«Եթե մարդկանց հետաքրքրում է գիրքը, նրանք գնում են դրա հետևից». գրադարանավարուհի Ռուզաննա...

«Եթե մարդկանց հետաքրքրում է գիրքը, նրանք գնում են դրա հետևից». գրադարանավարուհի Ռուզաննա Թանգյան

1007

Տեղեկատվական հեղաշրջումը մուտք գործեց նաև գրքերի աշխարհ, սրբագրեց ու խմբագրեց ընթերցանության ձևերը ու ապացուցեց՝ կարելի է ընթերցել նաև ոչ գրքից։ Բայց արդյոք նոր տեխնոլոգիաները նպաստեցին ընթերցանության աճին, նոր գրողները ու գործեր հայտնվեցի՞ն հայընթերցասերի գրքացանկում։ Այս հարցերի մասին խոսել ենք գրադարանավարուհի Ռուզաննա Թանգյանի հետ։ Նա աշխատում է Մասիսի կենտրոնական գրադարանում։

-7 տարուց ավելի է, որ աշխատում եք գրադարանում. ինչպե՞ս եք փորձում հասարակության շրջանում բարձրացնել գրքասիրությունը։

-Միշտ էլ կարևորվել է գրքերի հանրահռչակումը. մեր օրերում խնդիր է ընթերցողին գրքին և գրադարանին կապելը, խնդրին փորձել ենք լուծում տալ՝ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելով մերօրյա գրողների հետ։ Հրավիրել ենք գրադարան հեղինակների, նրանց գրքերի քննարկումներն ենք իրականացրել և այցելուների թվում ընդգրկել ենք աշակերտների։ Այս կերպ փորձել ենք գրողին և գիրքը կապել մարդկանց հետ և ընթերցասիրություն սերմանել։

Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը խոչընդոտ դարձավ գրքի և ընթերցողի միջև։ Կգա՞ արդյոք մի շրջան, որ էլեկտրոնային գրքերը ամբողջությամբ կփոխարինեն սովորական գրքերին։

-Չեմ կարծում, որ նման բան կլինի. իհարկե, ամեն դեպքում այդ միտումը կա, բայց վերջին մի քանի տարում ես ավելի շատ եմ տեսնում մարդկանց հետաքրքրությունը դեպի կենդանի գիրքը։

Բավականին արդիական է այն կարծիքը, որ նոր սերունդը հիմնականում նախընտրում է էլեկրտոնային գրականություն, և հետաքրքիր է, Դուք ի՞նչ կասեք այդ մասին։

-Իրականում, ինչ-որ տեղ համաձայն եմ, որ գրադարանը ընթերցողի պակաս ունի, բայց միևնույն ժամանակ, եթե մարդկանց իրապես հետաքրքրում է գիրքը, նրանք գնում են դրա հետևից ու ասեմ, որ երիտասարդության շրջանում հատկապես մեծ տարածում ունեն արտասահմանյան գրքերի թարգմանությունները, որոնք իսկապես գրավում է նրանց թե՛ թեմաների հոգեհարազատ լինելով, թե՛ մատչելի լեզվով։

Վերջերս բավական ակտուալ են դարձել գեղարվեստական գործի էկրանավորումը. այդ թվում են՝ «Քաոս»-ը, «Պատվի համար»-ը։ Այսպես հնարավո՞ր է խթանել ընթերցասիրությունը։

-Հիմանակում մարդկանց՝ հատկապես երիտասարդների շրջանում, առավել խթան են հանդիսանում այս կամ այն ֆիլմում հնչած գրքերի անունները, և նմանօրինակ գրքերի համար անգամ կարող են հերթեր լինել։

Իմ խորհուրդը ընթերցասերներին՝ կցանկանայի, որ ամեն մեկը կյանքում գտնի իր սեղանի գիրքը և այդ գրքից դուր եկած հատվածը բերի իր կյանք։

Անահիտ Քարամյան

3-րդ կուրս

Կիսվել