Կյանքին ժպտացող տիկին Վարդուհին, Ջեկի Չանը ու մի կյանք ձգվող սիրո...

Կյանքին ժպտացող տիկին Վարդուհին, Ջեկի Չանը ու մի կյանք ձգվող սիրո պատմությունը. բարի գալուստ «Իրական Տավուշ»

729

Տավուշ գյուղի գլխավոր ճանապարհի աջակողմնյան մասում տեղադրված ցուցանակը հուշում է՝ հասել եք «Իրական Տավուշ»։

Տան բակը զարդարված է ձեռքի աշխատանքներով ու յուրահատուկ դեկորներով։ Մի կողմում հին հողաթափերի մեջ հող են լցրել ու տարբեր սերմեր են ցանում։ Մյուս կողմում դդմիկները ձևավորել ու թռչնի բներ են սարքել. ամեն օր կեր են դնում, պարտադիր։ Մեկ այլ անկյունում հին ճամպրուկների հավաքածուն է, դրա կողքին՝ պատուհանի դիմաց կախված՝ կարմիր պղպեղներ են։ Այս տանը ոչ մի իր անպիտան չէ, ոչինչ դեն չեն նետում։

«Ես իրական մարդ եմ, կողմ եմ իրական շփմանը, ատում եմ կեղծավորությունը։ Ինքս էլ ընտրել եմ հյուրատան անունը»,- ասում է Վարդուհի Պողոսյանը՝ «Իրական Տավուշ» հյուրատան հիմնադիրը։

Տան դարպասից այն կողմ ամեն ինչ այլ է։ Կարծես՝ ոչ թե տուն լինի, այլ թանգարան ու հիշողությունների պահոց։ Յուրաքանչյուր իրի դիպչելիս՝ տիկին Վարդուհին մի պատմություն է հիշում։ Ինչ-որ իր վերցնելուց հետո, զգուշությամբ ու խնամքով դնում է նույն տեղը։

«Վլահանը հոզիր կծկելու կամ փաթաթելու համար է։ Խալին գործում են տորքի միջոցով»,- պատմում է նա՝ հերթական իրը ներկայացնելիս:

Շատերի համար անծանոթ ու անհասկանալի այս տերմինները համբերատարությամբ բացատրում է տիկին Վարդուհին։

Այս ամենը լրացնում է տանտերերի անբաժան ընկերը՝ ռադիոն, որից երկար տարիներ չեն բաժանվել ամուսինները։ Նրանց տանը կգտնես նաև ձայնապնակի սկավառակներ ու վիդեոյի «կասետներ»։

Հյուրատան համար առանձնացրել են երկու սենյակ՝ մահճակալով և պահարանով։ Հյուրեր ընդունում են հիմնականում ամռանը։ Ամեն հյուրի կյանքի պատմությանը ծանոթ է տիկին Վարդուհին։ Նույնիսկ զվարճալի դեպքեր են պատահել.

«Մի շուն ունենք՝ Ջեկի անունով։ Ես նրան կանչում էի Ջեկի ջան, օտարերկրացի հյուրս եկավ շան մոտ, լուրջ դեմքով կանգնեց ու սկսեց բարձր ասել՝ Ջեկի Չան, Ջեկի Չան»,- ծիծաղելով պատմում է տիկին Վարդուհին։

Ասում է՝ հյուրատան համար գումար չեն ներդրել։ Մոտ ժամանակներս կավելացնեն նաև սենյակների թիվը։ Օտարերկրացի հյուրերի հետ շփվում են ռուսերեն։

Տիկին Վարդուհուն կաշկանդում է միայն մեկ բան՝ համագյուղացիների վերաբերմունքը.

«Շատերն են ասում՝ տարիքով կին ես, քո ի՞նչ գործն է հյուրատուն բացելը։ Ախր չեն հասկանում, որ պիտի սիրես կյանքը՝ անկախ տարիքից։ Ես կյանքին եմ ժպտում, կյանքը՝ ինձ, միշտ։ Չեմ սիրում ձեռքերս ծալած նստել»,- ասում է նա։

Տիկին Վարդուհին ու ամուսինը լիահույս են, որ իրենց այս քայլը կշահագրգռի ու օրինակ կդառնա հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող իրենց զավակների համար։

«Գոնե մեզնից հետո վերադառնան ու շենացնեն տունն ու հյուրատունը»,- ասում են նրանք։

Մանկապարտեզ, դպրոց, համալսարան, աշխատավայր… ողջ կյանքն իրար հետ ապրած ամուսինների միակ նպատակն այսօր իրենց «Իրական Տավուշը» զարգացնելն է։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել