Գուցե հենց կորստի զգացումն է ստիպում ավելի հաճախ այցելել հայրենիք

Գուցե հենց կորստի զգացումն է ստիպում ավելի հաճախ այցելել հայրենիք

947

Բարև՛, ես Լիլիթն եմ. աղջիկ, ով ունի իր պատմությունը և ուզում է պատմել այն:  Ես Կապանից եմ, տեղափոխվել եմ Երևան՝ սովորելու:  Առաջին և երկրորդ կուրսերում, ինչքան էլ շատ էի կարոտում ծնողներիս, այդքան հաճախ չէի գնում իմ ծննդավայր՝ պատճառաբանելով, որ զբաղված եմ (անկեղծորեն այդպես էի մտածում):  Հիմա՝ երրորդ կուրսում, մեծացել եմ՝ անասելի շատ, անսպասելի արագ, անպատմելի ցավոտ, չցանկանալով:  2020-ին տեղի ունեցած կորոնավիրուսային սահմանափակումները թվում էին՝ ամենավատն էր, որ կարող էին պատահել, մինչև չեկավ սեպտեմբերի 27-ը:

Վերևում ասացի, որ չէի կարողանում հաճախ գնալ Հայրենիք: Բայց երբ գնում էի ու ասում՝ Հայրենի՞ք, միշտ ասում էր՝ հա ջան: Ու այդ պատասխանը երկար ժամանակի մոտիվացիա էր, մինչև Նոր տարի կլիներ ու նորից կգնայի: Իսկ հիմա, կարծես, սենտիմենտն ուժ է դարձրել, դիմանում է, իսկ հիմա ես, կարծես թե,  դուրս եմ եկել ինքս իմ, էմոցիաներիս դեմ: Միայն գրքերում ու ֆիլմերում լսած-տեսածն ապրեցինք ամենաչպետքական տարիքում: Նախընտրական ասֆալտապատումներն այլևս փչացել են արկերի պայթյուններից ու հետքերը դրոշմել մեր սրտերում, Սյունիքում գունավոր ու մեծ սոցիալական գովազդային պաստառներին փոխարինելու են եկել «Բարի Գալուստ Ադրբեջան» ինֆորմատիվ վահանակները, որոնց գույները ոչ միայն աչք են ծակում, այլ հոգի:

Ու երկար ճանապարհներն այլևս չեն հանգստացնում լավ երաժշտությունները, նրանք երբեք այսքան սթրեսսային չէին եղել:  Պատերազմն իմ կողքով անտարբեր չանցավ, կորցրի՜… բոլորս կորցրինք ու դեռ կորցնում ենք:  Չնայած ամեն օր հայրիկիս հետ խոսում էի, նա կարողացել էր խնամքով թաքցնել իր կռվելը: Երևի մտածում էր՝ կմտածեմ մարդասպան է: Քարվաճառում ընթացող մարտերին էր մասնակցել, որի մասին իմացա պետական կնիքով փաստաթղթից,  որը համալսարան էին ուղարկել:  Բայց դե սա տեխնիկայի պատերազմ էր ու հազարավոր երիտասարդներն էին ափսոս: Երևի հայրս էլ չէր պատկերացնում, որ էդքան մեծացել եմ ու հասկանում եմ: Ու երբեք մեծանալս այսքան ափսոսանքով չէի ընդունել, հասունանալս իր հետ բերեց գիտակցում. այդ  հազարավոր զոհերին պարտվելու գիտակցում:


Ու ես սկսեցի ավելի հաճախ հայրենիք գնալ: Անկախ բոլոր տեսակ հիսաթափություններից  հիվանդացա հայրենիքով: Որոշեցի՝ պետք է արհամարհել , որ ինձ ճանապարհին նկարում է ադրբեջանցի զինվորն ու  նորից գնալ հայրենիք, որ ճանաչեմ հայրենիքը:  

Հողն  արյան ու քրտինքի, հզոր թևերի մեջ նահանջած զենքի ու վառոդի բույր ունի,

ու իրավունք չկա տրտնջալու քաղաքում տեսած-չտեսածի, ապրած-չապրածի, ունեցած-կորցրածի համար, երբ հրաշքի նախախնամությամբ այդ  նույն հզոր թևերով «հոգիները» հետդ կիսում են նույն հողի քո ապրումակցումն  ու ժպիտները դեմքներին կրում են երկրի պաշտպանի մեծ պատասխանատվությունը։

Լիլիթ Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել