ափոյան

4-րդ կուրս

Կիսվել