Տիկին Ագնեսան դերձակ է, բացել է իր արհեստանոցը, և վեց տարի է, ինչ աշխատում է։ Ամեն առավոտ, երբ բացում է արհեստանոցի դուռը, իր մոտ են վազում մոտակայքում թափառող շները, նրանց կերակրելուց հետո անցնում է իր գործին։ Նրա արվեստանոցի կողքով անցնելիս մարդիկ անպայման բարևում են, հարցնում, թե ինչպես է, որից տիկին Ագնեսը շատ է ուրախանում։ Չնայած աշխատում է որպես դերձակ, բայց իր կյանքի երազանքն այլ է եղել։
-Ես ծնվել եմ Թալինի շրջանի Արտենի գյուղում։ Անհոգ մանկություն եմ ունեցել։ Շատ եմ սիրել արվեստը։ Երգում էի, պարում էի, ներկայացումներ էի բեմադրում, միջոցառումներ էի կազմակերպում, այնպես էի արտասանում, որ ինձ լսողները հուզվում էին։ Գրականության ուսուցիչս դասարանից դասարան էր տանում, որ արտասանեի։ Գյուղում չկար երաժշտական դպրոց. երբ հեռուստացույցով տեսնում էի, որ ուրիշ երեխաները դաշնամուր են նվագում, մայրիկիս ասում էի՝ մա՛մ, ես ինչո՞վ եմ մեղավոր, որ իրենք կարող են նվագել, իսկ ես ՝ ոչ,- ծիծաղելով հիշում է նա: -Որոշեցի, որ պետք է դերասան դառնամ։ Գյուղից եկա քաղաք, գործերս տվեցի թատերական, բայց կտրվեցի, հետո ընդունվեցի Էջմիածնի մշակույթի տեխնիկում՝ ռեժիսուրիայի բաժին։ Երեք տարի սովորեցի, ավարտելուց հետո որոշեցի գործերս նորից տալ թատերական ինստիտուտ, բայց մայրս հիվանդ էր, նրան խնամք էր պետք, ու ես մնացի գյուղում, բացի այդ, արդեն հոգնել էի, որովհետև իմ գյուղական դաստիարակությունը ու արվեստի ազատությունները չէին համապատասխանում իրար,- արցունքոտ աչքերով պատմում է տիկին Ագնեսան,- մի քանի տարի անց ամուսնացա ու նորից վերադարձա Երևան։
Ամուսնության տարիներին շատ դժվարություններ է ունեցել, ընտանիքին օգնելու համար աշխատանք է փնտրել, այդ հարցում նրան օգնել է մայրը։
-Մայրս ասաց՝ աղջի՛կս, դու փոքր ժամանակ իմ հագուստները կտրում էիր ու քո տիկնիկների համար զգեստներ էիր կարում, քո մեջ կա կարի հանդեպ սերը, ես քո օժիտի գումարը կտամ, գնա մասնավոր կար ու ձև սովորի։ Գնացի, սովորեցի, մեկ տարուց արդեն գնեցինք իմ առաջին կարի մեքենան, որը պահում եմ մինչև հիմա, չնայած չեմ օգտագործում, բայց պետք է անպայման սարքին լինի, ինչքա՜ն եմ զրուցել իր հետ, ինչքա՜ն է իմ երազանքների համար աշխատել։
Սկզբում առաջացել են դժվարություններ, որոշ ժամանակ դադարել է կարել, զբաղվել է ոսկերչությամբ, մեկ ամիս սովորելուց հետո հավաքել է իր ոսկեղենը, հալեցրել, շղթաներ է պատրաստել ու վաճառել, բայց հետո հասկացել է, որ կար ու ձևի պահանջարկ շատ կա ու ամուսնու օգնությամբ բացել է իր արհեստանոցը և առաջին օրից աշխատել։
-Հիմա ես շատ լավ եմ վաստակում ու կարողանում եմ ընտանիքիս օգնել, սիրով եմ անում իմ գործը։ Մեկ-մեկ քթիս տակ երգում եմ, արտասանում եմ։ Հիմա, երբ գնում եմ թատրոն, որպես հանդիսատես, հիշում եմ կուլիսների հոտը և կարոտում այդ տարիները։ Ուսանողական տարիներին մեզ թույլ էին տալիս թատրոնի փորձերին մասնակցել։ Բեմը ինձ համար յուրահատուկ հոտ ուներ, որը իմ ուղեղից երբեք դուրս չեկավ,- հուզվում է տիկին Ագնեսան։
Կարելու հետ կապված նրա համար կա երկու դժվարություն, առաջինը՝ հաճախորդին բացատրելն է, ասում է՝ երբ հաճախորդը պահանջում է այս կամ այն բանը, բացատրում եմ, որ չի ստացվի, ասում է՝ կստացվի, ուղղակի չեք ուզում անել։ Մյուս դժվարությունը տարածքի փոքրությունն է։ Մեծ կտորները տանն է ձևում ու կտրում, հետո բերում է արհեստանոց ու կարում։
-Ես ուրախանում եմ, երբ հաճախորդները գոհ են լինում աշխատանքից։ Ավելի շատ մտածում եմ որակի ու հաճախորդի գոհ լինելու մասին, քան՝ գումարի, եթե որակը լավ եղավ, գումարը հաստատ կլինի,- ասում է նա։
Տիկին Ագնեսը պատմում է, որ արվեստանոցում միայն կար ու ձև չի անում, այլ լսում է բոլորի հոգսերը, հանգստացնում է և հույս տալիս։ Մեկ նպատակ ևս ունի՝ իր ոսկերչական գործիքներով տղայի հարսանիքի օրվա համար պատրաստի ոսկե շղթա։
Տաթև Նաջարյան
2-րդ կուրս