Ուժը միասնականության մեջ է. Մարտական ակումբի ուսանողները ռազմական համալսարանում էին

Ուժը միասնականության մեջ է. Մարտական ակումբի ուսանողները ռազմական համալսարանում էին

1174

ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի ուսանողներն այսօր՝ մայիսի 12-ին, այցելեցին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
«Ուզենք, թե չուզենք, տղա, թե աղջիկ՝ պետք է զինվոր լինենք»,-ուսանողների հետ հանդիպման ընթացքում ասաց ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը, ապա հավելեց, որ առաջին հերթին պետք է լինել ՀՀ արժանապատիվ քաղաքացի:

Գնդապետի խոսքով, առյուծի էգ ու որձ չկա, բայց այսօր կարևոր է, որ հայ ազգը շատանա.

«Աղջիկները կարող են ծառայել, բայց հիմա պետք է բազմազավակություն լինի, որ սերունդ տանք, իսկ ծառայությունն ինքնին զրկանք է»:

Ռազմական համալսարանի պետն ուսանողներին հորդորեց անկախ ընտրությունից որակյալ մասնագետ դառնալ, որ Հայաստանը հզոր լինի:

«Պատերազմը վերլուծելով և հաշվի առնելով ՀՀ ներկայիս մարտահրավերները, անչափ կարևոր եմ համարում ռազմական ուսումնական հաստատության փոխհամագործակցությունն այլ բուհերի հետ»,-իր խոսքում նշեց ՌՀ ԿԽ նախագահ կրտսեր սերժանտ Հայկ Մարգարյանը։

Նա հավելեց, որ մենք բոլորս քաջ տեղյակ ենք «Ազգ-բանակ» խորագրին և գիտեք, թե որքանով է դա մեզ համար կարևոր և որքանով է ներկայումս գործում. «Ազգ-բանակ լինել նշանակում է, որ յուրաքանչյուրս լինենք ռազմիկ, ինժեներ, թե հողագործ, պետք է ծառայենք ի բարօրրություն մեր հայրենիքի»:

Կրտսեր սերժանտի խոսքով շրջայցի նպատակներից մեկն այն է, որ կարողանանք զարգացնել և ամրապնդել «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, հասկանանք յուրաքանչյուրիս անելիքներն ի շահ մեր ազգի, մեր ընտանիքերի և Հայաստանի Հանրապետության:

Մարտական ակումբի ուսանողները շրջայց կատարեցին ՌՀ-ի տարածքում, ծանոթացան տարատեսակ սպառազինության և ռազմական տեխնիկայի նշանակությանն ու շահագործմանը, ապա փորձեցին դրանք գործնականում կիրառել:

Իննա Թումանյան

Կիսվել