«Ես ձեզ սիրում եմ»… Բացվեց Արցախյան պատերազմում զոհված 20-ամյա նկարիչ Գոռ...

«Ես ձեզ սիրում եմ»… Բացվեց Արցախյան պատերազմում զոհված 20-ամյա նկարիչ Գոռ Ավետիքյանի ցուցահանդեսը

967

Մայիսի 27-ին «Դվին» համալիրի ցուցասրահում բացվեց Արցախյան պատերազմում զոհված նկարիչ, 20-ամյա Գոռ Ավետիքյանի ցուցահանդեսը՝ «Ես ձեզ սիրում եմ»… խորագրով։

«Թովմասյան» հիմնադրամի գործառնությունների տնօրեն Նանե Ավետիսյանն ասաց, որ միջոցառումը «Թովմասյան» հիմնադրամը կազմակերպել է՝ ստանալով առաջարկ մի աղջկանից, ով ցանկանում էր իրականացնել այդ ցուցադրությունը։ Եվ քանի որ իրենք էլ զինվորների համար անընդհատ միջոցառումներ և ծրագրեր էին իրականացնում, ունեին «Խաղաղությունը՝ զինվորի աչքերով» ծրագիրը, որոշեցին համագործակցել, և հիմնադրամը կազմակեպեց այս ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Գոռ Ավետիքյանի կտավները:

«Այսօր իրականացավ Գոռի երազանքներից մեկը՝ ցուցադրվում են նրա նկարները։ Գոռը սկսեց նկարել շատ վաղ տարիքից, այնքան վաղ, որ նրա կտավներն ինչ-որ հատուկ պատկերներ չէին, գույներ էին, զարմանալի, համարձակ և միևնույն ժամանակ ներդաշնակ գույներ։ Գոռը շատ էր նկարում, ամեն օր, և այդժամ հասկացա, որ իմ որդին բան ունի ասելու աշխարհին, թե ինչպիսի ներաշխարհ ուներ Գոռը՝ դուք կտեսնեք նրա նկարներում, իսկ նրա տեսակը տարբերվող էր, յուրահատուկ։ Գոռի մեջ մի լուսավոր կենսական ուժ կար, որ նա ուրախացնում էր տխուրին, հանգստացնում՝ նյարդայնացածին, հուսադրում՝ վհատվածին։ Ես անվերջ կարող եմ խոսել իմ որդու մասին, բայց հիմա մի բան եմ ուզում ասել՝ ես ունեմ այն խորին համոզումը, որ Գոռը միայն իմը չէ, Գոռը նաև ձերն է»,- ասաց Գոռի մայրը՝ տիկին Փիրուզան։

Ցուցահանդեսի գաղափարը Լուսինե Քարամյանինն է, նա է դիմել «Թովմասյան» հիմնադրամին։ «Ուզում եմ խոսել ցուցահանդեսի և Գոռի մասին, Գոռը հաճախ էր զանգում մորը, հաճախ էր խոսում առաջնագծից ընտանիքի անդամների հետ և ամեն անգամ խոսակցության ավարտին ասում էր՝ «Ես ձեզ սիրում եմ»… Հենց այդպես էլ կոչվում է ցուցահանդեսը, նույնիսկ եթե ընդհատվում էր խոսակցությունը, նորից զանգում էր և ասում՝ ես ձեզ սիրում եմ… , որպեսզի ոչ մի վայրկյան իր մեծ սերը իր ընտանիքից անպակաս չլինի։ Գոռի բոլոր աշխատանքները լի են սիրով, ուժով, կամքով, իր անհատականությամբ, իր հանդուգն գույներով, ֆանտաստիկ հայկականությամբ, լույսով, ջերմությամբ։ Գոռի ստորագրությունը խաղաղության նշանն էր, կոնֆլիկտներ չէր սիրում, վիճաբանություններ չէր սիրում, չափազանց պատասխանատու անձնավորություն էր, փորձում էր ամեն ինչում լինել առաջինը, ղեկավարել բոլորին, առաջնորդել ընտանիքին՝ մորը, ծնողներին, քրոջը, ընկերներին», – պատմեց Լուսինեն։

Մոր՝ Փիրուզայի խոսքով, Գոռն աշխույժ, կյանքով լեցուն տղա էր, փոքր տարիքից էլ ցույց էր տալիս իր սերը մարդկանց հանդեպ։ «Գոռը հատկություններ ուներ, որ ամեն մարդ չուներ։ Շատ խելացի էր, գիտե՞ք, չորս տարեկանում, երբ սկսեց նկարել, արդեն հասկանում էր ռուսերեն, հինգ տարեկանում արդեն թարգմանում էր ռուսերենից, նա շատ ընդունակ էր նաև այլ բնագավառներում, սիրում էր, ուսումնասիրում էր, օրինակ, կենսաբանություն, քիմիա, մարդաբանություն, մանկավարժություն։ Նա ուժեղ էր, նկարչին հատուկ ֆիզիկական ուժ ուներ և զբաղվել էր սպորտով, երբ, որ նա գնաց սպորտի դեռ փոքր էր, նկարչության ուսուցիչը նեղացավ՝ ասելով, թե ձեռքը կկոշտանա, բայց իմ Գոռն այնքան ընդունակ էր, որ կարողացավ համատեղել և՛ սպորտը, և՛ նկարչությունը»,- ասաց Գոռի մայրը։

Նորա Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել