Տեղի ունեցավ հերոս Նարեկ Սերոբյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացումը

Տեղի ունեցավ հերոս Նարեկ Սերոբյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացումը

635

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Նարեկ Սերոբյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացումը: Ներկա էին  Նարեկի հարազատները, ընկերները, ուսուցիչները: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, Նարեկի մասին իրենց հուշերով կիսվեցին Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի և Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի ուսուցիչները:

Նարեկի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին՝ Տաթև Մանուկյանը, ասաց.

«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ ևս մեկ անգամ խոնարհում բերելու մեր հերոսին՝ Նարեկին: Նա կատարյալ մարդ էր, կատարյալ աշակերտ, ում հետ բախտ եմ ունեցել աշխատել: Երբ այստեղ էի գալիս, փորձում էի հիշել որևէ բացասական բնավորության գիծ կամ թերություն, սակայն չգտա. իրապես կատարյալ հայորդի էր: Բոլորս կարող ենք խոսել հայրենասիրությունից, ճառեր ասել, սակայն Նարեկը եկավ ապացուցելու, որ հայրենիքը պահում են գործով, այլ ոչ խոսքով»:

Նարեկն իր տեսակով տարբերվում էր հասակակիցներոց։ Միշտ ձգտում էր սովորել ավելին, իմանալ ավելին և զարգանալ։ Վիկիպեդիայում շուրջ 1500 նյութի հեղինակ էր: Շատ էր սիրում կարդալ, ամեն անգամ ծանրոց ուղարկելուց գիրք էր ուզում, երբ հարցնում էին, թե արդյոք ժամանակ ունի կարդալու, ասում էր՝ մարդ ամեն ինչի համար էլ ժամանակ կգտնի, ցանկություն է պետք ուղղակի։

Նարեկն ամեն ինչի համար ժամանակ գտնում էր․ վիկիճամբարական էր, սովորում էր ԹՈՒՄՈ-ի ծրագրավորման բաժնում:

54 ավագ դպրոցի փոխտնօրեն Լոլիտա Սոֆոյանի խոսքով Նարեկի հետաքրքրությունները բազմազան էին:

«Երբ նոր էր եկել, խորությամբ սկսեց ուսումնասիրել հայոց պատմություն առարկան, ասում էր՝ շատ է սիրում հայոց պատմությունը, ապա սկսեց հետաքրքրվել ՏՏ ոլորտով և փայլեց նաև բնագիտական հոսքում»,- նշեց նա:

«Հայրենասիրական ոգով սերված ու սնված Նարեկի պայծառ հիշատակը դեռ երկար վառ կմնա մեր դպրոցի ուսուցիչների և աշակերտների հիշողության մեջ: Այսօր նրա կրտսեր ընկերներին, որոնք դեռ մի քանի տարի առաջ էր, երբ նույն բեմից հանդես էին գալիս Նարեկի հետ, պատիվ է ընձեռնվել, այս միջոցառմանը մասնակցելով, խոնարհվելու Նարեկի հիշատակի առաջ»,-ասաց հասարակագիտության ուսուցչուհին՝ Էլմիրա Նահապետյանը:

Նարեկի հայրը՝ Արմեն Սերբյանը, ով միջոցառման ամբողջ ընթացքին հետևում էր արցունքն աչքերին, ասաց․

«Խոնարհվում եմ քո առաջ, որդի՜ս, այսօրվա  խաղաղ օրը մենք քեզ ենք պարտական։ Դու հավատարիմ մնացիր քո վեհ գաղափարներին, երդմանը և հայրենիքի պաշտպանության համար   չխնայեցիր անգամ կյանքդ»։

Ներկաներից յուրաքանչյուրը միջոցառմանը հետևում էր պատասխանատվության զգացմամբ՝ հերոսի կիսատ թողածը շարունակելու և հայրենիքին արժանի քաղաքացի լինելու ճիշտ այնպես, ինչպես Նարեկն էր։

Նարե Թորանյան

3-րդ կուրս

Կիսվել