«Մի տղամարդ նստեց մեքենաս՝ տեսնելով, որ վարորդը ես եմ, շատ զարմացավ և ասաց՝ քանի որ այս ժամին տաքսի չկա, կնստեմ կգնանք, բայց միայն թե տանից մի քիչ հեռու կկանգնեք, կինս չտեսնի, որ կողքիս կին վարորդ է նստած։ Անկեղծ, զարմացա, ասացի,որ այստեղ ոչ մի խնդիր չկա,բայց նա պնդեց, որ հեռու կանգնեմ, ասացի՝ լավ։ Մի քանի րոպե հետո,երբ կինը զանգահարեց, ասաց՝ խնդրում եմ, հանկարծ ձայն չհանեք, նա չիմանա,որ ղեկին կին է»,-նշում է տաքսու վարորդ Գոհար Վարդանյանը:
«Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյան նշում է. «Կանայք և տղամարդիկ կատարում են նույն աշխատանքը, բայց ստանում են տարբեր աշխատավարձեր՝ ելնելով հասարակության կարծրատիպերից։ Մասնավորապես այն մտքից, որ տուն պահողը տղամարդն է, և նա պետք է ավելի շատ գումար վաստակի, իսկ կինը կարող է չաշխատել կամ թեթև վարձատրվել և այդ գումարով հոգալ իր կարիքները։ Սա այն դեպքն է, որ գենդերային կարծրատիպերը ճնշում են տղամարդուն,և և ուղղակիորեն նրա վրա բեռ են դնում՝ լինել ընտանիքի թիվ մեկ ապահովողը։ Իհարկե, պարադոքսալ է, բայց նույն աշխատանքի դիմաց կնոջը կարող են այլ աշխատավարձ տալ, տղամարդուն՝ այլ՝ իմանալով, որ գուցե տղամարդը ցածր աշխատավարձով չհամաձայնի աշխատել, որովհետև հասարակությունն իրենից ակնկալում է շատ գումար վաստակել, որը կբավականացնի ամբողջ ընտանիքին»:
Նա նկատում է, որ ոչ միայն Հայաստանում է գործում այն կարծրատիպը, որ կինը պետք է մնա տանը և չաշխատի։ Այն ավելի շատ բնորոշ է արևելյան և ասիական երկրներին և դրանք հայրիշխանական շատ խորը արմատներ ունեն։ Ասում են ՝ տղամարդիկ հանրային կերպար են, իսկ կանայք՝ ավելի տնակյաց:
Գենդերային ռազամավարությունը ընդունվել է 2019 թվականին։ Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքայանության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության մեջ հստակ նշվում է․
Ռազմավարության փաստաթղթում հիմք է ծառայում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնական երաշխիք հանդիսացող երկրի մայր օրենքը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (ուժի մեջ է մտել 12.2015թ.), որում ամրագրվել են նոր դրույթներ, մասնավորապես, ըստ 30-րդ հոդվածի՝ «Կանայք և տղամարդիկ իրավահավասար են»: Ըստ 86-րդ հոդվածի 4-րդ կետի՝ պետության քաղաքականության հիմնական նպատակներից է կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը, ինչը հնարավորություն է տալիս առավել գործուն մեխանիզմներ ներդնել քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակման մեջ:
«Ընդդեմ կանանց բռնության» ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ hայ հասարակության մեջ գենդերային հիմնական պատկերացումները կառուցվում են դերերի և իշխանության ավանդական բաշխման վրա, որը ենթադրում է կնոջ առավել ներգրավում ընտանիքի ներսում, տղամարդու ակտիվ ներկայություն հանրային և հասարակական կյանքում։ Նման կարծրատիպերի առկայությունն առաջացել է հայրիշխանական մշակույթն ամրապնդող մոդելների լայն տարածման հետևանքով: Փաստացի, կանայք կատարում են չվճարվող աշխատանքի մեծ մասը, այսինքն՝ ներգրավված են տնային տնտեսության գորշերում, որոնք զբաղեցնում են նաև նրանց ժամանակի մեծ մասը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատող ամուսնացած կանայք շուրջ 60%-ով գերազանցում են տղամարդկանց։ Դա ևս վկայում է նրա մասին, որ, կարծրատիպերով պայմանավորված, կանայք զրկվում են թե՛ մասնագիտական կարողություններն ու հմտությունները զարգացնելու, թե՛ ֆինանսական անկախություն ձեռք բերելու հնարավորություններից։
Զարուհի Հովհաննիսյանը նշում է թե ինչ կարելի է անել որպիսի կանանց և տղամարդկանց իրավունքները հավասարվեն. «Ինչպես նշեցի, ամենաարդյունավետ ճանապարհը կրթության միջոցով մոտեցումները փոխել է։ Եթե կրթական մակարդակում հետևողական և համակարգված պայքար տարվի կարծրատիպերի, նախապաշարմունքների և վնասակար սովորույթների դեմ, մենք կկարողանանք ունենալ նոր որակի երիտասարդ ընտանիքներ։ Նաև կարևոր է, որպեսզի իրավակիրառ պրակտիկայում մենք առավել զգայուն լինենք օրենքների կիրառման գործում»:
Եզրափակելով խոսքը՝ նա հավելում է որ մեդիադաշտը հսկայական ազդեցություն ունի մարդկանց վարքագծի, նրանց վարքային մոդելներ ցուցադրելու գործում, ապա հարկ է հանրությանը «չկերակրել» կանանց նկատմամբ բռնության տեսարաններով հագեցած սերիալներով, որտեղ կանայք անինքնուրույն, անաշխատունակ, դժբախտ ու ստորադասված են։
Ըստ 2017թ. արձանագրված ցուցանիշների՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային շուկայում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը 52.8% է, որը զգալիորեն ցածր է, քան տղամարդկանցը՝ 70.7% («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ), տնտեսապես ոչ ակտիվ կանանց 47.0%-ը տնային տնտեսուհիներն են կամ տնային տնտեսությամբ զբաղվողների 98.5%-ը կանայք են, ընդ որում, այդ կանանց 42.4%-ն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018» վիճակագրական ժողովածու, գործատուների 79.6%-ը և ինքնազբաղվածների 54.4%-ը տղամարդիկ են, մինչդեռ առանց վարձատրության աշխատողների մեջ կանայք կրկնակի գերազանցում են տղամարդկանց («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ, կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32.5 %-ով («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ), իսկ եկամուտների մասով տարբերությունն է՛լ ավելի մեծ է և հասնում է 40%-ի (2013թ.), թեև զբաղված կանանց 57.9%-ը, իսկ զբաղված տղամարդկանց՝ 47%-ն ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018» վիճակագրական ժողովածու):
Անուշ Ղազարյան
4-րդ կուրս