Արմավիրը նորաստեղծ դրամատիկական թատրոն ունի

Արմավիրը նորաստեղծ դրամատիկական թատրոն ունի

956

Թատրոն ստեղծելու միտքը եղել է երկու ընկերներ Արամ Նալբանդյանինն ու Ալեք Ղուկասյանինը։ Միասին սովորել են 5 տարի․ Արամը ռեժիսուրայի բաժնում, Ալեքը՝ դերասանական արվեստի։ Ալեքը զոհվել է 44-օրյա պատերազմում։

Մեզ հետ զրույցում Արամն ասաց՝ թատրոնն իրենց արյան մեջ էր, ապրելակերպ էր. իր պարտքն էր համարել ընկերոջ երազանքը իրականացնել։ Մայիսի 4-ին «Վերելք» դրամատիկական թատրոնն իր դռները բացեց հանդիսատեսի առջև։   

Արամը թատրոնը վերանորոգել է սեփական միջոցներով։ Հարցին, թե արդյոք դժվար չի եղել միայնակ թատրոն հիմնելը, պատասախանեց․ «Երբ ցանկությունս հստակ էր, ամենաքիչը ֆինանսավորման մասին էի մտածում. ընկերներս ու ծնողներս կողքիս էին։ Դժվարությունների հանդիպելիս կինս էլ միշտ կողքիս էր։ Ասում էր՝ մի նեղվի, լավա լինելու»։

Այժմ Արամը թատրոնի հիմնադիրն ու տնօրենն է։

Նշեց, որ վերանորոգման աշխատանքների ընթացքում փորձել են պահպանել հնության շունչը, և  հույս ունի, որ հանդիսատեսը պետք է օգնի պահել այն, ինչ ստեղծել են։

Տնօրենի խոսքով՝ նոր մշակույթ բերելուց բացի առաջիկայում շարունակելու են նաև վերանորոգման աշխատանքները։

Զրույցին միացավ նաև թատրոնի աշխատակազմի անդամ, դերասան Գուրգեն Անտոնյանը․ «Մենք մեր թատրոնը համարում ենք թարմ ասելիքով թատրոն, քանի որ Հայաստանը ունի դրա կարիքը. միջին քաղքենու տվայտանքները մեր հասարակությունը վաղուց մարսվել է»։

«Մեր կազմակերպչական և ստեղծագործական ուժերը կենտրոնացնելով՝ ցանկանում ենք մեր բովանդակությամբ «ԱՐՄԱՎԻՐ» լինել»,- հավելեց Գուրգենը։

Նշեց նաև՝ հանդիսատեսը մեծ ոգևորություն ու սպասումներ ունի։

Էլեն Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել