«Զանգում եմ ԱԻՆ, որ գան, ինձ հինգերորդ հարկից իջացնեն». հաշմանդամություն ունեցող անձը...

«Զանգում եմ ԱԻՆ, որ գան, ինձ հինգերորդ հարկից իջացնեն». հաշմանդամություն ունեցող անձը խնամակալ է փնտրում

699

Արտակ Նիկողոսյանն ապրում է Արտաշատում՝ իր ծեր մայրիկի հետ: Մայրը ինսուլտ է տարել և ունի խնամքի կարիք, մինչդեռ Արտակը չի կարողանում անգամ ինքնուրույն բարձրանալ անկողնուց։ Նա մասնակցել է 1992-1994 թթ. Արցախյան ազատամարտին, որի հետևանքով էլ հաշմանդամություն է ձեռք բերել։

«Թալիշի անտառում էինք, գիշեր էր, տարածքի կեսը մերն էր այդ պահին, մյուս կեսը` ադրբեջանցիներինը: Մտել էինք մեր զոհերի դիերը հավաքելու: Կայծակի նման մի հարված եմ հիշում այդ գիշերից ու էլ ոչինչ»:

Արտակը ծանր վիրավորում ու կանտուզիա է ստացել: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն հետագա դժվարությունները շարունակվում են մինչև օրս: Կորցրել է կնոջը և երեխային, որոնք Արտակին լքել են: Կինը չի ցանկացել ապրել իր հետ և բաժանվել է: Երեխաների մասին չի ցանկանում խոսել. «Ես նրանց ուղղակի պետք չեմ: Աղջիկս շատ հարուստ է հիմա, և ինձ խնամելը կոպեկների հարց է նրա համար, բայց ինձ այդ օգնությունը պետք չէ»:

Հաշմանդամություն ունեցող Նիկողոսյանը ոչ մեկին չի մեղադրում, փորձում է իր ուժերի ներածին չափով առավելագույնը անել իր և իր մայրիկի համար, սակայն նա ինքը մշտական  օգնության կարիք ունի: Պատմում  է, որ իրեն հասնող թոշակը պետությունը տալիս է, երբեմն էլ մարզպետարանը կամ քաղաքապետարանն է օգնում, բայց իրեն ոչ միայն գումար, այլև խնամող է պետք: «Ես ինքս հենց հիմա էլ պատրաստ եմ վճարել մինչև 50,000 դրամ ու տրամադրել մնալու տեղ, միայն թե ինձ ու մորս խնամեն, կամ գոնե ինձ խնամեն, որ ես էլ կարողանամ մի քիչ ոտքի կանգնել, մորս խնամել»:

Նաև պատմում է, որ նախկինում իր առողջական վիճակն ավելի լավ է եղել,  հորը մինչև մահ ինքն է խնամել, ստացել են  նաև հոր թոշակը և ծայրը ծայրին հասցրել, բայց հիմա՝ հոր մահից հետո, դժվարացել է խնդիրների լուծումը: «Ժամանակ առ ժամանակ, երբ ֆինանսական միջոցներ եմ ունենում, օրավարձով մարդ եմ կանչում, բայց դա խնդրի լուծում չէ»:

Խոսելով իր և իր վիճակում գտնվող այլ մարդկանց մասին՝ նկատում է, որ ոչինչ էլ չի փոխվել ժամանակի ընթացքում, ճիշտ է՝ մի քիչ դրական շարժ նկատել է ներկայիս իշխանությունների ժամանակ, սակայն միևնույնն է ՝ խնամակալի կարիք ունեցողների մասին ոչ մի որոշում չկա: Զրուցակիցս բերում է եվրոպական երկրների օրինակները, թե ինչպես է պետությունը խնամակալ վարձում պատերազմական գործողություններից հաշմանդամություն ձեռք բերածների համար: Շեշտում է, որ Հայաստանը դեռ շատ հետ է այս առումով և դժվար էլ հասնի Եվրոպային: «Իշխանությունները երևի չեն էլ մտածում այս մասին, որովհետև ձեն հանող չկա, չկա խնդիր բարձրաձայնող, չկա լուծում, բայց ես ուզում եմ, որ ուշադրություն դարձնեն այս խնդրին»:

Նրան օգնության ձեռք են մեկնել շատ պաշտոնյաներ՝ բժիշկներ, քաղաքապետարանի ու մարզպետարանի աշխատակիցներ, խոստացել «մի բան անել», սակայն դեռևս ոչ մի արդյունք չկա:

«Երբեմն շտապ օգնության մեքենա եմ կանչում, ասում են ՝ եթե կորոնավիրուս չես, սպասի, կամ էլ զանգում եմ ԱԻՆ, որ գան, ինձ հինգերորդ հարկից իջացնեն , գնամ հիվանդանոց, ասում են՝ դա մեր պարտականությունը չէ, զանգի մարզպետարան, մարզպետարանից, թե զանգի քաղաքապետարան ու էսպես իրար վրա են գցում, բայց եթե դուրս գայի ու ընկնեի, ԱԻՆ-ը կգար, մի մեծ աղմուկ կբարձրանար»:

Վերջերս Արթուր Թորոսյանը, ով աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում և Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի բարեկամն է, խոստացել է բարձրաձայնել, օգնել, որ հարցը  ԱԺ մտնի ու լուծում ստանա:

Արտակին մարզպետարանից վերջերս հրավիրել են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերածների հետ հանդիպման։ Նա գնացել է, դա ավելի է նպասել, որ բարձրաձայնի խնդրի մասին, քանի որ նրա նման խնդիր ունեցողների թիվն աճել է։

Արտակին հաճախ ասում են, որ անիմաստ է խնդրի մասին բարձրաձայնելը, որովհետև լուծումը շատ է ուշանում ու երևի այսպես էլ կմնա, բայց Արտակը վստահ է ՝ մի քիչ համարձակ պետք է լինել, ու ամեն ինչ կստացվի:

«Քրոջս տղան էս վերջին պատերազմներին մասնակցել ու էլի վիրավոր է, կարգի խնդիր ունի, չեն տալիս կարգ, նրան էլ է այսպիսի դաժան ճակատագիր սպասվում…»:

ՀՀ կառավարությունը միայն թոշակներ է տրամադրում պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած անձանց , ինչպես նաև՝ առաջին բժշկական օգնություն, ոչ մի որոշում չկա հաշմանդամություն ունեցողների հետագա խնամքի մասին, եթե նրանք միայնակ են:

Արտակը, որ մի ժամանակ ավելի լավ է եղել և ձեռնափայտով քայլել է, այսօր փնտրում է մարդու, ով իրեն գոնե դեղեր կտա, կխնամի, լավատեսորեն հույս է հայտնում, որ մի օր կհիշեն իրենց մասին և քայլեր կձեռնարկեն:

Անահիտ Սվարյան

2-րդ կուրս

Կիսվել