Հայաստանի Երրորդ Հանրապետությունն այսօր նշում է անկախության 30-րդ տարեդարձը: 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը՝ իրականություն դարձնելով իր դարավոր երազանքը:
Անկախությունը յուրաքանչյուր հայի անուրանալի և մնայուն ձեռքբերումն է, բոլորիս նպատակների իրականացման և իղձերի մարմնավորման անխոս երաշխիքը, մեր լինելիության գրավականը:
Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ինչպես հաղթանակներ, հաջողություններ ու վերելքներ, այնպես էլ սխալներ ու բացթողումներ։ Այսօր էլ մեր երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ, որոնց դիմակայելն ու դրանք պատվով հաղթահարելը հնարավոր կլինեն միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությամբ ու աշխարհասփյուռ հայության միասնականությամբ։
Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս։
ԵՊՀ-ն շնորհավորում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակի կապակցությամբ և մաղթում, որ եռագույնով օծված ազատ ու անկախ Հայաստանի երթը հավերժ լինի, և խոնարհվում մեր դարավոր երազանքի կերտման ու պահպանման համար զոհված բոլոր նահատակների հիշատակի առջև։
Քնար Միսակյան
Սկզբնաղբյուրը՝ ysu.am