«Բոլորիս Ալենը». լույս է տեսել 44-օրյա պատերազում զոհված Ալեն Մարգարյանին նվիրված գիրքը

«Բոլորիս Ալենը». լույս է տեսել 44-օրյա պատերազում զոհված Ալեն Մարգարյանին նվիրված գիրքը

1954

«Հիմա ավելի շատ սիրենք իրար, որովհետև գուցե սա վերջն է». Ալեն Մարգարյան

Մայիսի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը։ Ալենը բազմակողմանի զարգացած երիտասարդ էր, մեծ գրքասեր: Գիրքը կոչվում է «Բոլորիս Ալենը»։ Այն Ալենի ընկերների և ծնողների նախաձեռեռնությունն է։ Գրքում հավաքված են Ալենի ընկերների, բարեկամների և ուսանողների գեղեցիկ հուշերը, որոնց միջոցով ներկայացվում են նրա գաղափարները, ձգտումներն ու երազանքները:

Ալենի մտերիմ ընկեր Շողակաթի խոսքով՝ Ալենի անունը վաղուց արդեն գրքի հոմանիշ էր դարձել, ուստի նրան նվիրված գիրք հրատարակելուց ավելի լավ մտահաղացում չէր կարող լինել։«Ամբողջ աշխատանքային ընթացքում՝ գիրքը գրելիս, ձևավորելիս, խմբագրելիս փորձել ենք առաջնորդվել հենց Ալենի ճաշակով և հույս ունենք, որ ինքը նույնպես գիրքը կհավաներ, այնքան, ինչքան այսօր ես եմ այն հավանում։ Գրքում չկա չափազանցվածություն, ավելորդ հուզականություն, դրամատիկ և վերամբարձ խոսքեր։ Այստեղ տեղ են գտել Ալենի մասին պատմող ջերմ խոսքեր, լուսավոր ու անկեղծ հուշեր»,- ասաց ընկերը:

Պատերազմական ծանր օրերին Շողակաթը, բազմիցս թերթելով Ալենից նվեր ստացած գրքերը, կարդացել է դրանց մակագրությունները և հասկացել, որ բազում գեղեցիկ հիշողություններից բացի՝ իրեն մնացել են գրքեր և երկտողեր: «Կարծեցի՝ գեղեցիկ կլինի, որ շատերը կցանկանային Ալենի մակագրությամբ գրքեր ունենալ: Այդպես ստեղծվեց գիրքը, ընտրեցինք նրա մակագրություններից մեկը, որը տեղադրվեց գրքի սկզբում, որպեսզի յուրաքանչյուրը, ով ձեռք բերի այն, ունենա մի փոքրիկ մասնիկ Ալենից՝ նրա ձեռագրով մակագրված:

««Հուսով եմ՝ մի օր բոլորը կհասնեն մտքի այն հասունությանը, որ գիրք նվեր ստանալուց մեր պես ուրախանան». սա Ալենի ամենամեծ ցանկություններից մեկն էր, երբ գիրքը դառնա յուրաքանչյուրի համար ամենալավ նվերը, ամենասպասելին և սիրելին»,- պատմեց Շողակաթը։

 «Այսօր Ալենի մասին ուզում եմ խոսել ժպիտով, որովհետև այն բազմաթիվ հուշերը, որ Ալենը թողել էր մեզ բոլորիս, բոլորը դրական են, որովհետև ինքը կյանքով էր լեցուն, ինքը սիրով էր, բարությամբ էր լեցուն, և այդ ամենը այնքան շատ էր, որ առանց ժպիտ Ալենին հիշելն ուղղակի հնարավոր չէ»։

Ալենը և իր դասախոսը պատահական են հանդիպել: Մտել է լսարան փոխարինելու համար, սակայն ճակատագիրն այլ կերպ է դասավորվել: «Դասի վերջում Ալենը ասաց. «Դուք եք, չէ՞, լինելու մեր դասախոսը, ընկեր Հակոբյան»։ Ասացի՝ ոչ, քանի որ ես արդեն ունեմ ֆիքսված դասացուցակ, և դա այլևս հնարավոր չէ փոխել»։ Ասաց՝ ո՛չ, դուք դեռ չգիտեք, դուք եք լինելու մեր դասախոսը։ Ինքը շատ քմահաճ էր գիտելիքի առումով: Եթե դու մտնում էիր լսարան, որտեղ Ալենն էր, պետք է շատ զգաստ լինեիր, որևէ վրիպակ չպետք է լիներ, որովհետև նա ամեն ինչ գիտեր իրականում, կատարյալ տիրապետում էր անգլերեն լեզվին, նրա հետ մենք ժամերով խոսում էինք տարբեր բաների շուրջ, դա կարող էր ֆիլմ լինել, ռեժիսոր, արվեստ, արվեստի գործ։ Առաջին դասերի ընթացքում ինձ վրա մեծ տպավորություն գործեց նրա անհավանական անկեղծությունը, որը ուսանողի մոտ քիչ ես տեսնում, երկրորդը՝ նրա մայրապաշտությունը՝ բառի ամենադրական իմաստով: Եթե որևէ այլ բան չպատմեմ Ալենի մասին և կանգ առնեմ այդ երկու ասածներիս վրա, դուք արդեն կարող եք պատկերացնել, թե ով է եղել Ալենը»,- ասաց Ալենի անգլերենի դասախոս Հակոբյանը:

Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, խոսեց Ալենի մասին. «Բացառիկ տղաներ ենք լույս աշխարհ բերել և ուղղակի նվիրել հայ ազգին, նվիրել անմնացորդ, ոչ մի բան չմտածելով՝ պոկել ձեր սրտի ամենաթանկը ու տվել այս աշխարհին, փառք ու պատիվ իմ հերոս տղաներին և նրանց ծնած և սնած մայրերին։ Ուզում եմ մեծագույն սիրով գիրքը նվիրել ձեզ Ալենի անունից և նաև ծաղիկներ, քանի որ ծաղիկներ նվիրելու գերագույն հաճույքը ստացել եմ տարիներ շարունակ Ալենի կողմից, ձեր տղաների անունից։ Խոսքս ուզում եմ սկսել հետևյալ նախադասությամբ՝ կատարելություն, անունդ Ալեն է։ 1999 թվականի փետրվարի 11-ին, փետրվարյան ցրտաշունչ առավոտ, բայց աշխարհը մեծ լույսով լցվեց ու կարծես մի ասուպ պոկվեց երկնքից ու իջավ երկրի վրա, ասուպ, որը պիտի արեգակնային լույսով լցնի աշխարհը, արեգակի ջերմություն սփռեր շրջապատում: Ծնվեց զարմանահրաշ, լուսավոր ու պայծառ մի մանչուկ՝ անսահման լայն ժպիտով ու ջերմ ժպտացող աչքերով, յուրօրինակ հենց ծնված օրից: Այդ առավոտ ես օրհնվեցի՝ դառնալով Ալենի մայրը ու քսանմեկ տարիներ միայն երջանկությամբ, հպարտությամբ, գերագույն բավականությամբ եմ ապրել այդ կարգավիճակով։ Փաստորեն, համոզվեցի նաև, որ ոչ երկրային կյանքում անգամ դարձյալ ստիպում է ինձ վեհ բարձրանալ՝ նրա մասին կարծիքները լսելով։ Անսահման լուսավոր, բարի, խելացի, խաղաղասեր, մարդասեր, կիրթ, հանդուրժող, դրական: Լեզվի մասնագետներն ասում են՝ հայոց լեզուն շատ շքեղ է և հարուստ, բայց երբ խոսքը վերաբերում է Ալենին մակդիրներ ասելուն, հասկանում եմ, թե որքան խեղճ է նաև այդ լեզուն, կարծես աշխարհում ստեղծված բոլոր դրական մակդիրները Ալենի համար ստեղծված լինեն։ Երիտասարդ, որ գեթ մի վայրկյան իր վարքագծում թույլ չի տվել ամաչելու արարք ո՛չ ինձ, ո՛չ շրջապատին, ո՛չ հարազատներին, ո՛չ ուսուցիչներին, ո՛չ կոլեգաներին, ո՛չ ընկերներին և ո՛չ էլ ընդհանրապես անծանոթ մարդկանց, որոնց իր ներսում ունեցած մագնիսով դեպի իրեն էր քաշում։ Կարծես փարոս լիներ, որ լույս էր տալիս մթության մեջ, միշտ սիրում էր ասել, որ ամեն մարդ, լույս աշխարհ գալով, առաքելություն ունի այս աշխարհում և գտնում էր, որ իր առաքելությունը մանկավարժությունն է, սերունդներին կրթելը: Լինելով բազմակողմանի զարգացած, բացառիկ և յուրահատուկ ընդունակությունների տեր՝ մնում էր անսահման համեստ, նյարդայնացնող աստիճանի: Այդպես էլ գնաց՝ չհասկանալով, որ ինքն իսկապես եզակի տեսակ էր, թեկուզ այն բանով, որ ընկերները նրան անվանում էին այլմոլորակային՝ դրանով իսկ փաստելով, որ ինքը նման չէ ոչ մեկին, յուրօրինակ է, բացառիկ և անձնվեր տեսակ էր, անձնազոհ տեսակ էր: Գտնում էր, որ մարդու մեծագույն արժեքը դիմացինին օգտակար լինելու մեջ է, նա այնքան պատրաստակամ էր՝ կիսվելու իր գիտելիքով, օգնության ձեռք մեկնելու, կանգնելու նրա կողքին, ով գեթ մի վայրկյան ուներ իր կարիքը: Այնքան անձնվեր տեսակ էր, որ ամեն Ամանորին մեր առջև շատ խիստ պահանջ էր դնում՝ ասելով՝ եթե իմ վերադարձի տոմսերը կգնեք հունվարի 5-ի համար, ես ձեզ կմիանամ, եթե ոչ՝ կմեկնեք առանց ինձ: Գիտե՞ք ինչու, որովհետև հունվարյան այդ ցուրտ օրերին Գյումրիում նրան էին սպասում իր ուսանողները։ Զարմացած և զայրացած հայացքով ինձնից պատասխան էր պահանջում՝ մա՞մ, դու ուզում ես էրեխեքին զրկել տասը օրվա դասընթացից, դու գիտե՞ս՝ նրանք ամբողջ տարի այդ դասընթացին են սպասել։ Թվում է, թե փոքր մի օրինակ է, բայց շատ վառ օրինակ է անձնազոհության, և ամեն ինչում գերազանցիկ Ալենը չէր կարող ուղղակի իր հանգիստն ունենալ թաքստոցում, երբ ուներ այդ հնարավորությունը: Բոլորդ գիտեք նրա ձեռքբերումները, որ հանգիստ կարող էր բարեկեցիկ կենցաղը վայելել, ուսանել աշխարհի լավագույն համալսարաններից մեկում և դա անել ճակատը պարզ, ազնիվ, որովհետև պետությունը նրան շնորհել էր այդ բացառիկ իրավունքը, բայց Ալենը Ալեն չէր լինի, եթե նմանվեր բոլորին, ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱԼԵՆԻ ՄԱՅՐՆ ԵՄ, ՈՐ ԱԼԵՆ ԵՄ ՏՎԵԼ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՆ: Այսօր ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ մայրական սիրո, կորստի, ցավի վրա փորձում եմ ճնշել այն գերագույն հպարտությունը, որ կոչվում է ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ»։

Նորա Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել