Մանկության կրծքանշանը, գրականությունն ու ԵՊՀ դոցենտ Վաչագան Ավագյանը

Մանկության կրծքանշանը, գրականությունն ու ԵՊՀ դոցենտ Վաչագան Ավագյանը

1183

Գրականության ուսուցչուհու նկատմամբ պատկառանքից ուղղորդված երեխան ժամանակին իր առաջին բանաստեղծական քայլերն էր կատարում՝ չենթադրելով անգամ, որ գրականությունը հետագայում իր տարերքը պիտի դառնա: Մեր հերոսն է Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Ավագյանը:

Այսօր նա նշում է, որ սկզբում ընթերցանությունը ոչ թե գրականության նկատմամբ սիրո, այլ հենց պարտադրանքի հետևանք էր. «Ցանկություն չէր, այլ պարտադրանք, որը մեզ հետապնդում էր, սակայն ի վերջո այդ կինն այնքան ջերմացրեց իմ վերաբերմունքը գրականության նկատմամբ, որ ես սկսեցի նաև ստեղծագործել»։ Վաչագան Ավագյանի հենց այդ բանաստեղծություններից մեկն էլ մի օր պիտի հայտնվեր Համո Սահյանի ձեռքերում: «Ես երբեք չեմ մոռանա նրա հետ հանդիպումը: Նա, իմ ձեռքը բռնած, տարավ ինձ: Այդ օրը նա գլուխս շոյեց և ասաց. «Շարունակի՛ր ստեղծագործել: Բոլորն էլ պետք է անցնեն ճանապարհ, և դու չպետք է սպասես, որ քո առաջին ոտանավորները կարող են ստացվել, բայց ստեղծագործի՛ր և սիրի՛ր գրականությունը»»,-պատմում է Վաչագանը: Արդեն տարիներ անց բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողը Սահյանի կյանքի մայրամուտին պետք է նստեր նրա անկողնու առջև՝ փորձելով հիշեցնել այդ օրը:

Անցյալի հիշողությունները հոգում պահելով՝ մեր զրուցակիցն ասում է, որ չգիտի, թե երբ կտրվեց իր մանկության թելը (իսկ գուցե այն մինչև այժմ էլ չի՞ կտրվել….) Իսկ հիշել մանկությունն ու պատանեկությունը չի փորձի, քանի որ հիշելու համար ինչ-որ տեղ պետք է կտրված լինի դրանցից, սակայն դրանք շարունակ իր հետ են: Ընկերները հաճախ են բարեկամաբար քննադատում նրան այն բանի համար, որ շատ է ապրում անցյալով: Սակայն նրա համոզմունքն է, որ շատ ավելի լավ է ապրել անցյալով, եթե այդ անցյալը քեզ կարող է հոգեկան բավարարվածություն պարգևել ներկայում. «Ինձ համար պատմություններն ավելի քաղցր են, քան թե այսօրվա հանդիպումները: Իսկ ո՞րն է դրա գլխավոր պատճառը: Գուցե այն, որ տարիները շատ բան են փոխել, սակայն չեն կարողացել ջնջել անցյալի գեղեցիկ ակնթարթները»:

Մանկության հիշողություններից, այդուամենայնիվ, առանձնացնում է մեկը, երբ ընտանիքի անդամներից թաքուն վերցրել է մայրիկի ոսկե իրերը և, լցնելով դրանք տաբատի գրպանը, հաջորդ առավոտյան դրանցով գնացել մանկապարտեզ. «Երեխաներից մեկի մոտ խաղալիք ոզնի էի տեսել, փոխանակեցի, երկրորդի մոտ մի կրծքանշան կար։ Ճիշտ է, դժվարությամբ, բայց կարողացա համոզել նրան՝ փոխարենը տալով ոսկե շղթան: Հաջող փոխանակումները կատարած՝ երեկոյան գնացի տուն» (Ծիծաղում է): Իհարկե, հաջորդ օրը երեխաների ծնողները գալիս են մանկապարտեզ՝ պարզելու, թե իրենց երեխաների մոտ ինչպես են հայտնվել այդ ոսկե իրերը: Իսկ դաստիրակչուհին՝ ընկեր Արփիկը, երբ երեխաներն ասում են, որ դրանք իրենց Վաչիկն է տվել, հարցնում է նրան՝ որտեղից այդ իրերը: Վաչիկը փորձում է մի քանի պատմություններ հորինել, սակայն ոչ ոք չի հավատում: Եվ, ի վերջո, հաջորդ առավոտյան մանկապարտեզ են կանչում նրա մայրիկին, որը, տեսնելով այդ իրերը, հասկանում է, որ դրանք իրենցն են, սակայն չի հասկանում, թե ինչպես են դրանք հայտնվել մանկապարտեզի սեղանին: Ի վերջո մայրիկը կարողանում է հավատացնել, որ դրանք իրենցն են և հետ վերցնել: Սակայն Արայի կրծքանշանն այդպես էլ մնում է Վաչիկի մոտ (Արա էր կրծքանշանը տված տղայի անունը):

Ընկերների հետ շփումը ներկայումս էլ շարունակվում է, իսկ Արայի տված կրծքանշանը դեռ այսօր էլ դրված է տան պահարանում: Այն ժամանակ Վաչագանը չէր էլ հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կապույտ ֆոնով կրծքանշանը, և միայն հետագայում պետք է հասկանար, որ դա եղեռնի խորհրդանիշն է. «Ես այն պահել եմ մինչև այսօր, և ամեն անգամ Եղեռնի հերթական տարելիցին ես այն փակցնում եմ իմ կրծքին, երբ բարձրանում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ճանապարհին հիշելով մորս, Արային և այդ պատմությունը»:

Այսօր մանկության ընկերների հետ ամեն մի հանդիպում գուցե մի նոր արկածի սկիզբ է: Մինչդեռ անցյալի անմոռանալի հիշողությունները շարունակում են հնչել հանդիպումների ժամանակ՝ հայտնի չէ, թե որերորդ անգամ: Իսկ աշխատանքային միջավայրում իր պարտաճանաչությամբ և բծախնդրությամբ բնորոշվող Վաչագան Ավագյանն առանձնանում է նաև իր մեղմ բնավորությամբ և յուրատեսակ հումորով: ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը, որը, բացի Վաչագան Ավագյանի գործնկերը լինելուց, նաև նրա մտերիմ ընկերն է, պատմում է. «Մի հետաքրքիր պատմություն եմ հիշում այն օրերից, երբ աշխատում էինք գնահատման և թեստավորման կենտրոնում: Առաջին տարին բավականին ծանր էր, և օրեր էին լինում, երբ մենք մինչև ուշ գիշեր էնտեղ էինք լինում: Եվ մի օր եղավ, երբ մեզ պարտադրեցին ամբողջ գիշեր աշխատել, որպեսզի կարողանայինք առավոտյան հասցնել: Բոլորս մեր զայրույթը, ընդվզումն էինք արատահայտում մեզ բնորոշ ձևերով, իսկ Ավագյան Վաչագանի եղանակն ուրիշ էր: Կանգնեց և իրեն բնորոշ հանգիստ ոճով ասաց. «Զարմանալի հիմնարկ է այս հիմնարկը. նախանցած տարի աղջկաս ընդունելության հետ կապված մի հարց կար, ես ցանկանում էի ներս մտնել, և ոչ ոք ինձ դա թույլ չէր տալիս՝ որպես կողմնակի անձնավորության, հիմա գիշերվա կեսն է, ցանկանում եմ գնալ մեր տուն, էլի ոչ ոք ինձ թույլ չի տալիս»: Միայն Վաչիկը կարող էր այդպես հանգիստ, մեղմ հումորով այդպիսի բան ասել»:

Այն նույն այգում, որտեղ նա անցկացրել է իր մանկությունը, ուր հաճախ է փախել ծնողներից՝ ընկերների հետ հեծանիվ քշելու, մենք եզրափակեցինք Վաչագան Ավագյանի հետ մեր զրույցը:

Գրետա Այվազյան

2-րդ կուրս

Կիսվել