«Կարճ ասած՝ հոգու բժիշկ»

«Կարճ ասած՝ հոգու բժիշկ»

607

10 տարուց ավել է, ինչ Սոնան սոցիալական աշխատող է։ Աշխատելով թե՛ տարեցների, թե՛ ընտանիքների և թե՛ ընտանեկան բռնությունների դեպքերի հետ, անցնելով վերապատրաստումներ հոգեբանության գծով, նեղ ուղղություններով դասընթացներ՝ Սոնան նկատում է, որ սերտ կապ ունի իր առաջին մասնագիտության՝ հոգեբանության հետ, ըստ այդմ էլ իր աշխատանքում շատ հեռու չի գնացել դրանից:

Այժմ Սոնան աշխատում է նաև որպես հոգեբան՝ անհատական աշխատանքներ տանելով հաճախորդների հետ: Կազմակերպության կամ կենտրոնի հետ դեռ չի համագործակցում: Նշեց, որ ապագայում միգուցե համագործակցի: Journalist.am-ը զրուցեց նրա հետ՝ բացահայտելու նրա մոտեցումներն ու սկզբունքները հոգեբանության ոլորտում:

Նախ ասաց, թե ինչ սկզբունքով է աշխատում իր այցելուների հետ. «Գլխավորն այցելուներին չվնասելն ու աջակցելն է, օգնելը, որ նրանք կարողանան իրենց խնդիրները տեսնել ավելի խորությամբ, հասկանան, թե որը որտեղից է գալիս, կարողանան ակտիվացնել իրենց ներքին ռեսուրսները և պայքարել արտաքին ու ներքին ազդակների դեմ, որոնք ազդում են իրենց կյանքի որակի վրա, կարողանան գտնել հոգեկան ներդաշնակություն և լինեն երջանիկ»: Սոնան նաև նշեց, որ կարևոր սկզբունքներ են նաև ազնվությունն ու անկեղծությունը, և ինքը հենց այդպիսին է իր այցելուների հետ, քանի որ նրանք դա զգում են, և ինքն այդպիսով կարողանում է վստահություն ձեռք բերել:

Հարցին, թե ունի արդյոք յուրաքանչյուրի հետ շփվելու իր տարբերակը, ասաց, որ բոլորի հետ սիրով ու հարգանքով է շփվում՝ անվերապահորեն դրական ընդունելով ցանկացած խնդիր. «Դա նաև հանգեցնում է նրան, որ մարդիկ կարողանում եմ բացվել, քանի որ երբ տեսնում են, որ դու իրենց չես դատում, նաև ներքուստ, կարողանում են հեշտ կիսվել քեզ հետ»:

Մեր հասարայության մեջ հոգեբանի ծառայություններից օգտվելը, այսպես ասած, այլ կերպ է ընկալվում: Սոնայի հետ զրույցում անդրադարձանք այս թեմային՝ հասկանալու, թե միայն մեր հասարակությանն է սա բնորո՞շ, թե՞ այլ հասարակություններում նույնպես նկատվում է այսպիսի երևույթ: «Չեմ կարծում, որ միայն մեզ մոտ է այդպես, բայց մեր հասարակությունն այս տեսակետից դեռ զարգացման վաղ փուլերում է կամ մի քիչ ավելի առաջ է անցել այդ փուլերից, քանի որ արդեն ավելի շատ են դիմում հոգեբանների, քան տարիներ առաջ: Բայց միևնույն է, մեր հասարակությունում համարում են, որ հոգեբանին դիմելով՝ իրենց խնդիրները դուրս են հանում, ու ամոթ է դրանց մասին խոսելը, կամ ընտանեկան խնդիրները չեն կարող իրենց չորս պատերից դուրս հանել, այնինչ դրանով վնասում են իրենք իրենց: Դիմում են ծանոթներին, բարեկամներին, ընկեր-ընկերուհիներին։ Նրոնք, իհարկե, աջակցում են, բայց այստեղ պետք է գիտակցել, որ մեր հարազատները հուզականորեն կապված են մեզ հետ և չեն տիրապետում այն հմտություններին ու ռեսուրսներին, որոնց տիրապետում է մասնագետը: Ուստի նրանցից ակնկալել, որ կարողանալու են հոգեբանական այն աջակցությունը տրամադրել, ինչ մասնագետը, թյուր պատկերացում է, և ես հուսով եմ, որ կգա ժամանակ, որ մարդիկ կկարողանան հասնել այն գիտակցությանը, որ կան համապատասխան մասնագետներ, որոնք զբաղվում են հոգեբանական խնդիրներով»:

Սոնան նաև նշեց, որ կա հարցի մյուս կողմը, այն է՝ դժվար է գտնել համապատասխան գիտելիքներով մասնագետ, և մարդիկ, դիմելով դրանցից զուրկ մասնագետի, տարիներով չեն հասնում արդյունքի և հիասթափվելով չեն դիմում ու ոչ մեկին էլ խորհուրդ չեն տալիս դիմել մասնագետի:

Անդրադարձանք նաև այն հարցին, թե ինչպես կարելի է չեզոքացնել հասարակության ու հոգեբանի միջև գոյացած արհեստական պատնեշը: «Պետք է շատ բարձրաձայնել խնդրի մասին ու գիտակցել, որ երբ կիսվում եք հարևանի և այլոց հետ, դուք չեք կարող ակնկալել և սովորաբար չեք ստանում հարցի ամբողջական, լիարժեք պատասխան և չեք կարողանում փոխել ինքներդ ձեզ, քանի որ հոգեբանի աշխատանքը ենթադրում է շատ խորն ու երկարատև աշխատանք քո անձի ու հոգեկանի հետ, ինչն էլ բերում է փոփոխություն և՛ ներքին, և՛ արտաքին աշխարհում»,- ասաց հոգեբանը:

Սոնան ավելացրեց, որ հիմա պետք է կարևորենք ու իմաստավորենք հոգեբանի դերը կյանքում, քանի որ ինչքան շատ են դիմում, այդքան հասկանում են, որ իրենց մոտ փոփոխության կա, ու մյուսներին ևս խորհուրդ են տալիս:

Հարցրինք նաև, թե կա՞ն արդյոք ազդակներ, որոնք հուշում են մարդուն, որ հոգեբանի հետ խորհրդակցելու կարիք ունի: Մեր զրուցակիցը պատասխանեց՝ երբ զգում ես, որ քո ռեսուրսները սպառվել են կամ չեն բավականեցնում տվյալ խնդիրը հաղթահարելու համար: Նշեց մի քանի ազդակներ, ինչպիսիք են տրամադրության անկումները, հոգեկան ու մարմնի ցավերը, գլխացավը, տագնապային իրավիճակները, որոնք արտահայտվում են քրտնարտադրությամբ և այլն: Սոնան հավելեց նաև, որ չպետք է մտածել, որ այդպես էլ պետք է լիներ, որովհետև շատ հաճախ, մինչև դանակը չի հասնում ոսկորին, մարդիկ դժվար են ընդունում խնդրի առկայությունը. «Եթե կարողանանք ավելի զգոն և սթափ լինել և մեր մարմնի ազդակներին ուղղակի մատների արանքով չնայենք, ապա կհասկանանք, որ միանշանակ պահն է եկել հոգեբանի աջակցության: Նույնիսկ հոգեբաններն իրենք իրենց խնդիրներն ինքնուրույն չեն լուծում, անցնում են իրենց անձնական թերապիան, որովհետև ինչքան էլ որ դու իրազեկված լինես, այնուամենայնիվ, թերապևտիկ աշխատանքը շատ դժվար է: Ինչպես վիրաբույժը չի կարող ինքն իրեն վիրահատել, այնպես էլ հոգեբանը չի կարող իր խնդիրներն ինքնուրույն լուծել»:

Վերջում էլ նշեց, թե ով է հոգեբանն իր համար. «Նա երկու մասնագետ է, մարդ, որն ունի համապատասխան գիտելիքներ, որակավորում ու փորձառություն, և մարդ, որն ունի համապատասխան որակներ հոգեբան լինելու համար, որը կարողանում է տեսնել հոգու նուրբ աշխարհը, գույները, կապերը և դրանք օգտագործելով՝մարդու կյանքում փոփոխություններ անել ու կյանքը դարձնել ավելի լավը: Կարճ ասած՝ հոգու բժիշկ»:

Ալվարդ Բաղդասարյան

2-րդ կուրս

Կիսվել