Իրավաբանությունն ու մոդելինգը՝ համատեղ մասնագիտություններ

Իրավաբանությունն ու մոդելինգը՝ համատեղ մասնագիտություններ

761

 Յունիկ Կարապետյանը սովորում է Ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում, գործակցել է «Nadmarin», «The muse fashion», «4tysevenjewelry» ապրանքանիշների հետ: Մեզ հետ զրույցում խոսեց մասնագիտական ընտրության, մոդելային աշխարհ մուտք գործելու, ինչպես նաև անձնական գործակալ ունենալու մասին:

-Ինչու՞ որոշեցիք ընդունվել իրավագիտության ֆակուլտետետ։

-Ինձ համար մասնագիտության ընտրությունը կյանքի կարևորագույն փուլերից մեկի երաշխիքն ու գրավականն է։ Նախ մասնագիտություն ընտրելիս պետք է հաշվի առնել անձնական առանձնահատկությունները։ Ու քանի որ ինձ համարում եմ վճռական, համառ ու նպատակասլաց, գտա ինձ իրավագիտության մեջ։ Իրավագիտությունը անչափ հետաքրքիր ու անվերջ բացահայտելի ոլորտ է։

Ձեր մանկության երազանքներց էր հայտնվել մոդելային աշխարհում: Դուք Ձեր առաջին լուրջ քայլերը այս ոլորտում արել եք 2019 թվականի ամռանը՝ գործակցելով <<Nadmarin>> ապրանքանիշի հետ: Ինչպե՞ս ստացվեց համատեղ աշխատանքը։

-Մանկության մեծագույն երազանքս էր մոդել լինելը։ Գնալով սերն ավելի խորն էր  արմատավորվում, ուստի որոշեցի ավելի լրջորեն զբաղվել մոդելինգով։ Ինչպես նշեցիք, արդեն 2019-ի ամռանը լուսանկարվեցի “Nadmarin”-ի համար։ Կարծում եմ` ամենաանհաջող նկարահանումն էր երբևէ. ես անփորձ էի, հագուստն ու դիմահարդարումն էլ…Ինչևէ, մոդելային աշխարհն իր մեդալի հակառակ կողմով ինձ դուր է գալիս։

Նշեցիք, որ անփորձ էիք, բայց, այնուամենայնիվ, գործակցեցիք ու շարունակում եք գործակցել մի շարք ապրանքանիշների և ընկերությունների հետ: Ինչպե՞ս եք հաղթահարում այդ դժվարությունները:

-Կյանքի ժամանակային պայքարում կարևորում եմ առաջընթացն ու դրական փոփոխությունները։ Էլ ու՞մ է պետք կյանքը, թե պիտի միապաղաղ լինի։ Ես ամեն օր պիտի տեսնեմ սեփական առաջընթացս, որ արդյունավետ լինի օրս։ Ես ջիղ ունեմ իմ մեջ, համենայն դեպս շրջապատում ասում են, որ հայացքս, կառուցվածքս հետաքրքիր ու մոդելային են, քայլվածքս` հպարտ։ Հիմա կարող եմ վստահորեն ասել, որ լավ մոդել եմ։

Ձեր ինստագրամյան էջում նշել էիք, որ գործակցության հարցերով զբաղվում է Ձեր անձնական գործակալը, ինչո՞ւ որոշեցիք ունենալ գործակալ։

-Հայաստանում գործակալությունները լիովին չեն արդարացնում իրենց։ Սակայն ոլորտը պահանջում է ունենալ ավելի փորձառու մեկին, ով կօգնի ու կաջակցի քեզ։ Ահա թե ինչու որոշեցի ունենալ գործակալ։

-Ձեր և անձնական գործակալի միջև եղե՞լ են անհամաձայնություններ:

-Իրականում դեռ չենք հասցրել նորմալ համագործակցել, բայց ճանաչել եմ իրեն ավելի վաղուց. անխոս, հիանալի անձնավորություն է։ Մարդկային հաղորդակցության բոլոր կանոններին տիրապետում է, սիրում է իր աշխատանքը ու դինամիկ է։ Վստահ եմ ` իր հետ աշխատելը կդառնա իմ հաջողության գրավականը։

-Դուք նաև նկարահանվել եք «Թագակիրներ» պատմական ֆիլմաշարում և մարմնավորել եք հայոց թագուհիներից Զաբելին, ինչպե՞ս ստացվեց գործակցությունը:

-Իրականում, նկարահանումներից մեկի ժամանակ ինձ տեսել էր ռեժիսորի օգնականը, ում, ըստ երևույթին, դուր էր եկել կերպարս։ Հենց այսպես էլ ստացվեց առաջարկը։ Ապա գնացի քասթինգին, ու, ինչպես ֆրանսիացիները կասեն, voilà (ահա՛, հենց այդպես):

-Մոդելի՞գն, թե՞ իրավաբանություն:

-Այս հարցը ինքս ինձ շատ եմ տվել ու տալիս։ Կարծում եմ` եթե ընտրում ես կյանքի ուղի, ու դա անցնելու մեթոդ (նկատի ունեմ մասնագիտությունը), ապա պետք է լավագույն ձևով ինքնադրսևորվել։ Ուստի ուզում եմ ասել՝ երկուսն էլ կարևորում եմ։ Չեմ ուզում շտապել, ուզում եմ ապրել իմ մասնագիտություններով ու զգալ դրանց բերկրանքը։

Ստեֆանի Օհանջանյան

3-րդ կուրս

Կիսվել