Սահմանամերձ Խաչիկ համայնքում դարձյալ աշխարհի ամենամեծ գաթան են թխել

Սահմանամերձ Խաչիկ համայնքում դարձյալ աշխարհի ամենամեծ գաթան են թխել

475

Սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ համայնքում անցկացվեց Գաթայի ամենամյա փառատոնը։ Մինչև փառատոնի սկիզբը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Ներկա էր Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ով շնորհակալություն հայտնեց Խաչիկ համայնքի բնակիչներին, ովքեր իրենց հյուրընկալ դռներն էին բացել այցելուների առջև։

Փառատոնի բացմանը «Կէան» կրթամշակութային հիմնադրամի կողմից ներկայացվեց ազգային երգ ու պարը, խոհանոցային ծեսերը։ Ելույթ ունեցավ նաև «Մասունք» ազգագրական պարային համույթը։ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի քահանա Տեր Հովհաննես Մաթևոսյանի կողմից կատարվեց աշխարհի ամենամեծ գաթայի օրհնության արարողությունը, որից հետո կտրվեց գաթան։ Այն բաժանվեց ներկա գտնվող բոլոր հյուրերին։ Գաթայի տրամագիծը այս տարի 4 մետր  50 սանտիմետր էր։ Այն 2017 թվականին գրանցվել է Դյուցազնագրքում՝ որպես աշխարհի ամենամեծ տրամագծով գաթա։ Գաթան պատրաստվել էր Խաչիկ համայնքի բնակիչների կողմից։ Տեր Հովհաննեսը ասաց, որ գաթայի շրջանաձև լինելը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժությունը։

Առանձին տաղավարներում Խաչիկ համայնքի բնակիչները ցուցահանդես-վաճառքով  ներկայացրեցին իրենց  պատրաստած ավանդական ուտեստները, բերքն ու բարիքը։ Համայնքի արհեստագործ վարպետները ցուցադրեցին և վաճառեցին իրենց պատրաստած հուշանվերները։ Գյուղի թոնիրներում անցկացվեց գաթայի, լավաշի և արիշտայի պատրաստման  վարպետաց դասեր։ Միջոցառման ժամանակ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը նշեց, որ 2014 թվականից իրականացնող փառատոնի շնորհիվ աճել է զբոսաշրջիկների հոսքը. «Բնակիչները մեծ ոգևորությամբ սպասում են այս օրվան։ Գյուղում արդեն հյուրատնային տնտեսությունն է սկսել զարգանալ»,- ասաց Հովիկ Սմբատյանը։

Փառատոնին ներկա գտնվող 62-ամյա ֆրանսիաբնակ Արմենուհի Ամիրխանյանը Journalist.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երեք տարի է, ինչ այցելում է Գաթայի փառատոնին. «Ես ինքս էլ շատ համեղ գաթա եմ պատրաստում, բայց Խաչիկ համայնքի գաթայի քաղցրությունն ու բույրը ինձ ստիպում է կտրել հազարավոր կիլոմետրեր այն ևս մեկ անգամ վայելու համար»,-ասաց նա։

Տեր Հովհաննես Մաթևոսյանի խոսքով՝ համայնքի 5-րդ դարի վանական համալիրը, 18-րդ դարի գյուղամիջյան եկեղեցին ճանաչում են գտել հենց այս փառատոնի շնորհիվ։

«Այս փառատոնը նաև հաղորդագրություն է մեր ոչ բարեկամ հարևանին, որ մեր կյանքը շարունակվում է»,-ասաց Տեր Հովհաննեսը։

Խաչիկ համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հայտնած տվյալների համաձայն՝ փառատոնը անց է կացվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ «Արենի փառատոն» հիմնադրամի նախագծի կառավարիչ Անի Մավյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գաթայի փառատոնին կհաջորդի Արենի գինու փառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Արենի համայնքում։

Քրիստինե Թորոսյան

2-րդ կուրս

Կիսվել