Ճանաչենք մեր հերոսներին. Արտյոմ Համլետի Սաղաթեյան

Ճանաչենք մեր հերոսներին. Արտյոմ Համլետի Սաղաթեյան

1557

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյուքում քաջաբար զոհվել է Արտյոմ Սաղաթելյանը։ Հերոսը ծնվել է 2001 թ.-ի հոկտեմբերի 15-ին գյուղ Ձորակապում։ Շիրակցի տղան հմուտ նշանառու էր, հրետանավոր։ Արտյոմի պայծառ կերպարը հավերժ դաջված է ընկերների հուշերում։ Տղան լավագույնն էր ամեն ինչում, հրաշալի ընկեր էր, եղբայր, զավակ ու հայրենիքի զինվոր։

Հերոսի կերպարը մեզ համար բացահայտել է դասընկերուհին՝ Պողոսյան Միլենան։

Միենայի ու Արտյոմի ընկերությունը տարիների պատմություն ունի, նրանք միասին տխրել են, ուրախացել, վիճել են, բայց միևնույն ժամանակ ոչինչ չի փչացրել մաքրամաքուր ընկերությունը։

Արտյոմը իր լուրջ ու հավասարակշված բնավորոթյամբ բոլորի համար սիրելի էր․ «Առաջին հայացքից սառը, մտամոլոր, անտարբեր, բայց իրականում լրջախոհ, բանիմաց ու ծանրակշիռ անձնավորություն է Արտյոմը, իր մասին երբեք անցյալով խոսել չեմ կարողանա։  Յուրահատուկ տաղանդ է պետք մարդուն, որ կարողանա այդքան ծանրությունը ժպիտով հաղթահարի, հենց դրա համար միշտ հիացել եմ իրենով»։

Կենսախինդ տղան այսօր հարազատների սրտերում ապրում է իր տված խորհուդներով, որոնք Միլենան միշտ հիշում է ու հասկանում Արտյոմի մտքի խորոթյունը։

Զինվորը չափից դուրս նվիրված էր իր սկսած գործին, երբեք ոչինչ կիսատ չէր թողնում․ ծառայությունը ևս բացառություն չէր։

«Արտյոմը բանակ զորակոչվեց 2019թ-ի դեկտեմբերի 26-ին։ Ծառայության անցավ Կապանում, պատերազմի օրերին մարտնչել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Կռվին մասնակցել են Արցախի հարավային մասի ամբողջ ուղղությամբ ՝ Ջաբրայիլ, Իշխանաձոր, Կուբաթլու։ Եղել է Գրադի նշանառու։ Հրամանատարն ասում էր ՝ Արտյոմը շատ ուժեղ տղա է, իմ ամենաթանկ ընկերներից առավել թանկ է դառել կռվի օրերին. իրական հերոս է»։

2020 թ-ի հոկտեմբերի 18-ին Արտյոմը կռվեց հերոսաբար ու միացավ Ջաբրայիլի արծիվներին։

Միլենան անչափ հպարտ է, որ իր կյանքում երբևէ ճանաչել է Արտյոմի պես մարդու։ Նրա խոսքով՝ իրենց հավատարիմ ու անկեղծ ընկերությունը այսօր էլ շարունակվում է․ «Մենք միշտ ամեն հարցի կիզակետում ենք եղել ու հաղթել։ Արտյոմը իր պայքարելու կարողությամբ հաղթել է ամենքին ու հիմա հրեշտակի պես հսկում է մեզ։ Նա իր տեսակով առաջնորդ է, ու դա իր հերոսական սխրանքների մեջ ակնառու երևում է։ Պատերազմի օրերին մի քանի անգամ փրկվել է,  նայել է մահի աչքերին ու իր բազկի ուժով հաղթել։ Կռվել է  հայրենիքի, ընտանիքի ու ընկերների համար, դրանք իր խոսքերն են։  Երբեք չի տրտնջացել կռվից, հակառակը՝ ամեն երկրորդ բառի մեջ շեշտել է, որ մենք վաղուց ենք հաղթել կռվում։ Ոչ մեկ չի իմացել վիրավորումների, ցավերի ու վերքերի մասին։ Ողջ ընթացքում ինքնուրույն մշակել է դրանք, որպեսզի նույնիսկ չմտածեն իրեն թիկունք ուղարկելու ու կռվի դաշտը թողնելու մասին։ Կռվի օրերին կորցրել է մոտ զինակից ընկերոջն ու խոստացել վրեժն առնել։ Իր կյանքի գնով էլ հենց  կատարել է խոստումը։ Հիացմունքով, ափսոսանքով ու պատվով են խոսում ողջ մնացածները, որովհետև Արտյոմն էր իր կռվով ու տեսակով ուժ լիցքավորում բոլորին»։

Վերջերս Կապանի զորամասում հերոսների անունով հուշարձան կանգնեցվեց, Արտյոմն ու իր ընկերներն ունեն պատվարժան ու հաղթանակով լեցուն իրենց անվանական անկյունները, վերջին օրերին Ձորակապ գյուղում տեղի ունեցավ գյուղի հերոսների խաչքարի բացումն ու համադպրոցական միջոցառումը, որտեղ խոսվեցին Արտյոմի և մնացյալի հերոսական կռվի ու թողած հաղթանակի մասին։

«Ինձ ասում են, որ ժամանակը կբուժի ցավն ու մի օր կսկսեմ ուղիղ նայել կորստի աչքերին, բայց օր-օրի հավատս ավելի է մեծանում, որ մենք նորից հանդիպելու ենք։ Ես փողոցում ամբոխի մեջ էլ շարունակում եմ փնտրել խոսուն հայացքն ու հպարտ կեցվածքը։ Փնտրում եմ ու շարունակում սպասել… Դժվար էլ երբևէ հավատամ, որ չես գալու, ես ձեր տանը քեզ սպասում եմ, որ վերադառնաս ու միասին բերածդ գինին խմենք»։

Նելլի Իգիթյան

Կիսվել