«Պատերազմը վերջանա՝ Ասատուրիս հարսանիքն ենք անելու». զինվորի հայր

«Պատերազմը վերջանա՝ Ասատուրիս հարսանիքն ենք անելու». զինվորի հայր

1613

Փոքր ու մեծերով լցված ընտանիքում է մեծացել 1993թ. հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում ծնված Ասատուրը` ոստիկան ու Արցախյան պատերազմի մասնակից Մամիկոնի որդին։ Ծառայել է 2012-2014 թթ․ Արցախի Հանրապետության Մարտակերտի զորամասում։  

Հայրը մշտապես անհանգստացել է սահմանային խնդիրներով` հատկապես որդու ծառայության տարիներին, բայց ծնողական սերը երբեք չի թուլացել հայրենասիրության առաջ։ Այն 2 դժվար տարիներին, երբ Ասատուրը դեռ զինվոր էր, Մամիկոն Ալեքսանյանը միշտ ասում էր. «Ասատուրս անփորձանք ծառայի գա, իմ երազած հարսանիքով եմ ամուսնացնելու տղիս»։

Ասատուրի ծառայության տարիներին երբեմն սահմանային բախումներ լինում էին, և Ռուսաստանում ապրող-աշխատող հայրն ամեն անգամ վախվխելով էր պատասխանում Հայաստանից եկող զանգերին։ Ի վերջո անցան Ասատուրի ծառայության ու Մամիկոնի համար սարսափելի 2 տարիները։   

Մամիկոնի համար դժվար դեռ 2 տարի էլ կար պահված, երբ կրտսեր որդին էր բանակ գնում։ Կրկին Արցախում, բայց այս անգամ Ջաբրայիլի զորամասում էր անցնելու Ասատուրի կրտսեր եղբոր ծառայությունը։ Հեշտ չէին Մամիկոնի համար այդ օրերը։ Չէր հիշում, թե երբ է իր աչքերից արցունք եկել, բայց փոքր որդուն հրաժեշտ տալու պահին աչքերը դավաճանել են, խրոխտ ձայնն էլ նվաղել է։

2019թ․ Մամիկոնը դիմավորեց ծառայությունն ավարտած իր երկրորդ որդուն։ Մատաղ արեց ու ասաց. «Տղես անփորձանք տուն եկավ, Ասատուրիս ու Արթուրիս իրար հետևից եմ ամուսնացնելու իմ ուզած ձևով»։

Թվում էր՝ դժվարը ծառայության տարիներն էին, բայց սահմանային անդորրը երկար չտևեց։ 2021թ․ սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան պայթեց պատերազմի լուրը։ Ամենուր կամավորության մեկնող երիտասարդներ էին, իսկ Մամիկոնի ընտանիքում դեպքերն այլ կերպ էին զարգանում։ Ասատուրի ոտքը կոտրված էր, դեռ գիպսի մեջ էր, իսկ Արթուրը տան կարգուկանոնն էր հսկում։

Երբ պատերազմի լուրը հասավ Ասատուրի ականջին, նա ափսոսանքով ասաց. «Ոտքս էլ ժամանակ գտավ ջարդվելու»։ Իսկ Արթուրին թույլ չտվեց անգամ կամավորության մասին մտածել։ Այդ ընթացքում ավելի էին հաճախացել արտերկրից զանգերը։ Մամիկոնն ամեն զանգին հրամայում էր իր որդիներին. «Զինվե’ք մարտական, հայրենիքը ձեր կարիքն ունի»։ Հոր հետ խոսելուց հետո Ասատուրն էլ էր կրկնում. «Տղա ունենալուց ուրախանում եք, հիմա էլ ժամանակնա, որ ձեր տղերքը ձեզ պահեն»։

Հոկտեմբերի 8-ին թաղային ոստիկանը բախեց Ալեքսանյան Մամիկոնի տան դուռն ու հայտնեց, որ Արթուր Մամիկոնի Ալեքսանյանը պետք է մեկնի ճակատ։ Մայրը՝ Արմինեն, մինչ հիմա էլ թաց աչքերով է հիշում այդ օրը։ Մայրական իր ողջ բնազդով ձգտում էր բռնել տղաներին ու չթողնել։ Ասատուրն էլ այդ օրը Երևան էր գնացել։ Երբ իմացավ թաղայինի անսպասելի այցի մասին, հանգստացրեց մորը՝ ասելով. «Եթե թուղթն էկելա, ուրեմն կգնա»։ Միևնույն ժամանակ Ասատուրը եղբորը պատվիրեց չգնալ զինկոմիսարիատ, մինչև ինքը գյուղ կհասնի։

 Ժամերի ընթացքում ամբողջ հարազատությունը հավաքվել էր Մամիկոնի հարկի տակ։ Ամեն մեկն իր ժպիտով ուժ էր տալիս Արթուրին ու նախապատրաստում գալիք հաղթանակին։

Բայց

Ձեռնափայտը ձեռքին Ասատուրը վերադարձավ Երևանից ու վճռականորեն ասաց, որ Արթուրի փոխարեն ինքն է կամավոր գնում։ Արթուրը խնդրում էր եղբորը` իր ուսերին չվերցնի հայրենքիը փրկելու բախտը. «Ախր դու պիտի ամուսնանաս»։ Բայց Ասատուրի դեմքի կոշտ ու կոպիտ արտահայտությունը վերջակետ էր դնում Արթուրի խնդրանքներին։

Մամիկոն Ալեքսանյանն էլ հպարտացավ ավագ որդու որոշմամբ. «Ասատուրը միշտ իմ քայլած ճանապարհեվ է քայլում։ Պատերազմը վերջանա՝ Ասատուրիս հարսանիքն ենք անելու»։ Մայրն էլ հրաժեշտի պահին Ասատուրի վրա մատ թափ տվեց ու ասաց. «Ոնց գնում ես, էդպես էլ հետ գաս»։

 Ասատուրի հետ հեռախոսազրույցները միշտ շատ կարճ էին լինում․ երբեք ոչ մի բանից չդժգոհեց։ «Ո՞նց եք» հարցին պատասպանում էր՝ «Շատ լավ, ինչա էլել որ», «Խորոված ենք անում», ու ոչ ավելին։ Իսկ ականատեսները պատմում են, թե ինչպես էր Ասատուրի կոտրված ոտքը նեղում նրան, հատկապես երբ մի անգամ վազելուց ընկավ, և կոտրված մասն ավելի այտուցվեց։ Քնելու տեղ էլ չկար, և լավագույն դեպքում գլուխը քարին էր դնում։

Թե ինչպիսին էր պատերազմն Ասատուրի աչքերով, մինչև հիմա էլ չի ասում․ չի ցանկանում վերապրել կատարվածը։ Միայն հպարտանում է. «Իմ բիլետի մեջ գրածա՝ ծառայել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ»։

Երբ 10 օր պատերազմի մեջ ապրելուց հետո 2 օր տուն եկավ, առաջարկեցին հոսպիտալ գնալ և ստուգել տալ ոտքը, բայց Ասատուրը հրաժարվեց. «Բա որ ինձ ազատեն,  Արթուրին տանեն»։ Տան պայմաններում 2 օր բուժեց ոտքն ու կրկին մեկնեց առաջնագիծ։

Հոկտեմբերի 27-ին Ասատուրն անհասանելի էր ամբողջ օրը։ Միայն մեկ վայրկյան կարողացել էր զանգել մորն ու ասել. «Ես լավ եմ»։ Հայրենիքից դուրս ապրող Մամիկոնը ծանր հոգոցով է հիշում այդ օրն ու արցունքն աչքին պատմում իր ապրումները. «Երբ զանգերիս չէր պատասխանում, մտածում էի արդեն` ինձ ոնց եմ ճիշտ դրսևորելու»։

Նոյեմբերի 10-ին՝ հրադադարից մեկ օր հետո, Ասատուրն ու իր զինակիցներն իջան Քարվաճառի՝ իրենց վստահված բարձունքից։ Ասատուրը տուն վերադարձավ։ Չնայած կոտրվածքն իրեն դեռ զգացնել էր տալիս, բայց արդեն լուրջ բան չկար։

Ասատուրի ընտրյալը պատմում է՝ ինչ օրերով է անցել պատերազմի ընթացքում. «Էտ օրերին ծոմ էի պահում, անդադար աղոթում եւ միայն երազում էի, որ Ասատուրը ողջ-առողջ հետ գա»։

Խոստմանը համաձայն՝ Մամիկոնն էլ Հայաստան վերադարձավ ու իր երազած հարսանիքով ամուսնացրեց իր ավագ որդուն։ Թե ինչու այդքան արագ, պատասխանում է. «Մեկ տարի առաջ մենք չգիտեինք, թե ինչ օրերով պիտի անցնենք։ Հիմա էլ չգիտենք՝ վաղն ինչ լույսով կբացվի։ Պիտի ապրենք այսօրով, քանի դեռ ունենք այն»։

Մամիկոնի խոսքով՝ հերթը կրտսեր որդուն է, բայց դեռ ժամանակ կա։

Լուսինե Ալեքսանյան

2-րդ կուրս

Կիսվել