Բանակցությունները կշարունակվեն վաղը, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Բանակցությունները կշարունակվեն վաղը, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

848

Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվել են նաև այսօր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: 

«Հայկական կողմն ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր։ 

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։  

Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Հիշեցնենք, որ երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից։ 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են»,- ասված է հայտարարությունում։

Կիսվել