Վաչիկ պապիկը (Վաչագան Հակոբյան) արդեն 54 տարի է, ինչ աշխատում է Երևանի Պետական համալսարանում՝ որպես շահագործման բաժնի պետ, բայց իր աշխատանքի հետ զուգահեռ խնամում է նաև ԵՊՀ -ի հարակից ջերմոցն ու այգին, որը դեռ 30 տարի առաջ անխնամ վիճակում էր գտնվում։
-Երբ որոշվեց, որ պետք է սկսեմ խնամել թե՛ այգին, թե՛ ջերմոցը, սկսեցի մտածել, թե այգու որ մասում, ինչ տնկեմ, որ բույսից քանի հատ տնկեմ, ջերմոցում ինչ անեմ, որոշեցի, որ հանգստի ժամին կարելի է նստել, հեռուստացույց դիտել ու մի փոքր տարածք էլ հատկացրի դրան, հետո ասացի ՝ քայլելուց ինչու՞ ծաղիկներ չլինեն կողքերս, ու տնկեցի իմ սիրելի վարդերը և այսպես շարունակ կառուցեցի ԵՊՀ-ի այգին ու ջերմոցը իմ դիզայնով,-ժպտում է Վաչիկ պապին։
Ասում է՝ չի եղել այնպիսի օր, որ չի եկել համալսարան։ Ամեն օր ժամը 6։00-ին գալիս է, անպայման ոտաբոբիկ մեկ ժամ քայլում է այգում, ջրում է իր բույսերը, օդափոխում է ջերմոցը, նոր գնում է մյուս գործերին, բայց երեկոյան նորից գալիս է այգի։ Կենսաբանության ֆակուլտետի ամբիոնը նույպես համագործակցում է Վաչիկ պապիի հետ, կենսաբանական փորձեր կատարելու համար օգտվում են այգու միջոցներից, փորձարկումներ են անում հողի, ծաղիկների և այլ բույսերի հետ։
-Երբ ծառերը բերք են տալիս, արկղերով դնում եմ այգու դիմաց և հյուրասիրում եմ ուսանողներին։ Չեղավ մի դեպք, որ ուսանողները երկուսից ավելի միրգ վերցնեն, իսկ վերցնելուց հետո անպայամն ասում են՝ պապի՛, շա՜տ շնորհակալ ենք։ Ես շատ եմ սիրում մեր ուսանողներին. երբեք չեմ զգուշացրել, որ չվնասեն որևէ բույս, շատ խնամքով են վերաբերվում։
Ասում է, որ ընտանիքի անդամները այդքան էլ կողմ չեն այս աշխատանքին, մտածում են՝ հանկարծ չհոգնի։ Բայց նա մեծացել է Արմավիրում և երիտասարդ տարիքից հողի հետ աշխատել է, միշտ օգնել է ծնողներին գյուղատնտեսական գործերում։
-Երբեք չեմ հոգնում հողի հետ աշխատելուց, այ չաշխատելուց շատ եմ հոգնում. հողը ինձ պահողն է։ Ես տանն էլ եմ ծաղիկներ աճեցնում, որոնց խնամելու հարցում օգնում է հարսս, ինձանից ուշադիր է այդ հարցում: Մի ծաղկի տերևը, որ վնասվում է, ասում է ՝ վա՜յ պապի, այս տերևը ինչի՞ է վնասվել. իմ այգու ամենասիրելի զարդը վարդերն են։ Երիտասարդ տարիքում կնոջս առաջին անգամ դեղին վարդեր եմ նվիրել, բայց, ցավոք սրտի, ես նրան շուտ կորցրի հիվանդության պատճառով,-հուզվում է Վաչիկ պապը,-բայց այգումս կա իմ սիրելի դեղին վարդը։
Վաչիկ պապին անգիր գիտի ցանկացած ծառի ու ծաղկի տեղը, կարող է ասել, թե որ ծառը քանի հատ պտուղ ունի, ինչ խնդիր ունի։ Փորձելու համար հարցրինք, թե քանի ծառ կա իր այգում, նա միանգամից պատասխանեց ՝ 96 ծառ ։ Ծառերի հետ մեկտեղ աճեցնում է նաև սխտոր. ցանկանում է հասկանալ՝ երևանյան շոգ պայմաններում ո՞ր մշակաբույսերը կարող են լավ բերք տալ, բայց հետո անկեղծանում է ՝ սխտոր շատ է սիրում։
Այգու կողքը կա նաև ջերմոց, որտեղ այս տարի կիտրոն է աճեցնում, մինչ այս ջերմոցում աճեցրել է վարդ, մեխակ, լոլիկ։ Վաչիկ պապին ասում է՝ կիտրոնը չափից ավել խանդոտ է, չի սիրում, երբ իրեն երկրորդ – երրորդ մարդն է տեսնում ու մշակում,- հետո ծիծաղելով ավելացնում է ,- չգիտեմ ՝ որքանով է ճիշտ, հավանաբար մեծերից եկած խոսք է ,- որից հետո թույլատրում է ներս մտնել ու տեսնել խանդոտ կիտրոներին։
Իսկ ինչու՞ Վաչիկ պապի։ Ասում է, որ տարիքի հետ է կապված, բոլորը իրեն այդպես են դիմում։ Վերջում հավելում է, որ իր կյանքի երջանկությունները իր ընտանիքն ու հողն են։
Տաթև Նաջարյան
2-րդ կուրս