Աուդիոգրքեր տեսողական խնդիր ունեցող մարդկանց համար

Աուդիոգրքեր տեսողական խնդիր ունեցող մարդկանց համար

636

Կոմպոզիտոր Վահան Նահապետյանի նախաձեռնած ծրագիրն այսօր օգնում է տեսողական խնդիրներ ունեցող անձանց, մասնավորապես՝ աշակերտներին ու ուսանողներին։

-Ինչու՞ հենց աուդիո տարբերակը ընտրեցիք ուսանողներին օգնելու համար։

-Հիշում եմ, երբ ես սովորում էի կոնսերվատորիայում, շատ դժվար էր գրքերից օգտվել, կարդալ, քանի որ չկար աուդիո տարբերակները, և ես որոշեցի դա իրականացնել։ Սկսեցի ձայնագրել տարբեր գրքեր, որպեսզի ուսանողները, երբ սովորում են որևէ ֆակուլտետում, կարղանան օգտվել, քանի որ իմաստ չունի, երբ ընդունվում ես և չես սովորում։ Տեսողության խնդիրներ ունեցողների համար կարդալը մի մեծ խնդիր է, որովհետև ինչ-որ մեկը պետք է կարդա նրանց համար, բայց միշտ չէ, որ դա հնարավոր է։ Դրա համար հենց աուդիո տարբերակը ես ընտրեցի՝  լսելու միջոցով  կրթվելու տարբերակ։

-Իսկ նախատեսե՞լ եք աուդիո տարբերակներ մանուկների համար, ովքեր ունեն տեսողության խնդիր։

-Իհարկե նախատեսված են նաև նրանց համար, տարիքային սահմանափակում չկա։

-Որտե՞ղ կարող ենք գտնել, որտեղ են հասանելի այս ձայնագրությունները։

-Ես որոշեցի անպայման տեղադրել դրանք YouTube-յան էջում, տեսողական խնդիրներ ունեցողների համար բավականին հեշտացված է թե՛ որոնումը, թե՛ գտնելը։ Հատուկ ձայնային ծրագրի միջոցով կարող են գտնել  բոլոր ձայնագրությունները։

-Քանի՞ ստեղծագործություն եք հասցրել ձայնագրել մինչ օրս։

-Ձայնագրել եմ մոտ 400 ստեղծագործություն, որից  200-ը արդեն տեղադրված է YouTube-յան էջում։

-Ինքներդ եք ընտրու՞մ գրականության ցանկը։ Օգտվու՞մ եք դպրոցական ծրագրից:

-Դպրոցական ցանկից օգտվում եմ, երբ զրուցում եմ աշակերտների կամ ուսանողների հետ, հարցնում եմ, թե ինչ ծրագրով են առաջնորդվում, և թվայնացնում եմ դրանք։

-Աշակերտների հետ զրուցելուց հետո  արդեն տեղադրվել ե՞ն դասագրքերի աուդիո տարբերակները։

-Արդեն տեղադրված է «Հայոց պատմություն», «Բրոնզեդարյան հուշարձաններ» գրքերը։  Զրույցի արդյունքում հասկացա, որ մեծ է պահանջարկ կա նաև հոգեբանական գրքերի։

-Ունե՞ք նոր նախաձեռնություններ։

-Այո՛։ Որոշել եմ նաև տեղադրել համակարգչային դասեր, որպեսզի  տեսողության հետ խնդիր ունեցող մարդիկ ազատ օգտվեն համակարգչից, չլինեն կաշկանդված և կախված չլինեն ոչ ոքից։

-Ինչպե՞ս կարող են գտնել ձեզ, լսել ձայնագրությունները։

-Ալիքը ունի անուն՝ «armenian audiobooks and audioleasons» այսինքն աուդիոգրքեր և աուդիոդասեր։

Անի Արոյան

4-րդ կուրս

Կիսվել