Օրըստօրե համացանցից օգտվողների թիվն աճում է. 2020 թ.-ին այն գերազանցել է 5 միլիարդը: Այդպիսի հսկայական չափով օգտագործողների պարագայում կիբերտարածությունը իդեալական տիրույթ է նաև հանցագործների համար: Կիբերհանցագործները կարող են մնալ անանուն և ձեռք բերել այն անձնական տեղեկատվությունը, որը մենք գիտակցաբար կամ պատահաբար թողնում ենք առցանց տիրույթում:
Կիբերհանցագործությունները ուղղված են կամ համակարգիչների կամ այլ էլեկտրոնային սարքերի դեմ, դա կատարվում է համակարգչի կամ այլ սարքերի միջոցով։ Կիբերհանցագործությունների առավել տարածված տեսակներից են համակարգչային ծովահենությունը, առցանց խաբեությունները, համակարգչային համակարգերի դեմ հարձակումները, անձնական տվյալների գողությունը, անօրինական կամ արգելված տեղեկատվության տարածումը:
Ցավոք, տեխնոլոգիական առաջընթացը չի նպաստել իրավախախտներին հեշտությամբ հայտնաբերելուն և պատասխանատվության ենթարկելուն: Կիբերհանցագործն իրականացնում է իր գործունեությունն անանուն, ինչն էլ բարդացնում է իրավապահ մարմինների կողմից նրա տեղորոշման հարցը: Այսօր կիբերհանցավորությունը վերածվել է բիզնեսի, որն ունի տարեկան 3 տրիլիոն դոլար եկամուտ: «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներ չունեն համապատասխան կարգավորումներ և ֆինանսական կարողություններ կիբերհանցագործությունների դեմ պայքարելու համար: Ուստի զարմանալի չէ այն, որ կիբերհանցագործությունները առավել տարածված են զարգացող երկրներում»,-Journalist.am-ի հետ զրույցում նշում է տեղեկատվական անվտանգության մասնագետ և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննչական կոմիտեում գրեթե այնքան հանցագործություններ են քննվել կիբերանվտանգության գործերով, որքան 2019 թվականին»,-մեզ հետ զրույցում նշել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել 118 հանցագործության վերաբերյալ գործեր, որոնցից 64-ը վերաբերել են համակարգչային տեխնոլոգիաներով կատարված հանցակգործություններին։ Միայն Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության վարույթ ընդունվել է 94 գործ։
Ներկայումս Հայաստանում կիբերհանցագործների համար թիրախային են անհատները, էկեկտրոնային առևտուր իրականացնողները և բանկերը: Անհատների դեմ ուղղված կիբերհանցագործություններն ամենահաճախը իրականացվում են ադրբեջանցիների կողմից: Նրանց համար տուժողի անձը երկրորդային է, առաջնայինը հայ լինելու հանգամանքն է: Հատկապես շատ եղան նման դեպքեր 2021 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, երբ ադրբեջանցիները կոտրում էին հայկական օգտատերերի կայքեր ու իրենց ցանկացած տեղեկույթը և՛ փոխանցում, և՛ ստանում էին։ Եղան դեպքեր նաև, երբ կոտրել էին երկու երկրների պաշտոնական անձանց էջերը ևս և տարածել էին ապատեղեկատվություններ։
Սամվել Մարտիրոսյանը նշում է նաև, որ բիզնեսի տեսանկյունից թիրախային են էլեկտրոնային առևտուր իրականացնողները և բանկերը: Իսկ ինչ վերաբերում է մեր պետական կայքերի պաշտպանության մակարդակին, Մարտիրոսյանը ասում է, որ պետական կայքերը բավարար պաշտպանված են, սակայն խնդիրը ոչ թե կայքի, այլ տեղեկատվության պաշտպանությունն է: Վերջինիս պաշտպանության համար պահանջվում է կրթված աշխատակազմ, ինչը Հայաստանի համար վիճահարույց է։ 2001թ.-ին Հայաստանը ստորագրել է «Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիան, սակայն դա հիմք չէ հայ-ադրբեջանական կիբերպատերազմները իրավական հարթություն տեղափոխելու համար, քանզի թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը միջոցներ չեն ձեռնարկի թշնամու կայքերը ջարդող սեփական կիբերհանցագործներին հայտնաբերելու համար:
Համակարգչային խարդախություններ՝ բանկային քարտերի միջոցով
Կիբերհանցագործությունների առավել տարածված տեսակ են տնտեսական համակարգչային հանցագործությունները: Դրանք հանցագործներին բերում են միլիոնավոր ԱՄՆ դոլարների ապօրինի եկամուտ: Համակարգչային խարդախությունը հիմնականում կատարվում է բանկային հաշիվների և բանկային քարտերի միջոցով: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից 2020թ.-ի վերջին 5 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերի ամփոփ հաշվետվության մեջ նկատվում է արձանագրված դեպքերի կտրուկ աճ: Վերը նշված ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություն կատարելու 14 (Քր. Օրենսգիրք, հոդված 181), համակարգչային սաբոտաժի 10 (հոդված 253), համակարգչային տեղեկատվությանը ապօրինի տիրանալու 20 (հոդված 254), պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ տարածելու 8(հոդված 263) դեպք:
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ 2019 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր վարչական շրջանների և մարզերի իրավապահ ստորաբաժանումներում բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվել են նույնաբովանդակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ այն մասին, որ Facebook սոցիալական ցանցում Varker Sev Cucakum Gtnvoxnerin և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ գրանցված մի քանի անհատական հաշիվների օգտատերը(երը), տարաբնույթ խոստումներ տալով, այն է՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու պատրվակով, նրանցից պահանջել և ստացել է հարյուրավոր հազար դրամներ, սակայն համապատասխան փոխանցումներ ստանալուց հետո հիշյալ էջերին քաղաքացիների հասանելիությունն արգելափակվել է: Քաղաքացի Շուշաննա Ս. ևս դարձել է նման կիբերհանցագործության զոհը. մեզ հետ զրույցում նա պատմեց, որ ցանկացել է գնել Instagram-յան շատ հետևորդներ ունեցող էջ, որը վաճառվում էր, գումարը փոխանցել է իրենց տված հաշվեհամարին, բայց դրանից հետո չի կարողացել կապ հաստատել իր հետ պայմանավորվածություն ձեռք բերած անձի հետ։
Միջազգային պրակտիկայում բանկային պլաստիկ քարտերով կատարվող հանցագործությունները դրսևորվում են կորցրած կամ գողացված քարտերով, կեղծ վճարային քարտերի պատրաստմամբ կամ օգտագործմամբ, առանց քարտի ներկայացման քարտային հաշվի վերաբերյալ տեղեկատվության ապօրինի օգտագործմամբ և քարտապանի կողմից կատարվող հանցագործություններով:
Ներկայումս կիբերհանցագործությունները այնքան լայն տարածում ունեն, որ դրանցից ամեն վայրկյան տուժում է 14 չափահաս, իսկ ընդհանուր տուժողների թիվը 431 միլիոն է:
Հոգեբան Սուսաննա Մկրտչյանը Journalist.am-ի հետ զրույցում նշում է, որ կիբերհանցագործության դեմ պայքարը պետք է ծավալի յուրաքանչյուրը` օգտվելով անվտանգության կանոններից: Ամենապարզ ուղին սովորելն է, և կարողանալ ճիշտ պահին ճիշտ կողմնորոշվել։ Իսկ Սամվել Մարտիրոսյանը նշում է մի քանի խորհուրդներ, որոնք ավելի զգոն կդարձնեն մարդկանց.
1. անհրաժեշտ է միշտ ստուգել տվյալ կայքի վստահելիությունը,
2. անհրաժեշտ է խուսափել հանրային համակարգիչների միջոցով վարկային քարտով վճարում կատարելուց,
3. պարտադիր է հավաստիանալ կայքերի վստահելիության և օրինակարգության մեջ՝ նախքան առցանց գնումներ կատարելը կամ բանկային տվյալները որևէ նպատակով կիրառելը,
4. պետք է մշտապես թարմացնել համակարգչի ապահովման ծրագրերը,
5. պետք է ընտրել ուժեղ գաղտնաբառեր և հեռու մնալ անծանոթ մարդկանց կասկածելի նամակներից, «հատուկ առաջարկներից», ձեր անձնական տեղեկությունները չտրամադրել անծանոթ միլիոնատերերի, որոնք պատրաստվում են կտակել ձեզ իրենց ունեցվածքը, կասկածելի մրցույթների կազմակերպիչների և կեղծ բանկերի:
Պահպանելով անվտանգության վերոգրյալ կանոնները` զերծ կմնանք խաբեությունից, չենք կորցնի մեր դրամական միջոցները և կնվազեցնենք այս հանցագործություններից տուժողների քանակը։
Անահիտ Քարամյան
2-րդ կուրս