Որքանով են պաշտպանված մանկատան երեխաների իրավուննքերը

Որքանով են պաշտպանված մանկատան երեխաների իրավուննքերը

702

Հետպատերազմյան տարիներին ամբողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր, քանի որ պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ։ Այս ամենը պատճառ հանդիսացան, որ 1949թ. Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան սահմաներ և հաստատեր հունիսի 1-ը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր։

Այսինքն, ի սկզբանե տոնը ստեղծվել է ծնողազուրկ երեխաներին պաշտպանելու և աջակցելու համար։ Իսկ որքանով են այդ երեխաները պաշտպանված այսօր և արդյո՞ք կարողանում են լիարժեք ինտեգրվել կյանքին։

Ըստ անցյալ տարվա վիճակագրական տվյալների՝ Հայաստանի մանկատներում երեխաների թիվը նվազել է 36%-ով, բայց դրա հետ մեկտեղ ՀՀ Ոստիկանության Երևանի բաժնից հայտնում են, որ աշխատանքային թրաֆիքինգի կամ քրեական տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ մարմնավաճառությամբ զբաղվելու ռիսկերը մանկատան սաների շրջանում մեծանում են։

Մանկական հոգեբան Անի Ապիտոնյանը բացատրեց, որ մանկատունն ավարտելուց հետո սաները հանդիպում են բազմաթիվ խնդիրների՝ սոցիալական անլուծելի հարցերից մինչև շրջապատում իրենց ճիշտ դրսևորելը։

«Չափահաս դառնալուց հետո, երբ սաները դուրս են գալիս մանկատնից, առաջնային զգացումը՝ վախն է։ «Ո՞վ եմ ես», «Ի՞նչ անեմ հիմա», «Ո՞ւր գնամ». այս  անպատասխան հարցերը նրանց մոտ անլիարժեքության զգացում են առաջացնում, որն էլ հենց խանգարում է հեշտ ինտեգրվել հանրությանը։Մանկատան այն սաները, ովքեր ավելի մեծ հասակում են մտել մանկատուն, առավել խոցելի են։ Այն երեխաները, որոնց ծնողները ողջ են, սակայն նրանց ստիպված տարել են մանկատուն, առավել հաստատուն են։ Իսկ նրանք, ովքեր չեն ճանաչում իրենց ծնողներին, հետագա ողջ կյանքը նվիրում են նրանց փնտրտուքներին»։

Մանկատան պատերից դուրս արդեն չափահաս սաների գլխավոր խնդիրը բնակարանների ապահովման հարցն է։ Համաձայն ՀՀ օրենսգրքի 24-րդ հոդվածի՝
առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանության, երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում: Իրավաբան Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ օրենսդրական բացերը ծնողազուրկ երեխաներին վերաբերող հարցերում շատ են։

«Դեռևս տասը տարի առաջ Վերահսկիչ պալատն ուսումնասիրել էր մանկատան երեխաների բնակարանով ապահովելու պետական ծրագրերն ու հայտնաբերել էր, որ բնակարանների մեծ մասն ապրելու համար անբավարար պայամներ ունեն։  Ծրագիրը դադարեցվեց, և վերջին տարիներին անտանիք մնացած մանկատան սաների մի մասը տեղավորվել էր սոցիալական ապաստարաններ: Հետագայումնրանցից որոշները ստացան բնակարաններ, բայց գլոբալ առումով խնդրի լիարժեք լուծման համար քայլեր դեռևս չեն ձեռնարկվել»։

Գագիկ Խաչատրյանը նաև շեշտադրեց, որ մանկատանը գտնվող քույր-եղբայրները հաստատությունը լքելուց հետո ստանում են մեկ բնակարան, չնայած իր համոզմամբ, յուրաքանչուրն իր հերթին պետք է ապահովվի բնակարանով։  

Մանկատներից տարեկան ինքնուրույն կյանք է մտնում ընդհամենը մոտ 280 չափահաս սան։

Էլիզա Գալուստյան

3-րդ կուրս

Կիսվել