Սկսնակ դերասանը՝ երազանքի ճանապարհին

Սկսնակ դերասանը՝ երազանքի ճանապարհին

1167

«Ինձ առաջարկեցին նկարահանվել մի քանի օրվա համար, և ես համաձայնվեցի։ Հետո այնպես ստացվեց, որ իմ կերպարը դուր եկավ մարդկանց և դարձավ շարունակական կերպար»,- պատմում է «Խաբկանք» հեռուստասերիալի դերասան Աշոտը։ Միամգամից ասել են, որ պետք է հենց ինքը խաղա այդ դերը։

Աշոտի մանկության մեծ երազանքն էր դերասան դառնալը, և նա այսօր իր երազանքի ճանապարհին է։ Սովորել է Աբելյանի դերասանի դպրոցում, մասնագիտական գիտելիքները ստացել է այնտեղ։ Մեզ հետ զրույցում նշեց. «Եթե մի բանը շատ ես ուզում, երազում ես, ձգտում ու շատ աշխատում, անպայման հասնում ես դրան։ Միշտ պիտի փնտրես քո երազանքը։ Ուր էլ որ լինի, անպայման կգտնես»․- այս կարգախոսով է շարժվում դերասանը:

«Սա իմ առաջին ու մեծ քայլն էր դեպի սերիալային աշխարհ։ Էլի եմ ունեցել առաջարկներ, հիմնականում էպիզոտիկ դերերի, բայց հրաժարվել եմ. հիմա այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ»,- ասաց մեր զրուցակիցը։

«Արդյո՞ք նմանություններ ունի կերպարի հետ» հարցին պատասխանեց․ «Կերպարի հետ նմանությունները շատ քիչ են, մանավանդ վերջին զարգացումներից հետո, սակայն կա մեկ նմանություն․ իհարկե,  ինքնագովազդ չհնչի, բայց լավ ընկեր եմ»։

Խոսեց նաև ունեցած դժվարությունների մասին․ «Սկզբում կար մի փոքր ճնշվածություն, քանի որ առաջին անգամ էի այդ ոլորտում և փորձում էի այնպես անել, որ ամեն ինչ առանց խոչընդոտների ընթանար։ Հիմա ամեն ինչ կարգին է, բոլորի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ»։

 Աշոտը սիրում է դիտել հին հայկական ֆիլմեր, ասում է՝ շատ բան ունի սովորելու մեր հին դերասաններից։ Հիմնականում ֆիլմերը դիտում է ըստ հոգեվիճակի։ «Նայած թե այդ օրը ինչ տրամադրություն ունեմ»,- ասում է։

Աշոտը նաև Էլ-Մար սինեմա ստուդիոյի դերասան է։ Խաղացել է մի շարք ներկայացումներում։ «Թատրոն, թե՞ կինո» հարցին պատասխանեց․ «Առանց թատրոն ուղղակի չեմ կարող պատկերացնել ինձ, իսկ կինոյում նկարահանվելը դեռ մանկության երազանք էր. երկրորդական չեմ կարող համարել»։

Դերասանի խոսքով՝ դեռ շատ նոր ծրագրեում կտեսնենք իրեն։

Էլեն Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել