Բացառիկ ցուցադրություն Գրատպության թանգարանում

Բացառիկ ցուցադրություն Գրատպության թանգարանում

875

Վերականգնել և վերամիաստավորել թանգարանների ապագան՝ ահա այս խորագրով էլ տեղի ունեցավ թանգարանների միջազգային ամենամյա տոնը, որը նշվում է 1978 թվականից ի վեր՝ աշխարհի ավելի քան 150 երկրում։ Հայաստանը 2008 թվականից է միացել այս տոնին:

Ազգային  գրադարանի Գրատպության թանգարանը նույնպես միացել է նախաձեռնությանը։ Մայիսի 18-ին թանգարանում կայացավ բացառիկ ցուցադրություն, որտեղ ներկայացված էին գրադարանի հայալեզու և օտարալեզու փոքրածավալ հազվագյուտ գրքերից օրինակներ։

Իսկ ինչո՞վ էր բացառիկ ցուցադրությունը, մանրամանեց թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը. «Այս ցուցադրությունը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ՝ միայն այսօր, մեր թանգարանում ցուցադրվում են այս հազվագյուտ գրքերը։ Փոքրածավալ են համարվում այն գրքերը, որոնց շարվածքը հասնում է տասներկու սանտիմետրի»։

Ներկայացվում էին Լայպցիգում, Փարիզում տպագրված գրքերը, նաև Թիֆլիսում տպագրված Նոր կտակարանը։ Ամենափոքր գիրքը ֆրանսերեն-անգլերեն բառարանն է, որը տպագրվել է 1895-ին Գլազգոյում, իսկ ամենահինը՝ Ճամիկ Արամյանի համառոտ բառ-գրքույկը։

Տիկին Հարությունյանը նշեց նաև, որ փոքրածավալ գրքերի տեսքով տպագրվել են հիմնականում բառարաններ՝ երկլեզու կամ եռալեզու, նաև՝ աստվածաշնչեր, հանրագիտարաններ, ճառեր։

«Առանձնահատուկ տեղ ենք հատկացրել մանկական գրականությանը. խորհուրդը հետևյալն է՝ մանկական գրքերում հիմնականում մեր դասականների, հայ մեծերի ստեղծագործություններն են, որոնք ընդգրկում են բարոյական և դաստիարակչական ուղերձներ»,-նշեց Բալասան Հարությունյանը։

Ցուցադրությունից բացի թանգարանում տեղի ունեցան նաև զրույց-հանդիպումներ, դասախոսություններ. «Հայ գրատպության թանգարանը գրադարանագիտության, գրքագիտության և թանգարանագիտության համատեքստում»  թեմայով հանդես եկավ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը։ Հակոբ Մեղապարտի՝ առաջին հայ տպագրչի մասին ներկայացրեց Տիր հայագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Աղաջանյանը։

Մերի Ալոյան

Վերա Հայրյան

3-րդ կուրս

Կիսվել