Շոու բիզնեսի ներկակացուցիչները հարկային դաշտում են

Շոու բիզնեսի ներկակացուցիչները հարկային դաշտում են

1245

2018 թվականի հոկտեմբերի Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե որոշել է հարկային դաշտ բերել շոու-բիզնեսը։ Վերջինիս արված հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, և ոչ միանշանակ ընդունվեց երգիչ- երգչուհիների կողմից:

Ըստ ՊԵԿ նախագահի` օրենքում դա ամրագրված է, սակայն տարիներ շարունակ, օրենքի դրույթը  գործել է միայն թղթի վրա: Factor TV-ի հետ հարցազրույցում  նշել է`  վերջին 25 տարիների ընթացքում  երգիչները թաքցրել են իրենց եկամուտները պետությունից: Այսուհետ նրանք պետք է բարեխիղճ կերպով ինքնահայտարարագրեն սեփական եկամուտներն ու դրանից հարկեր վճարեն:

Երգիչ David Ray-ը դեմ է ՊԵԿ-ի այս որոշման հետ։ Ըստ երգչի` սա նորմալ որոշում չէ. «Այս երկրում այնքան պրոբլեմ կա, թող դրանով զբաղվեն։ Պետությունը ի՞նչ է անում արվեստագետի համար, որ մի հատ էլ հարկ են ուզում»։

Այնուհետև ավելացնում է` երգիչն ավելի շատ ծախսում է, քան աշխատում։ Մի բան էլ պետությունը պետք է տա. «Այսօր ոչ մեկը ոչ մի տեղ չի երգում։ Հարսանիքներն էին, որ կարող էիր փող աշխատել, բայց այսօր դա էլ չկա։ DJ-ով բավարարվում են», -ամփոփեց Դավիդը։

«Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանը նույնպես  չի ընդունում այս որոշումը։ Ըստ նրա` շատ բնական է, որ բոլոր աշխատող մարդիկ պետք է հարկվեն նորմալ երկրում։ Սակայն խնդիրն այն է, որ մեր երկրում մեխանիզմ չկա իրենց նման խմբերի ու արտիստների համար.

«Մենք ոչ մի կատեգորիայի մեջ չենք մտնում։ Շոու բիզնեսի մեջ չենք և կարող ենք նվագել 3 ամիսը մեկ կամ առհասարակ տարին մեկ անգամ։ Մենք ակումբներում շաբաթը մեկ երգող խումբ չենք»։

Հենց այս ամենի համար էլ առաջարկում է հատուկ ձևաչափ մտածել ազատ ստեղծագործողների համար։ Նշում է` նորմալ երկրներում կան պրոդյուսերական ինստիտուտներ և լեյբըլներ, որոնք ազատ ստեղծագործողներին մտցնում են բիզնեսի դաշտ։

«Հուսով եմ մեզ մոտ էլ մի օր այդ ինստիտուտները կկարգավորվեն ու ամեն ինչ համակարգված կլինի։ Կոնկրետ մեր դեպքում, եթե մենք հաշվի առնենք մեր ծախսերը` տեսահոլովակների և ձայնագրությունների վրա արված, մեր ստացած ամբողջ գումարը ծախսվում է, մի բան էլ մենք ենք ներդրում անում, բայց վստահ եմ, որ մի օր այս ամենն իր արդյունքը կբերի»,-հավելեց Վանը։

«Նեմրա»-ի բոլոր անդամները բացի Վանից ունեն կողմնակի աշխատանք։ Իսկ նա ամբողջովին զբաղված է խմբով ու ժամանակ չի ունենում կողմնակի աշխատանքով զբաղվելու։

ՊԵԿ-ը վերջերս իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարել և հորդորել երգիչ-երգչուհիներին, հանդիսավարներին ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել  սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով։ Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ։

Մարիամ Թեյմուրազյան

2-րդ կուրս

Կիսվել