Ճանաչենք մեր հերոսներին. Կարեն Միրզոյան

Ճանաչենք մեր հերոսներին. Կարեն Միրզոյան

1258

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ արիաբար զովել է Կարեն Արթուրի Միրզոյանը։ Կարենը ծնվել է 2000 թ-ի դեկտեմբերի 23-ին, Մեղրու տարածաշրջանի քաղաք Ագարակում։ Կարենի  մարդասիրությունը միշտ գրավել է բոլորին։ Հերոս տղան սիրված էր բոլորի կողմից։

Կարենի մանկության և պատանեկության մասին զրուցել ենք քրոջ՝ Ալիսա Միրզոյանի հետ։

«Եղբորս՝ Կարենին տարել են դպրոց  հինգուկես տարեկանում։ Սեպտեմբերի 1-ին շատ էր ուզել տուն գալ, լացել էր։ Դասարանի ամենա փոքր երեխան  էր, հետո քիչ -քիչ հարմարվել է ու դարձել դասարանի ամենաճարպիկը։ 4-րդ դասարանում արդեն մենակ մեքենա էր վարում. ինքը ցածրահասակ էր, բարձր էր դնում տակը, որ տեսներ ճանապարհը: Մեր քաղաքում քշելիս մարդիկ կարծում էին՝ ղեկին մարդ չկա: 3 տարեկանից 2 ականի հեծանիվ էր քշում, 3-րդ դասարանից գյուղում մենակ ձի էր քշում, գյուղացիները վախենում էին»։

Ալիսան հպարտությամբ է պատմում եղբոր մասին ու հիշում, որ Կարենը դեռ ամենափոքր տարիքից էլ անվախ էր։

Ալիսայի ու Կարենի տարիքային տարբերությունը հինգ տարի է, բայց դա իրենց ջերմ հարաբերություններին երբեք չի խանգարել։ Էդպիսի հարց չի եղել, որ միմյանց չօգնեն․ «Եղբայրս ամենաընկերասեր, մարդամոտ, ազնիվ ու բարի մարդն էր, ում մասին կարելի է երկար խոսել։ Միշտ պատրաստ էր ամեն բան անել ընկերոջ համար։ Բոլորի հետ կիսվում էր, բոլորին օգնում։ Ագարակում բոլորի կողմից սիրված ու հարգված էր։ Կարենս իր համեստ ու ճիշտ պահվածքով միշտ է աչքի ընկել։»։

Մանկուց ճարպիկ տղան աչքի էր ընկնում սպորտի հանդեպ մեծ հետաքրքրությամբ։ Սիրել է ֆուտբոլ, միշտ առաջատար է եղել։ Երբեք չի սիրել հետին պլան մղվել, եթե մի բան ձեռնարկել է, լավ է արել․ «Կարենս անմնացորդ ու անասելի սիրով էր զբաղվում ֆուտբոլով։ Տարիներ անց քաղաքում ըմբշամարտի խմբակ բացվեց, ընկերներով որոշեցին այս սպրոտաձևում ևս կայանալ։ Խոստումնալից մարզիկ էր, մարզիչը շատ էր հպարտանում նրանով»։

Հերոս տղան խոստացել էր բանակից հետ գալուն պես շարունակեր մարզումները, բայց մինչ այդ ամենայն պատասխանատվությամբ զորակոչվեց բանակ։

2019թ.-ի հունվարի 25-ին ծառայության անցավ Ստեփանակերտի Ցոր զորամասում։ Ծառայությունից երբեք չի բողոքել, միշտ ասել է՝ ամեն ինչ շատ լավ է․ «Երբեք ոչ մի խոչընդոտի չի հանդիպել, բոլորին օգնում էր։ Միանգամից հարմարվեց ծառայությանը»։

Սեպտեմբերի 27-ից սկսած մարտնչել է ամենաթեժ կետերում՝ Հադրութում, Ֆիզուլինում, Քարին տակում և Շուշիում։

«Ոտքից վիրավորում էր ստացել, ինքն  իրեն բուժօգնություն էր ցույց տվել, վիրակապել ոտքը։ Անմահացավ  Շուշիի մատույցներում նոյեմբերի 7-ին։ Ընկերոջ  հետ  միասին վերջին փամփուշտը  իրենց  պահեցին. ամենաթեժ պահին գերդասեցին մահը ՝ գերությունից»։

Անմահ տղայի սխրանքը ցավի ու հպարտության իրական պատմություն է։ Նա գիտակցաբար զոհել է սեփական կյանքն ու կերտել գալիքի ճանապարհը բոլորիս համար։

«Երանի թե հնարավորություն ունենայի մեկ անգամ էլ տեսնել իրեն։ Ամուր կգրկեի ու կասեի, որ էլ երբեք ինձ մենակ չթողնի։ Իր գնալուց հետո դատարկություն է ամենուր։ Չկա մի բան, որով կարողանամ լրացնել իր բացակայությունը։ Այդ ամենի հետ մեկտեղ անասելի հպարտ եմ, որ հենց նա է իմ եղբայրը․․․»։

Նելլի Իգիթյան

3-րդ կուրս

Կիսվել