Պատերազմը և կանայք

Պատերազմը և կանայք

641

Թալին Սաղդասարյանն է, ով արտակարգ պայմաններում կամավորական աշխատանքներ է կատարել՝ պատերազմի ընթացքում օգնելով երեխաներին իրացնելու կրթություն ստանալու իրավունքը։

Դեկտեմբերի վերջին շաբաթից ընկեր Թալինը չի աշխատում Արցախից տեղահանված դպրոցականների հետ։ Ինչ ժամանակավոր կացարանն այլևս չի գործում, ինքն անցել է սովորական առօրյային։ Նախքան մեր հանդիպումը մի քանի հարցեր ուղարկում եմ անձնական նամակով, որովհետև նախընտրում է շատ չպատմել նախորդ ամիսների մասին։ 

-Թալին, իսկ աշխատանքիդ ընթացքում ի՞նչ վախեր ես ունեցել։
-Ես շատ էի վախենում, որ չեմ կարողանա օգնել երեխաներին կարգովորելու իրենց խնդիրները, որոնք դասերի հետ կապ չունեին։ Չնայած սրան, վախս հաղթահարել եմ ու ուղղակի եղել իրենց կողքին։

Կարդում էի Թալինի պատասխաններն ու ինքնս ինձ մտածում՝ ավելի լավ կլիներ խոսեինք աղջկական թեմաներից։

Կիրակի օրը մենք հանդիպում ենք: Նախատեսված էր սովորական թեյախմություն՝ հիշելու նախորդ 3 ամիսների աշխատանքները, առօրյան և երեխաներին։
Առաջինը, որ Թալինը հարցնում է, վերաբերում է երեխաներին՝ արդյոք տեղեկություններ ունեմ, թե ոչ, ինչպես են տեղավորվել, դպրոց գնում են և այլն։
Երբ առաջին անգամ հանդիպեցի ընկեր Թալինին, դիմագծերը խաղաղ չէին՝ մինչև առաջին դասաժամի ավարտը։ Այժմ անկեղծանում է՝ առաջին փորձառությունն էր երեխաների հետ աշխատելու ՝ լարվածություն կար։
Ժամանակավոր կացարանը սպորտային հանդիպումների համար նախատեսված հյուրատուն էր, որտեղ ապաստանել էին 80-ից ավել նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ՝ ընտանիքների հետ։ Թալինի առաջին հանդիպումը մեկ ամիս հետաձգվում է ՝ համաճարակի հետևանքով։
Հոկտեմբեր ամսից, ամբողջությամբ հիվանդությունն հաղթահարած, Թալինը մտնում է հարմարեցված դասասենյակ և սկսում դասերը։ Սկզբնական շրջանում երեխաների հետ կատարում են քիմիական և ֆիզիկական փորձեր։ Ելնելով երեխաների արձագանքից՝ պարզ էր, որ հավանել էին ընկեր Թալինին և իր դասը։ 12 ամյա Անգելինան, ով Ստեփանակերտից է, ամենաշատն էր կապվել ընկեր Թալինի հետ։ Մեկ շաբաթ առաջ դեռ Երևանում էր ընտանիքով և ես հասցրի հարցուփորձ անել, թե ինչ էր գրավել իրեն ընկեր Թալինի մեջ։
Պատասխանն ինձ համար գրեթե զարմանալի չէր, քանի որ ես էլ իր տարիքում նույն կերպ կպատասխանեի՝ «դասերից հետո տնայիններ չէր տալիս ընկեր Թալինը ու շատ բարի աղջիկ էր» ։

Անգելինայի այս պատասխանը Թալինին պատմում եմ, թեթև ժպտում է։

-Հիշո՞ւմ ես Ալլային, որ օրագրի մեջ ինձ գովել էր։ Նոր տարվա գիշերը զանգել ՝ Նոր տարիս էր շնորհավորում։ Շատ էի ուրախացել։
– Դուրս է գալիս, որ շատերի վրա ազդեցություն ես ունեցել։
-Ըհը, բայց երևի քիչ, չգիտեմ։

Չնայած նրան, որ Թալինն այժմ չի զբաղվում կամավորական աշխատանքներով ՝ խորացված աշխատում է մասնագիտությամբ։ Կրթության ոլորտի փորձագետ է։ Այժմ համագործակցում է նաև Յունիսեֆ Հայաստանի հետ։ Մտածել են՝ ինչպես օգնել պատերազմից տուժած ավելի քան 30․000 երեխայի՝ հոգեբանորեն մենակ չմնալ վախերի ու տարատեսակ զգացողությունների հետ: Ստեղծելու են հատուկ պատկերապատումներ՝ վախերը հաղթահարելու համար:

-Ներկայիս իմ զբաղվածությամբ փորձում եմ հնարավորինս շտկել կրթության ոլորտում պատերազմյան և հետպատերազմյան շրջանի բացթողումները։ Պետք է կարողանանք ցուցաբերել  հոգեբանական ճիշտ օգնություն, ինչը բացակայել է նախորդ ամիսների ընթացքում։

Համարում է, որ նախորդ 3 ամիսների ընթացքում (կարճաժամկետում) լավագույնս իր գործը կատարել է, այժմ կարևոր է հետպատերազմյան շրջանում գտնել երկարաժամկետ կարգավորման մեխանիզմներ։ Դժվարանում է պատասխանել, թե վերջնարդյունքը երբ կլինի տեսանելի, սակայն իր և մյուս երիտասարդների ներուժին է վստահում։

«Աշխարհի մասին ավելի քիչ հարցեր եմ տալիս, երբ երեխաների հետ չեմ շփվում»

Դիմագծերի նախկին խաղաղությունը  վերականգնվել է, չնայած հոգնածությանն ու շատ աշխատելուն։ Կացարանում աշխատելու ընթացքում փորձում էր հնարավորինս շատ տեղեկություններ տալ աշակերտներին, բայց մի օր եկավ ու բողոքեց, թե ավելին կարող է, քան անում է։

Հիշում ենք՝ ժամանակավոր կացարանում դասերից հետո թեյախմության ավանդույթ էինք ձևավորել։ Հենց այդ օրերից էր, երբ ընկեր Թալինը բողոքեց, թե կարող է մաթեմատիկա և ֆիզիկա սովորեցնել երեխաներին՝ փորձեր անելու փոխարեն։ Այժմ կեսկատակ ասում է՝ «փորձը հաջողվեց»։

Օրվա մեծ մասն անցկացնում էր երեխաների հետ։ Մեծերի և փոքրերի առանձին խմբեր ունեինք, բայց երբեմն դրանք խառնվում էին և ընկեր Թալինն էլ համբերատարությամբ սովորոցնում էր 9 և 15 տարեկաններին միասին։

Դժվար էր գտնել ընկեր Թալինին բարկացած, երբեմն պատահում էր, որ բարկանում էր մեծերի վրա, քանի որ փոքր սենյակում չէին կարողանում հանդուրժել փոքրերի դանդաղկոտությունը։

-Իսկ ամենաշատն ինչի՞ց ես բարկանում

-Երևի, երբ ինչ-որ բանի վերջը չեմ տեսնում։

Իմ առջև նստած Թալինին բնորոշ է նույն վճռականությունն ու ձգտումը՝ գնալու փոփոխության։ Անկեղծանում է, որ երիտասարդը պետք է այդպիսինն լինի, եթե ուզում է շրջապատում փոփոխություններ լինեն։ Թույլ կողմերի մասին խոսելիս աչքերը փոքրացնում է, կարծես հիշելու՝ որոնք կարող է պատմել, որոնք՝ ոչ։ Ցավով է նշում, բայց պատերազմի ընթացքը իր մեջ մի քանի թույլ կողմեր է բացահայտել։
-Գիտես չէ, քեզ ավելի շատ ուժեղ եմ գտել, քան թույլ (լինում է չէ, երբ իրավիճակը փրկելու համար ոգևորող խոսքեր պիտի ասես)։

-Բայց թույլ կողմերս ավելի շատ էին, քան ուժեղները։

Թալինն այժմ դրանց մասին հանգիստ է խոսում, կարծես ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ընդունելու և փոխելու։ Առաջինը, որ հասկացել է աշխատանքի ընթացքում այն է, որ իրավիճակներ կան, երբ չես կարող ունենալ նախօրոք պատրաստվածություն։ Այդ պահերին գործում է քո հիմնական բնազդները։ Թալինն իրեն հաճախ է գտել անորոշ վիճակում։ Անկեղծանում է, թե հաճախ է եղել՝ դժվար է կողմնորոշվել  կամ համուզել ինքն իրեն, որ պետք է այս կամ այն գործը արագ վերջացնել:

«Երեխաների հետ աշխատանքը կլոր թխվածքի պես է, որ դառն ինչոր բանով է պատված, բայց հենց հալվում է քաղցրանում է միջուկը»

Լուսանկարում ինքն է աշակերտների հետ, կողքին էլ Անգելինան է, ում հետ արտադասարանական ժամերի հասցնում էին քննարկելու «աղջկական թեմաներ»։ Մի քանիսին հասցրել եմ ներկա լինել ու նկատել, թե ինչպես են փայլում ընկեր Թալինի աչքերը, երբ աղջիկների հետ խոսում էր սեփական երազանքներին հետևելու ճանապարհի կարևորությունից։ Տարօրինակ հարց է առաջանում ՝ Թալինն ինչի է նմանեցնում երեխաների հետ աշխատանքը։ Հավանաբար անսպասելիությունից էլ հոնքը վեր է բարձրանում ու հետևում է պատասխանը, թե թխվածքի է նման, որը դառն է, հետո երբ փորփրում ես, քաղցրանում է։ Մտածում եմ՝ իսկական քաղցրակերի պատասխան է։ Ես որ լինեի ,քաղցր փքաբլիթի կնմանեցնեի։

Երբ ինձ հետաքրքրող հարցերի մեծ մասի պատասխաններն ունեի, մտածեցի արտասահմանյան հարցազրույցի նմանեցնեմ զրույցս, ու մի քանի հարցեր առաջացան։ Մտքովս անցավ հարցնել, թե ի՞նչ խորհուրդ ունի աղջիկներին ու կանանց, ովքեր աշխատում են արտակարգ պայմաններում։

Նկատում եմ, որ կրկին թեթև ժպտում է ՝ հավանաբար ինձնից նման հարցեր ևս սպասում էր։

-Վստահեք ինքներդ ձեզ և դիմացինին։ Գիտես, առհասարակ կանանց ներդրումը թիկունքում աշխատանքները համակարգելու և կազմակերպելու հարցերում բավականին կարևոր և ահռելի էր։ Սա ասում եմ՝ մնացած աշխատանքներն առանց թերագնահատելու։
-Իսկ ի՞նչ կփոխեիր կանանց ներգրավվածությունն ավելացնելու կամ ներկայացնելու տեսանկյունից։
-Գիտես, որպես հասարակություն մենք կանանց պատերազմի չենք պատրաստում։ Ես շատ կցանկանայի, որ այս մասին սկսվեր որևէ գործընթաց կամ քննարկում։ (Կեսկատակ ասում եմ, թե ֆեմհարցազրույց է զարգանում):

«Պատերազմից հետո փոխվել է շատ բան կամ ոչ մի բան»

Երբ ծանոթացա ընկեր Թալինի հետ, գաղափար չունեի, թե ինչպիսիին է եղել նախքան պատերազմը։ Վերջերս ասացի, որ արտակարգ պայմաններում արտակարգ ծանոթություն էր։ Համաձայնում ենք ու սկսում եմ պատմել, թե ինչպիսինն եմ եղել նախքան պատերազմը ՝ կայուն, համակարգված և այդպես շարունակ։ Թալինի դեպքում էլ գրեթե նույնն է, միայն տարբերությամբ, որ Թալինն իմացել է, թե շատ երևույթներ կան աշխարհում և դրանց միջով անցնելը հերոսություն է լինելու։ Բայց այո, նախկինում երբեք ստիպված չի եղել հերոսանալու։ Վերականգնման մասին խոսում է ավելի մեծ ոգևորությամբ։ Բանաձև դեռ չունի, բայց կարծում է՝ այն ինչ անում է հիմա՝ սխալ է։
-Փորձո՞ւմ ես մոռանալ

-Գրեթե, փորձում եմ ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Գիտեմ ամենաճիշտ մոտեցումը չէ։ Հիմա փորձում եմ կրկին գրել, մտածում եմ ՝ կօգնի։
Իր գրածները տեսնելու մասին չեմ էլ հիշատակում, ծանոթ եմ զգացողությանը՝ կարծես ինչ-որ բան վերցնում են քեզնից և տեղը չեն դնում։ Մտածում եմ ընկեր Թալինի նկատմամբ նման կերպ չվարվել։ Չնայած նույն զգացողությունն է՝ վերցրել ու տեղը չեն դրել:

Շուշան Փափազյան

4-րդ կուրս

Կիսվել