Հագուստը կտավ դարձրած աղջիկը

Հագուստը կտավ դարձրած աղջիկը

900

Մասնագիտությամբ լրագրող Էլինե Պողոսյանն իր կյանքն առանց նկարչության չի պատկերացնում: Զարգացնում է նկարչական հմտությունները՝ ինչպես ինքն է նշում, երբեմն մոռանալով, որ իր մասնագիտությունը լրագրությունն է և ոչ նկարչությունը. այս տարի ավարտեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը:

Փոքրուց սիրել է նկարել, սակայն պրոֆեսիոնալ մակարդակով սկսել է նկարել մոտ 3 տարի առաջ: Մոտ 2 տարի պրոֆեսիոնալ նկարչական ստուդիայում ուսումնասիրել է գեղանկարչության հմտությունները:

Էլինեն ստեղծել է իր ապրանքանիշը: Նման միտք վաղուց ուներ, և հենց նկարչությունն էլ տվեց այդ հնարավորությունը: Արդյունքում ստեղծվեց «Պէլյա» ապրանքանիշը, որը ներկայացնում է նկարված հագուստ: Այն դեռևս առցանց հարթակներում է գործում:

Նախքան ապրանքանիշի ստեղծումը Էլինեն կավից զարդեր էր պատրաստում, որոնց վրա աբստրակտ պատկերներ էր կերտում: Սակայն խանութների հետ դժվարությամբ էր համագործակցում, քանի որ նրանք ավելի շատ հայկական մոտիվներով զարդեր էին ցանկանում, իսկ իր զարդերը աբստրակտ ոճով էին: Զարդերից հետո ծնվեց հագուստների վրա նկարելու միտքը:

Նախքան հագուստի վրա նկարելը Էլինեն կտավներին ևս նկարում էր ու հիմա էլ շարունակում է նկարել, բայց ծնվեց մի միտք, որ լավ կլիներ հենց մարդկանց շնորհիվ արվեստը տարածել: Եվ առաջին միտքը «քայլող կտավներն» էին, որ մարդիկ քայլեն՝ իրենց հետ տարածելով բազմաբնույթ գեղանկարչական պատկերներ: Ճանաչված գեղանկարիչների աշխատանքները ևս տեղ են գտնում հագուստներին:

Թե՛ նկարչության, թե՛ դրան առնչվող արտադրանքի ստեղծման հարցում դժվարություններն անպակաս են եղել. «Առաջինն արդյունքը երկար ժամանակ չտեսնելն է, հաջորդը՝ դաշտին ձուլվելու վտանգը։ Պետք է ստեղծել այնպիսի արտադրանք, որը կտարբերվի մյուսներից, որը բնորոշ կլինի  քեզ,  ակտիվ մրցակցային դաշտում փորձել ամեն րոպե լինել ստեղծարար ու տալ նորություն և այդպես շարունակ»:

Հագուստի նկարներն ընտրվում են մի քանի սկզբունքով. «Նկարները պետք է լինեն հնարավորինս համապատասխան էսթետիկ ընկալումներին, պետք է տարբերվեն մյուս մրցակիցներից, նաև պետք է լինեն ոչ շատ բարդ, որպեսզի պատվիրելու դեպքում հնարավոր լինի նույնից ստանալ, և այլն»:

Էլինեի սիրելի թեմաներից մեկն էլ գույների հոգեբանական ազդեցությունն է. «Սիրելի են կարմիրը, դեղինը և սևը, քանի որ կարմիրը մեծ ուշադրություն է գրավում, դեղինը ջերմություն է հաղորդում, իսկ սևն առհասարակ սիրում եմ. այն բացառիկ է իր տեսակով, թեպետ մասնագետների պնդմամբ այն գույն չէ»:

Էլինեի խոսքերով՝ թե՛ լրագրության, թե՛ հանրային կապերի, և թե՛ նկարչության դեպքում գործ ունենք ստեղծարար, կաղապարազերծ և ոչ քառակուսի մտածելակերպի հետ. «Դրանցից երկուսը՝ հանրային կապերը և արվեստը, միավորել եմ և սկսել եմ արվեստի հանրայնացման ուսումնասիրությունը։ Քանի որ այս ուղղությունը դեռևս զարգացած չէ մեզ մոտ, գուցե հաջողվի մեկ քայլ առաջ գնալ այստեղ»:

Շուտով Էլինեի ապրանքանիշը հասանելի կլինի օֆլայն ձևաչափով` սրահ- վաճառատան տեսքով:

Աստղիկ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել