Թատրո՞ն, թե՞ կինո

Թատրո՞ն, թե՞ կինո

936

Մեր երկրում, հասարակության շրջանում տարածված այն կարծիքը, որ թե՛ թատրոնը, թե՛ կինոթատրոններն այժմ այնքան էլ լեցուն դահլիճներ չեն ապահովում, ինչպես որ տարիներ առաջ էր, կարելի է թյուր կարծիք համարել: Քաղաքացիների համար թե’ թատրոնը, և թե’ կինոն յուրաքանչյուրն իր տեղն ունի, քանի որ ոմանց համար թատրոնն իսկական արվեստ է, հաճույք է թատրոն գնալը, դերասանների հետ անմիջական կապ հաստատելը, թատրոնում կտրվում ես իրական կյանքից, զգում ես քեզ բեմում դերասանների կողքին, ովքեր անկախ գումարից սիրով կատարում են իրենց աշխատանքը, ոմանց համար էլ կինոն ուրիշ աշխարհ է, քանի որ, եթե թատրոնը քեզ տալիս է իրական հաճույք, ապա կինոն մեկ այլ զգացմունք է առաջացնում, կախված, թե որ ժանրի ֆիլմ ես դիտում:

20 ամյա Լուսինեն սիրում է ավելի շատ կինոթատրոն գնալ, քանի որ երեկոյան ժամերին սիրային կատակերգություններ, ռոմանտիկա դիտելը մեծ էկրաններին այլ հաճույք է: Կինոթատրոնից դուրս գալիս երկար ժամանակ մնում է ֆիլմի ազդեցության տակ:

Հելենը գերադասում է թատրոնը, քանի որ, ըստ նրա, կենդանի խաղը ավելի մոտիկից ես տեսնում, և չկան դուբլներ:

«Անշուշտ, թատրոնն իր անփոխարինելի դերն ունի յուրաքանչյուր մարդու կյանքում, իսկական թատրոնն այսօր էլ սիրված է, սպասված, թատերական փառատոնները շատ մեծ քաղաքների տարվա ամենամեծ տոներից են: Քաղաքում այսօր կան լավ ու ազդեցիկ ներկայացումներ` հավաստի ու ռեալիստական դերասանական խաղով»,-ասում է Հելենը:

Մեծահասակները նախընտրում են թատրոնը: Սեդա տատիկը նախընտրում է թատրոնը, նրա խոսքով՝ թատրոնն է, որն ապահովում է մարդկանց միջև իրական շփումը: Նա մտածում է, որ դերասանների հետ իրական շփումը թատրոն գնալն է, իսկ կինոն էկրաններից այն կողմ ցուցադրվող մոնտաժված պատկեր է. նա միշտ ներկա են լինում լավագույն ներկայացումներին:

«Գերադասում եմ թատրոնը, բայց անչափ սիրում եմ լավ ֆիլմ, ազդեցությունը նույնն է, կարող է հոգիդ շուռ տալ: Տարբեր ինքնուրույն արվեստի ձևեր են, չի կարելի համեմատել, լեզուն միանգամայն տարբեր է»,- ասում է 30 ամյա Աննան:

Մեր քաղաքացիները, անկախ տարիքից, սիրում են թատրոնում ներկա լինել սիրելի ներկայացումներին, իսկ կինոթատրոն գնալը նրանց համար պարզապես ժամանակ անցկացնելու, դրսի կյանքից կտրվելու համար է: Իրականում, դերասանները կայանում են հենց թատրոնում, իսկ հանդիսատեսի մեծ մասին հետաքրքրում է իրական շփումը` այսինքն թատրոնը:

Կարինե Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել