Արցախյան հարցի կարգավորումը 1994 թ. հրադարից հետո․ փաստաթղթեր և գնահատականներ

Արցախյան հարցի կարգավորումը 1994 թ. հրադարից հետո․ փաստաթղթեր և գնահատականներ

1242

Արցախյան ազատամարտն ավարտվեց 1994թ. մայիսյան հրադադարով, որը խախտումներով պահվում էր մինչև 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Բախումները «քառօրյա պատերազմ» անունն ստացան։ Պատերազմական գործողություններ վերսկսվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արդեն ավելի մեծ մասշտաբներով:

1994թ.-ից մինչ 2020թ. 44-օրյա պատերազմն առաջ են քաշվել Արցախյան հարցի կարգավորման մի քանի տարբերակներ: Առաջինը 1997 թ. դեկտեմբերի 2-ի՝ հակամարտության փուլային դադարեցման համաձայնագիրն էր: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ներկայացվեց փաստաթուղթ-նախագիծ, որը կրում էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ դադարեցման համաձայնագիր» անունը: Այն կազմված էր 5 հավելվածներից.

Հավելված 1. Ուժերի դուրսբերման և տեղահանված անձանց վերադարձի իրականացում

Հավելված 2. Բաժանարար գոտու անվտանգության ռեժիմը

Հավելված 3. Տրանսպորտի և կապի գծերի վերականգնումը

Հավելված 4. Մշտական խառը հանձնաժողովը

Հավելված 5. Հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը։

Արցախի կարգավիճակին անդրադարձող որևէ կետ այս փաստաթղթում չկա՝ չնայած նրան, որ պատերազմը սկսվել է հենց այդ պատճառով: Համաձայն այս  փաստաթղթով նախատեսված 1-ին փուլի՝ վերացվում էին պատերազմի հետևանքները, ապա որոշվում էր Արցախի կարգավիճակը:  Փաստաթղթին հայկական կողմի արձագանքը մերժողական էր․  առաջարկվում են որոշակի շտկումներ՝ մասնավորապես «Շուշա» և «Շուշի» անվան հետ կապված, հայկական ուժերի՝ սահմաններից դուրս և ներս տեղակայված լինելու եզրույթներին վերաբերող, ինչպես նաև՝ ԼՂ անվտանգության հարցում Հայաստանի դերի հստակ նշվելու պայմանը:

«Ընդհանուր պետություն». հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների  մասին. այս անունն է կրում 1998 թ. նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված կարգավորման փաստաթուղթը: Ըստ սույն փաստաթղթի՝ Արցախը և Ադրբեջանը մեկ ընդհանուր պետություն էին կազմելու Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այսինքն Արցախը անկախություն ձեռք չէր բերում, ինչպես նաև չէր դառնում Հայաստանի մաս: Այս տարբերակը ևս մերժվում է:

Գործընթացները շարունակվում են: Ստամբուլում կայացած ԵԱՀԿ 1999 թ. նոյեմբերի գագաթաժողովին նախորդող և հաջորդող ամիսներին հայկական, ադրբեջանական և միջազգային մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ բանակցություններում քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հնարավորությունը. Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ, այսինքն` առանց հատելու Ադրբեջանի սահմանագիծը:

Նմանատիպ փաստաթուղթ էր նաև Քի Վեսթի տարբերակը, ըստ որի՝ Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին, Ադրբեջանը հետ էր ստանում բոլոր 6,5 շրջանները և Հայաստանի տարածքով՝ ինքնիշխան միջանցքով, կապվում Նախիջևանի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման քայլերը շարունակվում են նաև 2007թ. նոյեմբերին Մադրիդում՝ ԵԱՀԿ  նախարարների խորհրդում:

Մադրիդյան առաջարկներին ածանցվում են նաև Կազանի փաստաթուղթը և Լավրովի պլանը: Ինչպես հայտնի է, Կազանի տարբերակին հայկական իշխանությունները կողմ են եղել:

Հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթղթերին տարբեր տարիների անդրադարձել են բազմաթիվ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ՝ անելով տարբեր շեշտադրումներ, այդ թվում ընդգծելով կարգավորման բարդությունները։  Լրագրող, արցախյան և հայ-թուրքական հարաբերությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանն, օրինակ, 2020 թ․ իր հրապարակումներից մեկում նշում է. «Ոչ թե պետք է միայն ուշադրություն դարձնել հակամարտության մեթոդաբանությանը, թեև դա էլ չափազանց կարևոր է, այլ առաջին հերթին՝ փուլերի հերթականությանն ու փաստաթղթի բովանդակությանը»:

Քաղաքական գործիչ, դիվանագետ Շավարշ Քոչարյանը 2013 թ․ գրած իր հոդվածում առանձնացնում է այն հինգ կետերը, որոնք խոչընդոտում են բանակցային գործընթացին.

  1. Խնդրի էության խեղաթյուրում
  2. Միջնորդների առաջարկությունների ընտրովի և խեղաթյուրված ներկայացում
  3. Մադրիդյան սկզբունքները մի կողմ դնելով՝ անցնել պայմանագրի տեքստի համաձայնեցմանը
  4. Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից հարցի դուրսբերում
  5. Մինսկի խմբի համանախագահների գործունեության վարկաբեկման փորձեր:  

Իսկ դիվանագետ  Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտության սկզբնավորմանը և կարգավորման հնարավոր տարբերակներին, իր հոդվածներից մեկում՝ գրված 2015թ․, նշում է. «Այն օրը, երբ Ադրբեջանը կձերբազատվի իր պատրանքներից, այն օրը, երբ նա կգիտակցի, որ նավթային եկամուտները ռազմական լարվածության պահպանմանն ուղղելով չի կարող հասնել իր շահերից բխող կարգավորման, այդ ժամանակ խաղաղության գործընթացում առաջընթացն առավել տեսանելի կլինի: Հայաստանը շարունակելու է հակամարտության բացառապես խաղաղ ուղին»:

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել