Նոր գիրք, նոր երգ, նոր տեսահոլովակ. լույս տեսավ Ազնավուրի արդեն 5-րդ...

Նոր գիրք, նոր երգ, նոր տեսահոլովակ. լույս տեսավ Ազնավուրի արդեն 5-րդ գործը

750

Հայաստանի ազգային հերոսի ծննդյան օրը Newmag-ը հրատարակեց Ազնավուրի նովելների ժողովածուն։ Ազնավուրը գրել է ոչ միայն բանաստեղծություններ, այլև պատմվածքներ։ «Հայրս՝այդ հսկան» պատմվածների ժողովածուն ֆրանսերենից թարգմանել է Սամվել Գասպարյանը. «Արդեն 5 գիրք եղավ Ազնավուրից, որ թարգմանել է Newmag-ը: Այս  մեկը տարբերվում է նրանով, որ  զուտ գեղարվեստական է:   Եթե  Ազնավուրը  շուտ  սկսեր  նման  գեղարվեստական  գրականություն, ինքը շատ լավ նովելիստ կդառնար»,-ասում է թարգմանիչը:

«Հայրս՝ այդ հսկան» Ազնավուրի առաջին գեղարվեստական ժողովածուն է: Մինչև հիմա Newmag հրատարակչատունը թարգմանել էր մեծ արտիստի գրած ինքնակենսագրականները: Երկու գրքի թարգմանությունն էլ արել է Սամվել Գասպարյանը. «Երբ Newmag-ը սկսեց Շառլ թարգմանել, շարունակեց կիսատ թողածը, երկար ժամանակ չէր թարգմանվում Ազնավուր։ Իսկ հիմա  նաև երգերն են  թարգմանվում:  Ինքը, գիտե՞ք, ոնց էր ուրախանում, որ իր գործերն հայերեն էր թարգմանվում»,-պատմում է նա:

Մեծ արտիստը ներկայանում է նուրբ հումորի ու վառ երևակայության 16 զարդով, որոնք լեցուն են անակնկալներով, դրամայով ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ։ 16 նովել ու պատմվածք առաջին անգամ թարգմանվել են հայերեն։

Գրականագետ Հենրիկ Էդոյանը, նախքան գրքի լույս տեսնելը, առաջինն է հասցրել ընթերցել: Իր խոսքով՝ Շառլի պատմվածքները բավական երաժշտական են, յուրաքանչյուրը, կարծես, մի առանձին երգ լինի. «Սկսվում է, բարձրանում, նույնիսկ, չգիտես թե որտեղ է իր գագաթնակետը, և ավարտվում է այնպես, ինչպես երգն է ավարտվում, այսինքն այդ պատմվածքները նա կարող էր երգել»,-ասում է գրականագետը:

Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ մեր երկրում բոլորն էլ սիրում են Ազնավուրին, բայց սիրում են նրա երգերի մեղեդայնությունը: Բացի ֆրանսերեն իմացողներից, մեծ մասը չի հասկանում երգերի բովանդակությունը. «Ազնավուրը, լինելով շանսոնիա, միշտ սկսել է բառերից, այդ պատճառով մենք որոշեցինք հայաֆիկացնել երգերը, որ տեսնեն ամբողջ հմայքը»,-ասում է Արտակ Ալեքսանյանը:

«Հայրս՝ այդ հսկան» ժողովածուն ունի առաքելություն. ընթերցողի ենթագիտակցության մեջ գթասրտություն ներարկել:

Բայց սա ամենը չէ։ Ազնավուրի ծննդյան առիթիվ ոչ միայն հայերեն թարգմանվեց «Հայրս՝ այդ հսկան», այլև հայերեն ու նորովի հնչեցին  նրա երգերը։ Newmag-ը ներկայացրեց Ազնավուրի Reste՝ «Մնա», երգը հայերեն՝ նոր գործիքավորմամբ, նոր տեսահոլովակով՝ Էրիկ Կարապետյանի կատարմամբ։

«Ոգևորիչ առաջարկ էր: Մեծ պատիվ է լինել, երգել Շառլ Ազնավուր: Նաև հետաքրքիր էր, յուրահատուկ մոտեցմամբ է կատարումը։ Ես շատ ուրախ կլինեմ, որ իմ երգերին զուգահեռ նաև այս երգը շատ սիրվեր»,-ասում է Էրիկ Կարապետյանը:

Newmag-ը խոստանում է՝ մինչև մեծ արտիստի հարյուրամյակը, Ազնավուրն էլի հայերեն կհնչի: Սա ծննդյանն ընդառաջ էր, հաջորդը կլինի հոկտեմբերին՝ մահվան տարելիցին։ Մյուս կատարողը կլինի Սոֆի Մխեյանը:

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել