ժամանակակից գրականություն, թե՞ դասական. ի՞նչ են նախընտրում կարդալ երիտասարդները

ժամանակակից գրականություն, թե՞ դասական. ի՞նչ են նախընտրում կարդալ երիտասարդները

1416

 Այն, որ մեր երկիրը առանձնանում է իր մշակույթով, մասնավորապես  գրականությամբ, դա փաստ է, սակայն այս փաստը իր հետ բերում է շատ հարցեր, ինչպիսիք են` ունե՞նք  ներկայումս արժեքավոր ժամանակակից գրականություն կամ հիշվող ժամանակակից գրողներ, արդյո՞ք երիտասարդները նրանց կարդում են այնպես, ինչպես կարդում էին դասական գրողներին, և ի՞նչ դեր ունի ժամանակակից գրականությունը ընթերցողի համար:

Այս հարցերի պատասխանները գտնելու համար նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ է ուզում ստանալ ընթերցողը, ի՞նչ նախընտրություն ունեն երիտասարդները, ինչքանո՞վ է ժամանակակից գրականության դերը արժևորված կամ արժեզրկված:

Հարցումների արդյունքում ստացած պատասխանների հետևությամբ հստակ առաջացան երկու տարբեր խմբեր: Նույնիսկ գրադարանավարներն էին հակասում իրար:

Գրադարանավար Մարո Ասատրյանի խոսքերով՝ երիտասարդները սկզբում նախընտրում են ժամանակակից գրականություն, սակայն վերջում հիասթափում:

«Ըստ իմ եզրակացության` առանց խորապես իմանալով գրքի մասին` միայն վերնագրերը լսելով, վերցնում են այն գրքերը, որոնցով զբաղվում են հատուկ մարկետոլոգներ և այն գրքերը, որոնց անունը ավելի շատ է  շրջանառության մեջ: Սակայն, որպես կանոն, միշտ հիասթափություն է լինում, և երիտասարդ ընթերցողները միևնույն է վերջում ընտրում են դասականը»:

Գրադարանավարը այս երևույթը պատճառաբանեց ժամանակակից գրքերում հաճախ հանդիպող բաց տեսարաններով, քերականական, շարահյուսական, կետադրական կանոններին չհետևելով:

«Բովանդակային առումով շատ հայ դասական գործեր կարող են դուր չգալ նոր սերնդին, այս սերնդի համար կընկալվի որպես հետամնացություն, պրիմիտիվություն, այն ժամանակվա իսկական սերը կարող է նմանվել մանկական խաղի: Սակայն ես ինքս առաջին հորիզոնականի վրա դնում եմ հինը»:

Գրադարանի վարիչ տիկին Այդան նշում է.

«Հինը արդեն ծեծված է, երիտասարդությունը նախընտրում է նոր գրականություն: Նրանց ձգում է հոգեբանական գրականությունը, լսում են դրանց մասին, տեսնում են գովազդը և վերցնում են: Միշտ գոհունակորեն են գիրքը վերադարձնում»:

Հարցում անցկացվեց նաև այն երիտասարդների մեջ, որոնց կյանքում ընթերցանությունը անբաժան մասն է կազմում:

Գոհար Աբրոյանը ժամանակակից գրակականություն շատ է սիրում, մանավանդ հայ գրողներին:

«Երիտասարդները սիրում են կարդալ այն գրականությունը, որը ավելի ակտուալ է, որի մասին շատ են խոսում, որոնք կարդում են բոլորը: Ես էլ բացառություն չեմ: Որակային առումով գուցե կուզենայի մոտենային հնին, բայց չէի ուզի հինը հետ բերել: Ըստ իս՝ գրականությունը լավն է դառնում ժամանակի ընթացքում: Ներկայիս գրականությունը գուցե հիմա չհավանեն, բայց ժամանակի ընթացքում գնահատեն դրա արժեքը: Իսկ ես սիրում եմ ապրել նորով, նորի հետ»:

«Իմ կարծիքով՝ երիտասարդությունը նախընտրում է հոգեբանական վերլուծություններով գրքեր` կապված, օրինակ, սիրային, ընտանեկան հարաբերությունների հետ, որոնք բարդ են ու իրենց մեջ շատ անորոշ հարցեր են պարունակում: Անձամբ ես էլ եմ այդպիսի գրքեր սիրում»: – Ասում է  Ռոմելլա Դավթյանը

Էլեն Ամիրխանյանը, որը Ֆրանսիայում է բնակվում, ծանոթ լինելով արտերկրում ապրող երիտասարդությանը, նշում է.

«Ինձ շրջապատող երիտասարդները հիմա նախընտրում են ֆանտաստիկ կամ  «դիստոպիա» գրականություն, քանի որ այս ժանրերը շատ ակտուալ են:  Ես նախընտրում եմ դասական գրականությունը, բնականաբար ավելի շատ ֆրանսիական եմ կարդում, բայց նաև սիրում եմ անգլիականն ու ռուսականը:

Ժամանակակից գրականությունը արժևորվում է, որովհետև աշխարհը սկսում է ավելի շատ նմանվել ժամանակակից գրականության մեջ նկարագրված աշխարհին: Չեմ կարծում, որ դասականը հետ գալու կարիք ունի: Նա իր տեղն ունի արվեստի մեջ:  Ուղղակի, երբ գնում եմ գրախանութ և տեսնում եմ, որ գովազդի են արժանանում միայն նոր գրքերը, ինչ որ տեղ նոստալգիա եմ ապրում»:

«Արժևորվում է այնքանով, որ մարդիկ ավելի են սկսում գնահատել իրենց մտքերը, բայց արժեզրկվում է այն իմաստով, որ շատ են շատանում անորակ գրողները: Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ, երբ ինչ որ բաներ է գրում, իրեն համարում է գրող», –ասում է ժամանակակց գրականության սիրահար Ռուզաննա Մալխասյանը:

«Ինձ թվում է` հին գրականությունը հետ բերելու կարիք չկա, ինքը միշտ կա ու մեր գրադարակներում ինձ ա սպասում»,- ժպտաով պատասխանում է ընթերցասեր Էմմա Օհանյանը:

Ըստ մշակութաբանության ֆակուլտետի ուսանողուհի Անի Բրուտյանի` այսօր  երիտասարդությունը նախընտրում է ժամանակակից գրականություն, հիմնականում ՝ մոտիվացնող,   որտեղ նախասիրությունները տարբեր են՝ բիզնես գաղափարներ, հոգևոր աճի խորհուրդներ և այլն։ Ինքը դասական գրականության սիրահար է։

«Դասական գրականության մեջ գտնում եմ ինձ հոգեհարազատ կերպարներ, ընկերանում եմ այդ կերպարների հետ։ Թվում է՝ հոգիս մաքրագործվում է»:

Թամարա Կարապեյանը, որը իրեն առանց գրքի չի պատկերացնում, մերժում է հայ ժամանակակից գրականությունը.

«Հայ գրականությունը արժեզրկվում է, իսկ համաշխարհային գրականությունը` արժևորվում: Մենք փաստացի գրեթե չունենք լավ ժամանակակից գրողներ, պրիմիտիվ են գրում, չափազանց խտացնում են ապրումներն ու զգացումները, շատ են արժևորվում կենցաղն ու անկարևորություն տալիս կերպարների զարգացմանը ու առաջխաղացմանը»:

Այս հակասական կարծիքներից հետո պետք էր իմանալ, թե ինչպես են գնահատում ժամանակակից գրականության ներկայիս վիճակը գրականագետները:

«Ամեն ինչ համեմատության վրա է: Դասականի մեծ սիրահար լինելով, եթե ժամանակակից գրականությունը համեմատեմ հների հետ, պիտի նշեմ, որ ժամանակակից գրականության մեջ չունենք այդքան տաղանդներ: Այժմ ունենք կոմերցիոն գրականություն, որը իր ամուր տեղերն է գրավում` հետագայում դառնալով բեսթսելլերներ: Դրանք գալիս խցկվում են, և մարդիկ, դասականը թողնելով, այդ են կարդում: Այս իմաստով տեսնում ենք, որ փաստորեն արժևորվում է, այլ հարց է, որ այդ արժևորումը ես սխալ եմ համարում»:

Ադամյան Վեռա – Գրականագետ, ռուս գրականության դասախոս

«Շատ մտահոգիչ է  ժամանակակից գրականության վիճակը, այն գնալով արժերկվում է, որովհետև մեր գրականությունը դադարել է շարունակել այն բարձր ավանդույթները, որը բնորոշ է եղել մեր երկրին:  2001 թ.-ից շատ գրական գործիչներ փորձեցին կապկել եվրոպական գեղագիտության մեջ վաղուց մերժված որոշ սկզբունքներին: Մասնավորապես հռչակվեց, որ պոեզիան լեզվական մի գործառույթ է, որի էությունը լեզուն անգործառույթ դարձնելն է, դադարեցնել հաղորդակցական և տեղեկատվական ֆունկցիան: Այսպիսի գրականության պատճառով սրվել է բացահայտ պակասը ժամանակակից գրականության նկատմամբ: Հին գրականության արդյունքը ես արդեն տեսնում եմ: Այնպես չէ, որ ասում եմ՝ գրականություն չկա: Ես հինգ հարյուր հոգու ասում եմ ոչ (այդ թվում նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարթ Միլիտոնյանին), և նշում եմ  չորս տասնյակ տաղանդավոր հեղինակների: Մենք գրողներ ունենք և չափից ավելի շատ, մեր խնդիրը հանրահռչակելն է նրանցից լավագույններին»:

Աբգար Ափինյան – հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

«Ժամանակակից գրականությունը բազմաոճ է և բազմադեմ, հետևաբար գնահատել անկարելի է։ Այն տրանսֆորմացվում է՝ ըստ մեր արժեքների փոփոխության, հետևաբար արժևորումներն ու արժեզրնումներն էլ համարժեք են մեր իրականությանը։ Օրինակ, երբ ժամանակը ապահերոսական է, չի կարող հերոսական ու ռոմանտիկ գրականություն ստեղծվել։ Նույն է թե՝ Սևակի ժամանակ Նահապետ Քուչակ փնտրես»։

Անի Հովնան – գրականագետ

«Գրող դառնալը շատ հեշտ է: Չկա մի հրեշ, որը չկարողանա գտնել իր համար կողակից, և չկա մի անհեթեթություն, որը չկարողանա գտնել իր համար հարմար ընթերցող», – այս խոսքերը ռուս գրող Անտոն Չեխովինն է, տեսնենք ինչպես են գնահատում հայ ժամանակակից գրականության վիճակը ժամանակակից գրողները:

«Բարձրի ու ցածրի սահմանները արդեն շատ աղոտանում են, և աստիճանակարգեր այլևս չկան: Ամեն ինչ որոշում է ենթատեսքստը, էսթետիկան, կատարումը: Հստակ չեն արժեքները, որոնք թույլ կտան որակել որևէ ստեղծագործություն: Եթե նախկինում դրանք գերազանցապես բարոյագիտական էին և կատարում էին կրթական, լուսավորչական դեր, գրողներին վերագրում էինք ազգապահպան դեր, նրանք ստիպված վերցնում էին  իրենց վրա մի գործառույթ, ինչը այդքան էլ գրականությանը չէ:  Իներցիան դեռ շարունակվում է,  չնայած մենք ունենք պետական ինստիտուտներ, որոնք պիտի կատարեն այս դերերը, բայց մենք դեռ գրականությունից ակնկալում ենք այդպիսի արդյունքներ»:

 Մարիամ Կարապետյան

«Ժամանակակից գրականությունը արժևորվում է արժեքավոր գրողների միջոցով, օրինակ՝ Հակոբ Մովսեսի,  Գուրգեն Խանջյանի, Հուսիկ Արայի, Էդվարդ Հարենցի և այլն: Ցանկացած ոլորտում արժեզրկողները միշտ շատ են լինում, բայց իրենց կշիրը երկարատև չէ: Նրանք պարզապես լուրջ չեն վերաբերվում գրականությանը: Կա մի մասսա, որոնք գրականությունը դարձրել են կեղտոտ բիզնես: Կարող են գրքի շնորհանդես անել և ստիպել իրենց բարեկամներին, որ գան գիրք առնեն: Ես գտնում եմ, որ, գրականությունը PR-ի կարիք չունի: Գրականությունը հին չի լինում: Մեր միջնադարյան գրականությունը էդ ժամանակը ապրեցնողն ու կրողն է: Բայց գրականության պրոբլեմը շատ լավ գրողներին մոռանալն ու չանդրադառնալն է: Օրինակ Արարատ Մկրտումյանը, Սլավիկ Չիլոյանը, Ավդալյան Աշոտը: Կան հին մեծեր, որոնք չեն մոռացվի: Չարենցի մինչ այսօր արդիական է, ավելին, նրանք նոր են բացահայտնվում»:

Ռազմիկ Գրիգորյան

«Կան ժամանանակակից և ժամանակավոր գրողներ: Մենք պետք է հասկանանք, թե կոնկրետ ում մասին ենք խոսում: Հիմա յուրաքանչյու մարդ հինգ րոպեում կարող է բացել օնլայն հարթակ, իր տեքստերը գցի էնտեղ և հռչակվի ժամանակակից գրող: Այդ նույն տեքստերը կարող են կարդալ միայն իր նեղ շրջապատի ընկները, բարեկամները, և համարեն նրան հանճար: Եթե մենք արժեզրկվել ասելով նկատի ունենք էդ շերտը` դա գրականություն չէ, այլ պարզապես տեքստ: Երկրորդ շերտը թեմաների ընտրությունն է` սատանիստական, սեքսիստական, ֆաշիստական և այլ թեմաները: Գրականության մեջ չկա էդպիսի թեմա, որի մասին արգելված է խոսել, եթե կա այդպիսի թեմա, ուրեմն ստալինյան ժամանակը դեռ չի վերջացե»:

Գար Սու

«Իհարկե հիմա շատերն են փորձում գրականության դերը նսեմացնել՝ ստեղծելով անասելիք գրականություն, բայց քանի իրական աժեքներ ստեղծողներ կան, չի կարող գրականության դերն արժեզրկվել։ Առաջին հերթին, ցավալիորեն, ով չի ալարում, երկու տող կպցնում է իրար ու գիրք է տպում՝ բազմաթիվ սխալներով։ Չկա վերահսկողություն, առողջ գրաքննադատություն, դաշտը վերածվել է քաոսի, ամենաթողություն է։ Էլ չասեմ օտար աղբանոցները պեղող, այսպես կոչված գրողներին, ովքեր օտար ու այլասերված բարքեր են բերում ու փորձում խցկվել գրական դաշտ՝ ապակողմնորոշելով ընթերցողին»։

Հայուհի Սուսաննա Ղազարյան

«Գրականությունը երբեք չի կարող արժեզրկվել, որովհետև այն մեր հոգևոր դաշտի արտացոլումն է: Կարող է մոռացության մատնվել, ավելի քիչ դեր ունենալ մեր կյանքում: Այսօր տխուր իրավիճակ է, որովհետև բացակայում է հիմնային գիտելիքը, որն է հոգևորը գիտելիքը, վերլուծելու, զգալու կարողությունը: Հետևաբար, այս առումով լրահոսը մեծ ճնշում է գործադրում, մենք խրված ենք կենցաղի մեջ, տեսքտ ենք կարդում, բայց այդ տեքստը մեր հոգևոր դաշտը չի լցնում, հակառակը` հյուծում է: Դրա արդյունքում մենք դառնում ենք ինֆորմացված, բայց գիտելիքից զրկված: Այս առումով գրականության համար տխուր ժամանակներ են: Ոչ թե հինը մեխանիկորեն պիտի բերենք ներկա, այլ այդ ամենը պիտի յուրացված լինի: Նա այդ ամենի միջով պիտի անցնի,  ենթագիտակցական մակարդակում մարսի և ստեղծի իրենը»:

Վահե Արսեն

«Այսօրվա գրականությունը ինձ համար ազատության ձգտող գրականություն է:  Միշտ էլ սկիզբը դժվար է։ Առաջին քարը, որ հիմք պետք է դառնա, չի ողջունվում։ Բայց մենք չենք նեղսրտում։ Ամեն մեկս մեր գրական գործն ենք անում, ինչն էլ արժևորվում է։ Ընթերցողի, նկատի ունեմ քանակի վրա, ես շատ չեմ կենտրոնանում, որովհետև ամեն գրող իր ընթերցողը ունի։ Իսկ ինձ համար կարևոր է իմ ընթերցողը։ Եթե մեկը կասի, որ ինքը գրում է, ու իր համար մեկ է, թե իրեն ոնց կընդունեն, կարծում եմ` սխալ է, չկա նման բան։ Ես, օրինակ, չեմ ամաչում, որ ասեմ` ես գրում եմ, որ ինձ սիրեն։ Եթե ոչ` չեմ անի մի բան, որի պահանջը չկա։ Պահանջը նաև ես եմ թելադրում։ Իսկ այսօր կան գրողներ, որ չեն գնում այն պահանջի ետևից, որը իբր պահանջվում է։ Չարենցի պակասը միշտ եմ զգում։ Գրեթե ամեն օր Չարենց եմ կարդում։ Իհարկե մեզնից առաջ եղել են գրողներ, որի պակասը կա։ Բայց այդ պակասը նրանց գրականության մասին շատ բան չիմանալու մեջ է, ոչ թե մեր` լրացնելու։  Մենք միանշանակ չենք կարող Չարենց լինել։ Բայց ես ուզում եմ, որ մեր սերունդը ունենա Չարենց»։

Արթուր Հայրապետյան

«Չի կարելի միանշանակ պնդել, թե ինչպիսին է գրականության արդի վիճակը: Ճիշտ է, համացանցային դարում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը մարել է, այդուհանդերձ, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում կազմակերպվում են գրքի, գրականության փառատոններ, գրողները խրախուսվում են հասարակական կազմակերպությունների և պետության մակարդակով: Գիրք կարդալ, կրթություն ստանալ, ինքնակրթվել գեղարվեստական գրականությամբ՝ նույնիսկ ամենասառնասիրտ պաշտոնյային դարձնում է ավելի լավ մասնագետ, ու ինչու չէ, ավելի բարեկիրթ ու ներկայանալի: Այդուհանդերձ, գրողների սոցիալական վիճակը կարելի է անմխիթար համարել, որոշները գրում են այսպես ասած հանուն արվեստի, մշակույթի, գրականության ՈԳՈՒ, մյուսները՝ ճարպկորեն կարողանում են տարբեր մրցանակներ ու գումարներ կորզել, գրքեր հրատարակել, բարեկեցիկ կյանքի պատրանք ստեղծելով իրենց համար»:

Արա Ալոյան

«Կարծում եմ, ժամանակակից գրականությունը զարգանում է իր հունով, և որևէ անհանգստանալու կարիք չկա: Այն կարող է տարաբնույթ տրանսֆորմացիաների ենթարկվել ժամանակի պահանջներին համահունչ, նոր դերեր վերցնել իր վրա, ինչպես օրինակ՝ լինել աղբյուր ու հիմք ֆիլմարտադրության համար, և կարող է կորցնել իր նախկին դերերից որոշները, ինչպես օրինակ մասսայական պրոպագանդայի, իսկ ավելի վաղ՝ լուսավորչականության գործիք ծառայելը, սակայն այդ ամենով հանդերձ առաջին հերթին հենց գրական, փիլիսոփայական ու արվեստային խնդիրներ լուծելուն միտված լինել: Գրականության դերի մասին միանշանակ կարծիք գոյություն չունի. ոմանք համոզված են, որ գրականությունը պարտավոր է կրթել, մյուսները՝ մի այլ բան, սակայն ես համաձայն չեմ, թե գրականությունը որևէ մեկին ինչ-որ բան է պարտք, ըստ այդմ համարում եմ, որ գրականությունն ինքնաբավ երևույթ է և ինքն իրենով զբաղվելու բավականաչափ հարցեր ունի: Այլ բան է, որ շատերը գրականությունից ակնկալիքներ ունեն, որոնք թերևս հնացած են: Գրականությունը ոչ թե արժևորվում կամ արժեզրկվում է, այլ գրականությունն ու նրա ընկալումները փոխվում են»:

Դասական գրականության պակասը չեմ զգում, որովհետև այն կա և ժամանակ առ ժամանակ վերընթերցում եմ որոշ գործեր, բայց եթե նկատի ունեք դասական ոճը ժամանակակից գրականության մեջ, ապա դա անիմաստ եմ համարում: Ամեն ժամանակ իր գրականությունն ու արվեստն ունի: Իհարկե, կարող են լինել հղումներ դասկանին, կարող են լինել ինտերտեքստեր և այլն, բայց դա այլ բան է: Դասական գրականության բոլոր նմուշներն իրենց ժամանակին եղել են ժամանակակից, ավելին՝ արվեստում և գրականության մեջ ամենատարածված մոտեցումներից մեկը եղել է նախկիններին ժխտելը, վերաիմաստավորելը, նախկինների հետ վիճելը և այլն: Այդպես է զարգացել գրականությունը: Եթե ամեն հաջորդ եկող չփորձեր հաստատել նորը, չկռվեր նախկինների հետ, զարգացում չէր լինի»:

Սարգիս Հովսեփյան

«Ինձ համար գրականությունը կատվի նման է, ոնց ուզի, էնպես կապրի, իսկ դու պետք է շնորհակալ լինես, որ երբեմն ինքը քեզ հնարավորություն է տալիս իրենով ինքդ քեզ  խնամելու: Կարծում եմ` այսօրվա գրականությունը կամա, թե ակամա իր վրա կրում է պատմության, անցյալի բեռը: Անհնար է պատկերացնել ժամանակից անջատ որևէ գրական գործ, ավելին՝ ինչ-որ նեղ, ինչ-որ չափով յուրաքանչյուր պայմանական փուլ կանխորոշում է հաջորդին»:

Արամ Մամիկոնյան

«Ժամանակակից հայ գրականությունն ունի  հրաշալի, մնայուն գործեր. հարստացել է նաև գրականության աղբարկղը:  Այսօր  դրական շարժ եմ նկատում ընթերցանության առումով: Հաջող ստեղծագործությունն արժևորվում է տաղանդավոր ընթերցողի կողմից, իսկ անտարբերությունը ժամանակավորապես արժեզրկման փորձ  անում: Եթե հնի պակաս զգամ, կկարդամ դասական գրականություն, ուսումնասիրում եմ նաև արտասահմանյան արդի գրականության գործեր, հետաքրքիր է՝ աշխարհի մոյւս մասում ինչպե՞ս են գրում, ո՞նց են մատուցում նյութը:  Որքան էլ նոր ձևեր բերվեն, միևնույնն է, բազմաթիվ թելերով կապված ենք դասական գրականության հետ… Հնի մասին գրելիս էլ նոր լեզվով ու նորովի պետք է մատուցել»:

Էլֆիկ Զոհրաբյան

«Հինը վերադարձնելու էդպիսի կոնկրետ ցանկություն չեմ ունեցել, բայց որ տենց խաղեր եմ նկատում, դուրս շատ գալիս ա, նկատի ունեմ, երբ հղումներով կամ հին գրողներին բերում մտցնում են իրենց գործի մեջ ու սկսում են խոսել հետները։ Իսկ լեզվի առումով, չգիտեմ, ամեն դեպքում հավատում եմ, որ ամեն ժամանակաշրջան իրա լեզվի շերտերն ունի, ու ափսոս ա էդ շերտերի հետ աշխատելու փոխարեն վերադառնալ հներին»:

Հովհանես Իշխանյան

«Իմ համեստ կարծիքով՝ ո՛չ, չի՛ արժեզրկվում, կան շատ հետաքրքիր հեղինակներ, որոնք լավ գործեր են ստեղծում: Գուցե չկա ամբողջական գրական դպրոց, և հեղինակներն առանձին միավորներ են, բայց դա, ըստ իս, բնավ չի խոսում արժեզրկման մասին։ Հակառակը, երբեմն զգում եմ հնի ավելցուկը։ նոր գրականությունը պետք է ունենա նոր լեզու ու նոր մոտեցում: Իհարկե, դա չի նշանակում, որ հինը պետք է մոռացվի կամ անտեսվի, այն ամեն դեպքում կա հիմքում, բայց չպետք է գերակայող լինել, ամեն սերունդ պետք է գտնի գրելու ու խոսելու իր լեզուն ու մոտեցումները»:

Արտավազդ Եիազարյան

Այս ամնից կարելի է հետևություն անել. կարդալ ժամանակակից, թե դասական` ընթերցողի ընտրությունն է, կարևորը` չդադարել ընթերցել:

Անի Վաթինյան

4-րդ կուրս

Կիսվել