Ատամների ուղղում բրեկետներով․ ինչպիսի՞ խնդիրների ենք բախվում

Ատամների ուղղում բրեկետներով․ ինչպիսի՞ խնդիրների ենք բախվում

908


20-ամյա Տաթև Նաջարյանը երկար ծանրութեթև անելուց հետո հանգել է այն եզրակացությանը, որ բրեկետների կրման խնդիրը շրջանցելն այնքան էլ ճիշտ չէ․ «Սկզբում ինքս շատ էի կոմպլեքսավորվում, բայց հետո մտածեցի, ավելի լավ է` մի քանի տարի քեզ նեղություն տաս, իսկ հետո ունենաս գեղեցիկ ատամնաշար»,-ասում է Տաթևը և հավելում, որ բրեկետները, այժմ հակառակ տպավորությունն են թողնում և որ հիմա նրանք ավելի ակտուալ են։ 

Գուցե քչերին է հայտնի, որ ծուռ ատամները, բացի վիզուալ էսթետիկայից, կարող են պատճառ դառնալ գլխացավի, քիթ-կոկորդ-ականջի, ստամոքսային հիվանդությունների առաջացման համար: Բացի այդ, ծուռ ատամները ավելի հաճախ են վնասվում. սննդի մասնիկները խրվում են ծուռ ատամների արանքում, ինչի արդյունքում ձևավորվում է ատամնափառ և զարգանում է կարիես։ 

Ստոմատոլոգ – օրթոդոնտ Հայկուշ Ալեքսանյանը նշում է, որ, եթե մարդ ատամների հիգիենան լավ չի պահպանում, ապա պարզ է, որ կարիես կառաջանա, և դա բրեկետի հետ որևէ կապ չունի․ «Եթե բրեկետի կրման ընթացքում պացիենտը չի կատարում օրթոդոնտի հիգիենիկ ցուցումները, ապա միանշանակ կառաջանա կարիես, բայց այս դեպքում՝ բրեկետների շուրջ, այդ պատճառով էլ մենք մեր պացիենտներին բուժումից առաջ նվիրում ենք հիգիենայի հատուկ հավաքածու և նրանց մանրամասնորեն բացատրում ենք, թե ինչպես  պետք է պահպանել հիգիենայի կանոնները»,-ասում է տիկին Ալեքսանյանը։ 

Օրթոդոնտիայում, ինչպես ընդհանուր բժշկության մեջ, մշտապես տարատեսակ միֆերի հոսք կա։ Ակնհայտ է, որ առաջացող կարիեսները ոչ թե բրեկետների, այլ, առհասարակ, սխալ հիգիենայի արդյունք են։ 
Օրթոդոնտի հավաստմամբ՝ եթե սովորաբար ատամներն անհրաժեշտ է լվանալ առավոտյան և երեկոյան, ապա բրեկետներով պայմանները մի փոքր այլ են․ «Բրեկետներ կրող պացիենտը ատամները պետք է լվանա ամեն ուտելուց հետո՝ ոչ միայն սովորական խոզանակով, այլ նաև «յորշիկ» կոչվող հատուկ փոքրիկ խոզանակով, որի մակերեսն այնպիսին է, որ մաքրում է հենց բրեկետի շուրջ ընկած հատվածները»։ 

Ամենակարևոր ցուցումներից մեկը նաև այն է, որ խոզանակների օգտագործման առավելագույն ժամկետը 2,5 ամիս պետք է լինի, այնուհետև այն անհրաժեշտ է պարբերաբար փոփոխել։  

Կա ևս մեկ տարածված միֆ, ըստ որի՝ բրեկետների հեռացումից հետո երկար ժամանակ անց, ատամները նորից թեքվում են, ծռվում և վերադառնում նախնական տեսքին։ Journalist.am-ը կապ հաստատեց օրթոդոնտ Քնարիկ Յուրովնայի հետ, ով նշեց, որ սա իր լսած զավեշտալի միֆերից երկորդն է, իսկ առաջին տեղում ավելի զավեշտալի, սակայն վախեցնող միֆ է լսել։ Ասում է, որ իր պացիենտները հաճախ են հետաքրքրվում՝ ճի՞շտ է արդյոք, որ բրեկետներով ուղղումից հետո ատամները թուլանում են, որակն ընկնում է, և սկսում են կոտրվել․«Ատամները ուղղելուց հետո մենք այն ֆիքսում ենք, հնարավոր չէ, որ ատամները,  առանց արտաքին որևէ ազդեցության, ծռվեն ու վերադառնան նախնական տեսքին,-ասում է բժշկուհին և հավելում,-Ատամները թուլանում են միայն սկզբնական շրջանում, երբ տեղադրում ենք բրեկետները։ Երբ ատամնաշարը գալիս է ճիշտ տեսքին, թուլացնում ենք ճնշող ուժը, և այլևս չենք սեղմում իրենց։ Բուժման մնացած ժամանակահատվածում ատամները սկսում են հանգստանալ և վերականգնվել»։ 

Այսինքն՝ այս գործընթացում, կարելի է ասել, որ ցավ գրեթե չկա, չնայած նրան, որ տարածում է գտել հակառակ տեսակետը․ «Միշտ կարծել եմ, որ դա շատ ցավոտ պրոցես է և հնարավորինս փորձել եմ հետաձգել բրեկետների կրման խնդիրը։ Այժմ գրեթե հաղթահարել եմ այն, և շուտով պատրաստվում եմ կրել»,-ասում է Տաթևը և հավելում, որ ավելի լավ է մի անգամ խոսել մասնագետի հետ, քան հազար անգամ տարբեր տեսակետեր լսել։ 

Իսկ օրթոդոնտիայում բազմիցս հստակորեն ապացուցվել է, որ բրեկետները չեն առաջացնում ցավեր, չնայած՝ հնարավոր են որոշակի տհաճություններ և անհարմարության զգացում։ Այնուամենայնիվ,լ պետք է հստակորեն տարբերակել շշուկները իրականությունից և հասկանալ, որ կարևոր է ոչ միայն ատամնաշարի էսթետիկան, այլ նաև առկա խնդիրների լուծումը։

Ամալյա Փաշինյան

2-րդ կուրս

Կիսվել