Սեպտեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով 441 համայնքներ միավորվելով կդառնան 38 խոշորացված համայնք։ Ընդհանուր Հայաստանում կլինի 79 համայնք, Երևանն էլ ներառյալ։
Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի տվյալների համաձայն՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի հեղինակները պնդում են՝ դրանք կունենան ավելի արդյունավետ կառավարման համակարգ՝ կայացած ավագանիով, ավելի մեծ ծրագրեր իրականացնելու և եղած գումարներով ավելի կարևոր ծառայություններ մատուցելու հնարավորություններով։
Սակայն սեպտեմբերի 22-ին խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ Կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո խոշորացվող շատ համայնքներում դժգոհություններ սկսվեցին։
Միավորումից դժգոհ համայնքների ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնից խնդրեցին հետաձգել օրենքի ընդունումը։ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի ներկայացուցիչ Էմիլիա Մարտիրոսյանը դժգոհում էր, որ հանրային լսումներ չեն արվել, համայնքների կարծիքը չեն հարցրել և օրենքը հապճեպ են ընդունում։
Սևանին միացվող Ծովագյուղի համայնքապետն էլ էր դժգոհ։ Համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը նշել էր, որ այս տարի 20 հազար բնակիչ ունեցող Սևանը 400 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացրել, դրանից 4 անգամ պակաս բնակչություն ունեցող Ծովագյուղը գրեթե նույնքան՝ 300 միլիոն դրամի, մինչդեռ կառավարությունում որոշել են, այդ երկու համայնքները միավորել։ Արդյոք իմաստ ունի կայացած Ծովագյուղը միացնել Սևանին։
«Եթե մենք Սևան քաղաքում ունենայինք 1 միլիարդ 500 միլիոն դրամի չափով ծրագիր, ես ընդունում եմ, որ խոշորացումը ճիշտ է, բայց այս դեպքում Ծովագյուղ համայնքը չի զարգանալու, զարգանալու է Սևան համայնքը, զարգանալու են քաղաքները, գյուղերը ոչ մի դեպքում չեն զարգանալու»,-նշել էր Գևորգյանը։
Այս պահին Հայաստանում 866 գյուղական համայնքներ կան, որոնց մեծ մասը 3000-ից պակաս բնակիչ ունի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում ասաց՝ իրենց ուսումնասիրություններով` այդ բնակավայրերում հնարավոր չի լինում համայնքի համար կարևոր որևէ ծառայություն մատուցել, շեշտեց՝ միավորվող գյուղապետարաններում առնվազն 2 աշխատակից կլինի, որոնք կշարունակեն զբաղվել փաստաթղթային ու այլ հարցերով։ Նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանում որևէ բնակավայր չի փակվելու, որևէ բնակավայրի անուն կամ ցուցանակ չի փոխվում։
«Այն բոլոր հարցերի համար, որ համայնքի բնակիչը գնում էր համայնքապետարան, շարունակելու է գնալ իրենց համայնքապետարան», – եզրափակեց նախարարը: Առաջիկայում նաև կվերանայեն համայնքների ղեկավարների աշխատավարձերը և կփոխեն մարզպետարանների բովանդակությունը։
Լուսինե Հենրիկի Հակոբյան
2-րդ կուրս