Կենդանաբանական այգին՝ նոր տարեշրջանին ընդառաջ

Կենդանաբանական այգին՝ նոր տարեշրջանին ընդառաջ

709

1940-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի  որոշմամբ Երևանում ստեղծվեց կենդանաբանական այգի: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն երկու տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում:

Այսօր կենդանաբանական այգում բնակվում է շուրջ 160 տեսակի կենդանի և թռչուն, որոնց քանակը հասնում է 819-ի: Կենդանաբանական այգու տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի ղեկավար Լիանա Բրյանի խոսքով՝ այգում գրանցվում են կենդանիների նոր ծնունդներ։ Այստեղ ապրող կենդանիների ու թռչունների շուրջ 78 տեսակ (404 գլուխ) գրանցված է «Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում» և 18 տեսակ (144 գլուխ)՝ «ՀՀ կենդանիների կարմիր գրքում»:

Ներկայումս կենդանաբանական այգու հիմնական խնդիրներն են վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում հազվագյուտ և անհետացող տեսակների բազմացումը, կլիմայավարժեցման մեթոդների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը, որոնց իրականացման համար ընթանում են բազմաթիվ ծրագրեր:

«Երևանի կենդանաբանական այգին այժմ ոչ միայն տեսարժան կամ ժամանցի վայր է, այլև հանդես է գալիս կրթական նախագծերով: Հայաստանի պետական ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ տեսական և գործնական դասեր են անցկացվում այգում. ուսանողները կատարում են կամավորական աշխատանքներ, մասնակցում կենդանիների բժշկական հերթական ստուգումներին»,- մեզ հետ զրույցում ասաց Լիանա Բրյանը:

Նրա խոսքով՝  մշտապես առաջանում են նաև այգու բարեկարգման նոր գաղափարներ, որոնք պարբերաբար իրականացվում են: Վերջերս՝ այգու տարեշրջանին ընդառաջ, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները նկարազարդեցին այգու տարածքը:

Տարեսկզբին կենդանաբանական այգում բացվել է ցուցասրահ, որտեղ լուսանկարների ու տեղեկատվական նյութերի միջոցով այցելուները կարող են ծանոթանալ կենդանաբանական այգու հիմնադրման օրվանից այնտեղ բնակություն հաստատած փղերին: Բացի դրանից, այցելուները հնարավորություն ունեն նույնիսկ ցուրտ եղանակին, երբ Բունկա փղիկը դրսում չէ, տեսնելու նրան ցուցասրահի ապակե տարածքից: Կառուցվել են նաև նոր ազատավանդակներ. այժմ կարելի է տեսնել նաև լուսանին, եղեգնակատվին: Այգու կանաչապատման նպատակով ժամանակ առ ժամանակ իրականացվում են ծառատունկներ: Վերջերս «10 միլիոն ծառ» համապետական ծառատունկի շրջանակներում այգին համալրվեց պտղատու ու դեկորատիվ ծառերով և թփերով:

Այսպիսով՝ Երևանի կենդանաբանական այգին ամեն ինչ արել է այգին իր այցելուների համար գրավիչ դարձնելու համար, իսկ ամառը այն հրաշալի ժամանակն է, երբ  բնության սիրահարները կարող են այցելել Կենդանաբանական այգի և ծանոթանալ մեր քաղաքի այս հարստության հետ:

Էդգար Գորգինյան

2-րդ կուրս

Կիսվել