Դիետոլոգը ցրում է սննդի և ջրի մասին միֆերը

Դիետոլոգը ցրում է սննդի և ջրի մասին միֆերը

768

«Ժամը 9-ից հետո ոչինչ չեմ ուտում», «օրական 2 լիտր ջուր», «առավոտյան սոված փորին 2 գդալ մեղր» և այլն, նմանատիպ արտահայտություններ մեզանից յուրաքանչյուրը լսել է կամ ավելին՝ գոնե մեկ անգամ կիրառել: Բազմատեսակ և բազմաբովանդակ սննդային միֆերի առաջին հորիզոնականը նիհարել ցանկացողների երազանքով ապրողների կամ նրանց համար ստեղծված միֆերն են:

Սակայն այս ամենը հստակ ճշգրտելու համար Journalist.am-ի կողմից կատարվել է հարցում 17-28 տարիքային խմբի շրջանակում՝ պարզելու՝ արդյոք ինչ ցանկություններից ելնելով են նրանք դիմում դիետաների կիրառմանը: Հարցվածների  34 տոկոսը պատասխանել է, որ երբեք չեն կիրառել սննդային դիետաներ, քանի որ դրա կարիքը երբեք չեն ունեցել: 12 տոկոսը կիրառել է հավելումների օգտագործման միջոցով, քաշ ավելացնելու նպատակով: Հարցվածների 3 տոկոսը դիետաներ սկսել է կիրառել վիրահատություններից հետո, երբ որոշ ժամանակ հարկ է եղել սնվել կոնկրետ նշանակված սննդակարգով, իսկ մեծ քանակ կազմող 51 տոկոսը դիետաների և սննդային սահմանափակումների միջոցով փորձել են նվազեցնել քաշը:

«Հնարավոր է նիհարել միայն կալորիաների դեֆիցիտ ստեղծելով, այսինքն եթե օրվա ընթացքում ընդունենք ավելի քիչ կալորիա, բայց ծախսենք ավելի շատ, ապա հնարավոր կլինի նվազեցնել քաշը»,- «Journalist.am»-ի հետ զրույցում պարզաբանում է բժիշկ, դիետոլոգ Լիդիա Այվազյանը:

Հարկավոր է մեծ նշանակություն տալ ոչ թե ուտելու ժամին, այլ նախ քանակին և բաղադրությանը, քանի որ առաջին նախապայմանը կալորիականությունից զուրկ կամ քիչ կալորիաներ պարունակող սնունդ ընդունելն է: Չկան ոչ մի հրաշագործ դեղեր, ոչ մի հրաշագործ ժամեր, որոնք կնվազեցնեն քաշը:

Սննդային միֆերին հավասար քայլում են նաև ջրի և դրա օգտագործման վերաբերյալ միֆերը: Ամենատարածվածը թերևս ուտելու ժամանակ ջուր չխմելու վերաբերյալ սահմանափակումերն են:

«Եթե մեր ստամոքսը առողջ է, եթե մենք առողջական որևէ խնդիրներ չունենք, ապա ջուրը ոչ մի ձևով չի կարող նոսրացնել մեր ստամոքսահյութը, քանի որ այն այնքան ուժեղ թթու է, որ մենք պետք է ուտելուց առաջ կամ ուտելու ընթացքում այնքան ջուր խմենք, որ այն նոսրանա: 1 կամ 2 բաժակ ջուրը որևէ լուրջ ազդեցություն չի ունենա մեր ստամոքսահյութի վրա»,- նշում է Լիդիա Այվազյանը:

Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել այլ բանի, թե որ պարագայում չի կարելի ուտելիքը համեմել ջրով: Եթե մարդը ունենում է այրոց (изжога) ուտելուց հետ, ապա սնունդի հետ ջուր ընդունելով՝ մեծացնում է իր ստամոքսի ծավալը, չափսերը, և հավանականությունը, որ ստամոքսի պարունակությունը կհասնի կերակրափող և կստեղծի այրոց (изжога) մեծանում է: Այս պարագայում է արգելվում սննդի ընթացքում գազավորված ըմպելիքներ և ջուր հավելելը ստամոքսի ծավալը մեծացնելուց խուսափելու համար:

Ջրի վերաբերյալ հաջորդ միֆը մի քանի բաժակ ջրի օգտագործումով մեծ չափով կալորիաների այրումն է: Սակայն, չնայած ջրի մի շարք դրական հատկությունների, այն չունի կախարդական փայտիկ և չի կարող պարգևել 90-60-90 կազմվածք:

Մարդը կարող է ջրի օգնությամբ նիհարել միայն մեկ պարագայում, եթե խմի ջուր և դրա փոխարեն հաց չուտի, այսինքն՝ կրճատի կալորիաների ընդունումը օրգանիզմ:

«Ջուրն առանձին նյութափոխանակությունը չի ուժեղացնում, չի լավացնում»,- հավելում է դիետոլոգը:

«Առավոտյան մեկ գդալ մեղր, և դու կունենաս փայլուն հիշողություն». արտահայտություն, որը լսել ենք շատերս, բայց երանի ամեն ինչ այդքան հեշտ լիներ: Իրականում կապը առողջ նախաճաշի և լավ հիշողության միջև շատ ավելի ամուր է, քան մեղրաջրի և հիշողության:

Այսպիսի շատ այլ միֆեր գալիս են մեր կյանքը ավելի հեշտացնելու, կամ հակառակը, բայց ամենից առաջ հարկավոր է հիշել՝ առողջ լինելու և չգիրանալու առաջին նախապայմանը  ժամանակին և ճիշտ սնվելն ու առողջ ապրելակերպն է: Այս պարագայում բոլոր միֆերը քաշի նվազեցման վերաբերյալ կդառնան իրականություն:

Իսկ սննդի օգտագործումից կամ բացառումից առաջ հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել, հասկանալու՝ արդյոք նման երևույթները ստեղծվել են սոսկ մարդկային երևակայության արդյունքում, թե ոչ:

Զարուհի Տոնիկյան

2-րդ կուրս

Կիսվել