Երբ պատերազմը գիշատիչ բերանն է բացում, կուլ են գնում աղոթքները բոլոր

Երբ պատերազմը գիշատիչ բերանն է բացում, կուլ են գնում աղոթքները բոլոր

1029

2018թ․ էր, սեպտեմբերի 22-ը՝ Հայաստանի անկախության հաջորդ օրը։ Դասարանով որոշել էինք էքսկուրսիա կազմակերպել դեպի Արցախ։ Հենց սեպտեմբերի 21-ին էինք ուզում, որ խորհրդանշական լինի, բայց 22-ը հարմարվեց մեզ, ու մենք հարմարվեցինք 22-ին։

Գնացինք։ Երևի ամենահիշարժան էքսկուրսիան էր։ Հայ ենք, նույն հող և ջրի համար կռիվ տվող արյունակիցներ, բայց շատերս չէինք եղել Արցախում կամ էլ այդքան խորը չէինք զգացել Արցախը։ Մեքենայում իրար էին խառնվում 20-ից ավելի  ձայներ, աղմկում էինք, բայց աղմուկ չէր։

Ճանապարհի ոլորաններն ու բարձր գոտիները վախեցնում էին մեզ, բայց և շոյում էին մեր աչքերը, ու դեպի գեղեցիկը տանող զգայարաններով զգում էինք, թե հանուն ինչի է այդքան կարմրել արցախյան հողը, ու ինչու է այդքան սուգ կախվել մեր մայրերի գլխաշորերում։

Ճանապարհի ոլորաններն ավելի էին ոլորվում մեր խոսակցություներում ու մոլորվում մեր հայացքների մեջ։ Ովքեր Արցախ առաջին անգամ էին գալիս, անզուսպ ագահությամբ վայելում էին Արցախը, իսկ ովքեր եղել էին, ուղղորդում էին մյուսներին դեպի շքեղ Արցախ։

Աշուն էր, քամի էր, բայց Արցախում Հայաստանի համեմատ շատ տաք էր։

Դասընկերների մեջ առանձնանում էր մի տղա՝ սևուկ, հաստ շրթունքներով ու զուսպ, բայց սուր հումորով։ Արտյոմն էր նա, Խաչատրյան Արտյոմը, որը հազար անգամ հպարտացավ ու վիզը երկարացնելով՝ ասաց. «Արցախի բոլոր փողոցները հատառհատ ճանաչում եմ»։

Օրը հագեցած էր զարմանքով, հպարտությամբ։  Երբ Ստեփանակերտն անցանք, ու մեր առաջ խոյացավ Շուշին, բոլորիս դեմքից զարմանք կախվեց, ու բացականչեցինք. «Ո՞նց են մի գիշերում ազատագրել»։ Մենք զարմացանք ու համոզված ասացինք, որ էլ երբեք Շուշին չի ընկնի, ոչ մի թուրք այդքան ուժ չունի՝ այդ բարձունքը գրավելու։

Մեր օրը լցվեց Տիգրանակերտի հոյակերտ պարսպապատ բերդով, Գանձասարի ապշեցուցիչ եկեղեցիով, Դադիվանքով։ Տիգրանակերտի բակի փոքրիկ լճակում բոլորս մանրադրամ գցեցինք, երազանք պահեցինք ու հավատացինք, որ կիրականանա, բայց երևի ոչ մեկս չերազեց երկրորդ անգամ լինել ազատ, անկախ Արցախում, չերազեցինք, որովհետև չէինք կասկածում, որ կլինենք նույն կազմով ու նույն վայրերում։

Հետ եկանք ու մեզ հետ բերեցինք մի բուռ հիշողություն։ Մի բուռ սեր էլ մեր սրտերից թողեցինք Արցախում, որ գնանք ու մեր սերը պաշտպանենք։

Եկավ 2020թ. սեպտեմբերը։ Մեր դասարանն արդեն վաղուց աշակերտ չէր։ Տղաներն էլ վաղուց զինվորագրվել էին ու շտապել պաշտպանելու իրենց մի բուռ սերերը։

Սեպտեմվերի 22-ին էլի հիշեցինք, էլի կարոտեցինք ու խոստացանք, որ նույն կազմով կլինենք Արցախում, որ էլի մի բուռ հիշողություն փոխանակենք մի բուռ սիրո հետ։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Համացանցը թնդաց անսպասելի լուրից, ինչպես անսպասելի թնդացին թնդանոթները Արցախի հողում։ Բոլորիս ձեռքերը շտապեցին երկինք պարզվել, աղոթել ծանոթների համար ու կյանք խնդրել անծանոթների համար։ Զոհերի մեջ վախենում էինք ծանոթ անուններ գտնել … Բայց երբ պատերազմը գիշատիչ բերանն է բացում, կուլ են գնում աղոթքները բոլոր։

Մեր գյուղը՝ Սևանի ափին ծվարած փոքրիկ, հեքիաթային  Վաղաշենը օրօրի մեջ պառավեց ու սգացավ։ Մեկը մյուսի հետևից հերոսանում էին, իսկ աղոթքները գժվել էին պատերազմի ձայների մեջ։  Հոկտեմբերի  2-ից լռեցին բոլոր երգերը, ու խնկահոտը երկինք բարձրացավ։ 6 զոհ մեկ օրում․ 6 ընտանիքի ճակատին սգավորի դրոշմը դաջեցին։

Զոհրաբը, Սամվելը, Նորայրը Հայրապետյան, Նորայրը Բադոյան, Արտյոմը Խաչատրյան ու Պետրոսյան Արտյոմը դարձան դեպի երկինք գնացող կամավորները։

Խորապես ցավում էի զոհերի համար, բայց հոգուս խորքում մխիթարություն գտնում. չէ՞ որ ընկան հանուն Արցախի։ Ես շարունակում էի ամեն գիշեր աղոթել և հավատալ, որ իմ աղոթքներն արձագանք են գտնում ։

Զոհերն ավելանում էին։ Իրար հետևից ընկան Խաժակը Գրիգորյան ու Արմանը Մալխասյան։ Ամեն գույն գնալով մարում էր, ու ցավալիորեն համակերպվում էինք զոհերի անուններին։ Նահանջում էր լավատեսությունը, բայց ոչ հավատը, որ հաղթանակը մերն է լինելու։

Հոկտեմբերի 27-ին ինձ ծանոթ մի աղջիկ ասաց, որ գյուղից նոր զոհ կա։ Արդեն համակերպվել էինք նման լուրերին, ու անտարբեր հարցրի, թե ով է։

-Անունը Արտյոմ ա, երեկ ա զոհվել, էսօր ա գյուղում շուխուռ սկսվել։

-Արտյո՞մ,- ասացի ես,- երրորդ Արտյոմը արդեն գյուղում։ Կամավո՞ր էր։

-Չէ, ծառայող։

-Ծառայո՞ղ,- սիրտս սկսեց տակնուվրա լինել, որովհետև գիտեի, որ ծառայողներն իմ տարիքի են, իսկ իմ հասակակիցների մեջ միայն մեկ Արտյոմ կար։

-Հաստա՞տ ծառայող էր, հաստա՞տ Արտյոմ էր։

 Չնայած բացասական պատասխանի էի սպասում, բայց իմ հույսերը չարդարացան։

-Հա, ծառայող էր, Արտյոմ էր, մեր հարևանն էր, տեսնես հիմա իրա մաման ո՞նց ա։
12 տարիների բոլոր կռիվները հիշեցի, իմ դիմացի նստարանին նստող կռվարար Արտյոմին հիշեցի ու դեպի Արցախ մեր այցը հիշեցի ու հիշեցի, թե ինչպես մի անգամ մեր դասընկեր Արտյոմը անգլերենի դասաժամին «Ի՞նչ ես դառնալու» հարցին պատասխանեց  հումորով. «Կեթամ, կզոհվեմ, կդառնամ ազգի հերոս»։

Ամիսներ են անցել, բայց դեռ չեմ հավատում, որ զոհված Արտյոմն Արցախի բոլոր թաղամասերը ճանաչող մեր Արտյոմն է։ Շուշին, Տիգրանակերտը, Գանձասարը, Քարվաճատը թողեցինք ադրբեջանցիներին, իսկ Արտյոմն Արցախի իրեն ծանոթ թաղամասերում մեր թողած սերերն է պաշտպանում ու սպասում է, թե երբ պիտի էլի նույն կազմով գնանք ու պաշտպանենք իր արյամբ հարուստ Արցախի հողն ու էլի երազանք պահենք Տիգրանակերտում։

Լուսինե Ալեքսանյան

2-րդ կուրս

Կիսվել