«Սերն այն է, ինչը հենց դու ես զգացել այնպես, ինչպես ուրիշ ոչ...

«Սերն այն է, ինչը հենց դու ես զգացել այնպես, ինչպես ուրիշ ոչ մեկը չի կարող». Լիլի Մկրտչյան

1705

Ֆեյսբուքյան գրառումներից դեպի գրքի տպագրություն. այսպիսին է եղել Լիլի Մկրտչյանի «Թեյահոլիզմ» գրքի ճանապարհը: Մասնագիտությամբ տնտեսագետ Լիլին գտել է երկու տարբեր բևեռների՝ տնտեսագիտության և գրականության միջև կապը: Լիլին ասում է՝ տնտեսագիտությունը ոչինչ է առանց վերլուծությունների և տրամաբանության, իսկ առանց հերոսիդ հոգեվիճակի, նրա ապրումների վերլուծության, նրա քայլերի տրամաբանությունը հասկանալու՝ ճիշտ լուծման չես տանի հերոսիդ:

-Ինչպե՞ս է առաջացել գրքի գաղափարը։

-Գիրքը տարիների պատմություն է ամփոփում, տարբեր ժամանակներում գրված պատմվածքներ են ներառված գրքում։ Այն պատմում է մարդկանց՝ իմ ու Ձեզ պես մարդկանց կյանքի, ապրումների, մտքերի ու փոխհարաբերությունների, ներքին զգացումների ու զգացմունքների մասին։
Ի սկզբանե ստեղծագործություններից առանձին հատվածներ տեղադրում էի իմ անձնական էջում, ապա՝ «Թեյահոլիզմ» անունով միկրոբլոգում։ Ժամանակի հետ էլ, երբ ես էլ, ընթերցողս էլ պատրաստ էինք, հասունացավ պատմվածքները գրքի տեսքով հրատարակելու պահը։

-Ինչու՞ հենց «Թեյահոլիզմ»։

-Ինչպես գրքում եմ ասում՝ թեյը էությունը հաղորդել գիտի։ Ես հաճախ թեյի բաժակը կողքիս եմ գրում ու հասկացել եմ, որ թեյի շուրջ ամենանվիրականի մասին կարելի է անկեղծանալ։ Սա յուրատեսակ կախվածություն է թեյից՝ բառի ամենալավ ու անվնաս իմաստով։

-Գիրքը մեծ պահանջարկ ունի։ Ըստ ձեզ՝ ի՞նչն է գրավում է ընթերցողներին։

-Բանալին անկեղծությունն է։ Ես փորձում եմ մոտ լինել գրածիս, որ կարդացողիս էլ մոտ լինեմ, որ թվա, թե միասին ենք այդ պահը կիսում, թե զրուցում ենք անկեղծ ու բաց։

-Ո՞րն է գրքի ուղերձը։

-Նկատելը։ Պատմվածքների թեմաները տարբեր են, բայց գլխավոր հաղորդագրությունը նույնն է՝ նկատել ու տեսնել ավելին, սովորել նկատել ավելին։

-Ձեր գիրքը կարդալիս նորից վերապրեցի դպրոցական տարիներիս խենթությունները, կա՞, արդյոք, դպրոցական տարիներն տեղի ունեցած մի դեպք, որը ազդեցություն է ունեցել ձեր ստեղծագործական կյանքի վրա։

-Առանձին պատմվածքներում, այո՛, որպես հետադարձ հայացք դպրոցն էլ հիշատակվում է։ Առհասարակ, լավ հուշերը երբեմն վերապրել է պետք. դա յուրատեսակ լիցքեր է փոխանցում։
Կոնկրետ դեպք կամ իրադարձություն չկա, պարզապես ես տարիներիցս միշտ փորձել եմ ամենալավը քամել ու մտապահել։

-Ամենասիրելի տողը գրքից, որ թեյահոլիկն այս պահին կհիշի։

-Երբ գրքիս մասին եմ խոսում, երևի թե առաջիններից մեկն այս նախադասությունն եմ հիշում․ «Էս քաղաքը Ֆորշի երգերն են, Օպերայի թատրոնին հարող անցումը, որ ամեն անգամ հետիոտներին սպասեցնում է 89 վայրկյան»։ Ըստ իս, դետալների ճշտությամբ սերն ամենասիրուններից է։

Հարցազրույցներից մեկում ասել եք, որ ձեզ ոգեշնչում է մարդը, նրա ստեղծած արվեստը, գրական ստեղծագործությունները, երաժշտությունը, լուսանկարչի «բռնած» ինչ-որ շքեղ կադր։ Փոխվե՞լ են, արդյոք, Ձեր հայացքները, այս պահին ո՞րն է ձեր ոգեշնչման գլխավոր աղբյուրը։

-Ամենալավ մարդը՝ հայրս։ Այս պահին նոր գրքիս վրա եմ աշխատում, ու գիրքս հայրիկիս պատվին է լույս տեսնելու, նրան եմ նվիրելու։ Երբ դեռ նոր էի սկսում աշխատել գրքիս վրա, հայրիկիս հետ շատ էինք քննարկում, թե ինչն ինչպես եմ անելու, կատակում էինք, թե իմ «պրոդյուսերն է» ինքը, որովհետև ամեն հարց միասին էինք կարգավորում, հաճախ ինքն իմ փոխարեն էր շատ բանով զբաղվում։ Նա իմ ամենամեծ, ամենահզոր ուժն է միշտ։

-Ձեր մտքերը սիրում եք հանձնել թղթի՞ն, թե նախընտրում եք նորագույն տեխնոլոգիաները։

 -Չէ, հավատացեք, իմ ձեռագիրն էնպիսին է, որ եթե մի քանի տող գրում եմ, գրելիքս «փախչում է»: Իմը ստեղներն են, մեկ-մեկ էլ երևակայում եմ, թե նվագում եմ գրելիս։

-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին։

-Գիտեք, առանձնապես կտրուկ քննադատության չեմ հանդիպել, թեպետ իմ՝ հանդիպած չլինելը չի նշանակում, որ քննադատողներ չկան։ Բայց փորձում եմ ինքս էլ լինել քննադատ։ Դրա մասին են վկայում չհրապարակված ու չհրատարակված պոռթկում-սևագրերը, որոնք ընթերցողի հայացքով կարդալիս հասկացել եմ, որ պիտի մնան մի չերևացող տեղում։ Առողջ քննադատության հիմնանպատակը որակյալ գործերի ստեղծումն ու ներկայացումն է, ուստի լրիվ սթափ եմ նայում երևույթին։

-Մեր երկրում հնարավորություններն ավելի սակավ են։ Ըստ ձեզ՝ ո՞րն է  Հայաստանում և արտերկրում ստեղծագործողի առավելությունը և թերությունները։

-Ես կասեի ոչ թե ստեղծագործողի, այլ ոլորտի առավելություններն ու թերությունները։ Մեր երկիրը փոքր է ու հեշտ է անմիջական կապի մեջ լինել ընթերցողիդ հետ, կարդացողներիդ հույզերի զարկերակին պահել ձեռքը, միասին շնչել ու արտաշնչել էս փոքրիկ երկրում։ Սա, երևի թե, լավագույն կողմերից է մեր օրերում ստեղծագործելու։ Իհարկե, բախվում ենք նաև մասշտաբի ու հնարավորությունների խնդրին, բայց ճիշտ ու անկեղծ աշխատելով, արդար կատարելով գործդ՝ կգտնես քեզ հարազատ ընդունող ընթերցողիդ։

-Ի՞նչ է սերը։

-Գրքերի (այդ թվում՝ իմ) գրածներից զատ՝ սերն այն է, ինչը հենց դու՛ ես զգացել այնպես, ինչպես ուրիշ ոչ մեկը չի կարող։

Վիկտորյա Հովեյան
3-րդ կուրս

Կիսվել