Իմ արվեստանոցը դուրսն է

Իմ արվեստանոցը դուրսն է

1265

Անի Արսենյանը նստել է իր սիրելի նստարանին և նկարում է գունավոր սնկեր՝ ընթացքում պատմելով, որ շատ է սիրում նկարել։

-Երբ մանկապարտեզից դուրս էի գալիս, մայրիկիս հետ գնում էի իր աշխատավայր և սպասում էի մինչև ավարտի աշխատանքը։ Նա մատիտներ և թղթեր էր գնում, որ ես սպասելու ընթացքում նկարեմ։ Հետո մայրս զգաց, որ սիրում եմ նկարել և տարավ նկարչության խմբակ։ Ուսուցչիս շնորհիվ ավելի մեծացավ սերը նկարչության հանդեպ։ Նա մեզ հարցնում էր՝ եթե ես ասեմ, որ այս գույնով պետք է անպայման նկարեք,  դուք ինձ կլսե՞ք, մենք ասում էինք ՝ այո՛, իհարկե, նա ասում էր՝ ո՛չ, դուք պետք է նկարեք այն գույնով, որով դուք եք ուզում։ Ինձ դուր էր գալիս, որ նա չէր ստիպում մեզ ոչ մի բան։ Հետո նա գնաց արտասահման, ես ընդունվեցի մեկ այլ նկարչական խմբակ, այստեղ անընդհատ ասում էին՝ այս գույնով պետք է պարտադիր նկարեք, ես երկու ամսից դուրս եկա ու որոշեցի սիրողական զբաղվել նկարչությամբ։

Կտավների վրա ջրաներկով եմ նկարում, բայց ավելի շատ սև մատիտով եմ սիրում նկարել. այդպես ավելի արագ է ստացվում։ Ամենաշատը աչք եմ նկարում, որովհետև մարմնի այնպիսի մաս է, որով կարող եմ արտահայտել տարբեր տրամադրություններ։ Վերջերս քեռուս համար մի կտավ եմ նկարել, ասել էր՝ ցանկացած բան կարող ես նկարել, իսկ ես շատ եմ սիրում, երբ չեն պարտադրում, թե ինչ նկարեմ,  ես որոշեցի աչք նկարել։ Երբ նկարում եմ, մտածում եմ՝ այդ նկարը ինչ-որ մեկին դուր կգա՞ կամ իր տրամադրությանը ավելի շատ կսազի՞ ու նվիրում եմ։ Օրինակ քույրիկիս նոր վերանորոգված սենյակում ինչ-որ բան կարծես պակաս լիներ, որոշեցի մի նկար նկարել, չնայած ասում էի, որ էլ չեմ նկարի իր համար, որովհետև կորցրել էր մի քանի տարի առաջ իրեն նվիրած նկարներիցս մեկը։ Յուրաքանչյուր նկար, որը ես եմ նկարում, անգամ եթե չի ստացվում, միևնույնն է պահում եմ։ Չստացված նկարների շարք ունեմ, որոնք շրջված դնում եմ պատի մոտ, որ ոչ ոք չտեսնի։

Եթե նկարը դուրս չի գալիս, վրայից ուրիշ բան եմ նկարում, որ այդ նկարը չտեսնեմ։ Մի կտավ ունեմ, որի վրա մի քանի շերտ նկարել եմ, վերջնական տարբերակն էլ դուրս չէր եկել, բայց որոշեցի շանս տալ կտավին։ Մի կտավ էլ ունեմ, որը, իմ կարծիքով , չստացված է, բայց մի օր որոշեցի կտավի հետևի մասում նկարել։ Նկարեցի մի աղջկա, ում անվանում եմ «Իմ Գեշո»:  Կարծում եմ՝  կապ չունի, թե ինչի վրա ես նկարում, եթե տրամադրությունդ տեղն է  ու նկարում ես այն, ինչը հավանում ես, հաստատ ստացվելու է։

Շատ եմ սիրում կարմիր գույնը. հետաքրքիր տրամադրություն է տալիս։  Վերջերս մի նկար էի նկարում, մայրիկիս ասացի՝ մա՛մ, ո՞նց է ստացվել, ասաց՝ շատ լավ է , բայց կարմիրը մի քիչ շատ չի՞, ասացի՝ չէ, մա՛մ, այդտեղ դատարկ կլիներ, որ կարմիրը չլիներ։ Ի դեպ, հաճախ եմ մայրիկիս կարծիքը հարցնում, երբ արդեն վերջացնում եմ կտավը, կանչում եմ մայրիկիս, որովհետև շատ եմ կարևորում կտավի վերջին մասը, ուզում եմ՝ ինքը տեսնի, գնահատի, բայց երբ ասում է՝ այ սա, որ մի քիչ փոխես ավելի լավը կլինի, սկսում եմ համոզել, որ այսպես ավելի գեղեցիկ է։

Ամենասիրելի նկարները փոքր տարիքում մայրիկի աշխատասենյակում նկարածներն են, որոնք նվիրել եմ նրան։

Վերջերս նկարների մի շարք եմ սկսել որոնք կորեացի հայտնի մարդիկ են, բայց նկարներում չկա նրանց դեմքերը.  շատ եմ հավանում այդ մարդկանց և նրանց ստեղծագործությունները, մտածում եմ ՝ բա, որ նկարեմ, լավ չստացվի ու հիասթափվեմ, կարևորը ես գիտեմ ՝ ում եմ նկարում։

Նկարելու համար առանձնահատուկ պայմաններ հարկավոր չի, ուղղակի պետք է թուղթ և սև մատիտ։ Երբ տանն եմ նկարում, երբեմն տեսազանգով զանգում եմ ընկերուհուս, նա նույպես նկարում է, ու լուռ սկսում ենք նկարել։

Վերջերս սկսել եմ դրսում նկարել, կարծում եմ ՝ տանը այդքան էլ հետաքրքիր չէ, քանի որ նկարելուց միայնակ եմ, իսկ դրսում, երբ հոգնում եմ, նայում եմ մարդկանց ու ժպտում եմ, շատ հաճախ էլ ստանում եմ պատասխան ժպիտներ։ Դրսում գտել եմ իմ սիրելի վայրը, որտեղ շատ հաճախ եմ գալիս իմ վրձնի ու գույների հետ։ Այս նստարանն է։

Տաթև Նաջարյան

2-րդ կուրս

Կիսվել